ԿարևորՀասարակություն

Երթուղայինների վարորդները կարող են օգտվել աջակցության որևէ ծրագրից․ նախարար

Հարկադիր պարապուրդի մատնված երթուղայինների վարորդները Երևանում բողոքի ցույց են իրականացրել։ Արտակարգ դրության օրերին տրանսպորտի գործունեությունը սահմանափակելուց հետո նրանք անգործ են մնացել։ Վարորդները դժգոհել են, որ կառավարության աջակցության ծրագրերից որևէ մեկն իրենց վրա չի տարածվել։

Երթուղային տաքսիների ավելի քան 250 վարորդ այսօր բողոքի ակցիա է արել:  Արտակարգ դրության ընթացքում նրանք   հարկադիր պարապուրդի են մատնված ու   ներգրավված չեն կառավարության սոցիալական ծրագրերում: Եթե հարցին լուծում չտրվի, ապա վարորդները  որոշել են  բողոքի ակցիա իրականացնել արդեն  կառավարության  շենքի դիմաց։

Նշենք, որ  բողոքի ակցիային մասնակցում են «ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի 10-ից ավելի երթուղիներ սպասարկող վարորդները։

 «Դիմել ենք քաղաքապետարանին, կառավարությանը, պարետատանը։ Դիմել ենք դեռ այն ժամանակ, երբ աշխատանքը կասեցված չէր։ Հիմա էլ պատրաստվում ենք նորից դիմել, որ հասկանանք՝ ինչ անել», — ասաց վարորդներից մեկը:

Վարորդներից մյուսն էլ ասաց, որ դիմել են իրենց  տնօրինությանը աջակցություն ստանալու համար, բայց նույն  պատասխան են  ստացել` երբ կառավարությունն աջակցություն տրամադրի, իրենք կստանան։

 «Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ վիճակ է ստեղծված, շնորհակալ ենք բժիշկներին, չենք ուզում իշխանությունների համար խնդիրներ ստեղծել։ Մեր խնդիրն այն չէ, որ այսօր ավելի շատ խնդիրներ ավելացնենք։ Ուզում ենք հասկանալ, թե ինչ աջակցություն մենք կարող ենք ստանալ, մենք էլ ստանանք։ Մենք գրանցված, օրինական աշխատող ենք, հարկային վճարումներ ենք կատարում, ուզում ենք հասկանալ, թե որ ծրագիրն է մեզ վրա էլ տարածվում, գումարը ստանանք, օրվա հացի փողն ունենաք»։ 

Այս խնդրին այսօր անդրադարձել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը. «Վարորդների համար՝ որպես առանձին խումբ, սոցաջակցության ծրագիր չկա»։

Նախարաը շեշետեց, որ վարորդները կարող են օգտվել սոցաջակցության որևէ ծրագրից, եթե համապատասխան խմբի շահառու են։

Back to top button