ԿարևորՀասարակություն

ԱԺ-ում կրկին հիշել են Հրայր Թովմասյանին

Մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներն ու նրանց տեղակալները պետք է  հայտարարագրեն իրենց եկամուտն ու ունեցվածքը: Կարգավորումն առաջարկող նախագիծն այսօր խորհրդարանը քննարկել է վերջին՝ երկրորդ ընթերցմամբ: Նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է: Սա այն եզակի նախագծերից է, որի շուրջ համաձայնություն կա երեք խմբակցությունների և կառավարության միջև:

Միաժամանակ ԱԺ լիագումար նիստերի օրակարգից այսօր դուրս են մնացել ԼՀԿ մի քանի այլ օրենսդրական նախաձեռնություններ: Ընդհանուր առմամբ օրը խորհրդարանում «դատաիրավական» էր: Ոլորտը կարգավորող նախագծերից մի քանիսի քննարկումը  թեժացրել է մթնոլորտը՝ հասնելով քաղաքական մեղադրանքների ու սպառնալիքների:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գործող իշխանությանը հորդորում է չնմանվել Հրայր Թովմասյանին, չմեկնաբանել օրենքներն այնպես, ինչպես ժամանակին դա արել է  Հրայր Թովմասյանը: Խոսքն այն մասին է, թե ձերբակալված և կալանավորված անձանց դեպքում իրավաբանորեն ով ինչպես է հասկանում «այցելություն» և «տեսակցություն» ձևակերպումները այն դեպքում, եթե քննիչը «տեսակցելու» արգելանք է դնում: Մարուքյանը հիշում է, որ 2010 թվականից՝ Հրայր Թովմսյանի արդարադատության նախարար դառնալուց հետո են պատգամավորները խնդիրների բախվել, երբ փորձել են այցելել այն ձերբակալվածներին և կալանավորվածներին, որոնց դեպքում «տեսակցելու» արգելանք է կիրառվել:

«Հարցը հետևյալի մասին է՝ պատգամավորը որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչ, մտնում է քրեակատարողական համակարգ, ծանոթանում է պահման պայմաններին, խոնավությանը, օդին, լուսավորությանը, տեսնում է՝ կալանավորը ինչ վիճակում է գտնվում իր խցի մեջ: Այս բոլոր իրավունքներն ունեցել ենք մինչև 2010 թվականը: Հարց տվեք ինձ՝ ինչո՞ւ հիմա չունենք:  Որովհետև դուք մեկնաբանում եք այնպես, ինչպես Հրայր Թովմասյանը: Ցանկացած ոք, ով այս նորմը մեկնաբանում է ինչպես նա, ինձ համար Հրայր Թովմասյան է:  Էն ժամանկ ես և Նիկոլը ասում էինք, հարգելի հանրապետականներ, վաղը մյուս օրը իշխանափոխություն կլինի, քրեական գործեր կհարուցվեն, ձեզ կնստացնեն և դուք կարիք կունենաք, որ մենք այցելենք ձեզ, ասում էին՝ չէ, չլինի: Եվ այդ ձևով մերժում էին: Սա ինձ մոտ դեժավյու է առաջացնում: Ինչ եմ ուզում ասեմ՝ դուք էլ եք իշխանություն։ Թողեք ձեզ այցելենք, այ ձեր ցավը տանեմ»,- ասաց Մարուքյանը

«Այդ մեզ սպառնո՞ւմ եք»,- միջամտեց Արարատ Միրզոյանը։

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» գործող օրենքում լրացումներով  «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունը փորձել է լուծել «այցելություն» և  «տեսակցություն» ձևակերպումների տարընկալմանև կամայական մեկնաբանման հնարավորությունը: Գաղափարին դեմ չեն եղել  խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը:

Աշխատել են միասին և ներկայացրել առաջարկներ, բայց հեղինակը դրանք չի ընդունել: Արդյունքում՝ վերջին ընթերցմանը իշխանական ուժը դեմ է նախագծին:

«Լուսավորականների» ելույթներին «Իմ քայլը» խմբակցությունից պատասխանում է Սուրեն Գրիգորյանը, իսկ արդարադատության նախարարության անունից՝ փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Սուրեն Գրիգորյան․ «Պարոն Մարուքյան, փայլուն մանիպուլյատոր եք իրականում: Երբ առաջարկը պետաիրավականի նիստում մերժվում էր, բոլորը զարմանում էին, թե ինչո՞ւ, բոլոր ձեր ասած խնդիրները փակվում էին: Հիմա հասկացանք՝ ինչու եք մերժել: Մերժել եք, որ այ սենց ելույթ ունենաք, դուրս գաք մեզ մեղադրեք Հրայր Թովմասյանի վարած քաղաքականությունը շարունակելու մեջ, որովհետև դուք չունեք նպատակ, որ լավ նախագիծ ընդունվի, դուք ունեք նպատակ, որ այս սենց ելույթ ունենանք և գործող իշխանությանը ներկայացնեք իբրև Հանրապետական կուսակցության հետևորդ »:

Սրբուհի Գալյան«Մենք կարող ենք արձանագրել, որ ձեր խմբակցությունում են հակասությունները: Ես ֆիքսել եմ, որ ձեր նպատակը՝ նախագծում նման կարգավորումներ առաջարկելու , այն է, որպեսզի պատգամավորը կարողանա անարգել տեսնել այն կալանավորված անձին, ում վերաբերյալ առկա է  վարույթն իրականացնող մարմնի որոշում: Դուք սկզբում ասել եք՝ այո, հետո եկել, ասել եք, որ ոչ՝ ձեր պայմանը հենց առանձին, մեկուսի պայմաններում տեսակցությունն է: Մեր առաջարկը միտված է եղել ձեր սկզբնական նպատակը իրագործելուն, և դա դուք չեք ընդունել: Տպավորություն է ստեղծվել, որ չեք ընդունել, որ գաք հիմա ասեք նման բաներ»

Այս նախագիծը վերջին ընթերցմամբ քվեարկության է դրվելու վաղը: Առաջին ընթերցմամբ նախագծին իշխանական պատգամավորները կողմ են եղել , բայց վաղը, ամենայն հավանականությամբ, դեմ են քվեարկելու: Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները միաժամանակ իրենց ելույթներում շեշտեցին, որ նախագիծը պետք է կրկին բերվի  այն տեսքով, որով նախապես իրենք էին պատկերացնում:  

Back to top button