ԿարևորՎերլուծական

Ի՞նչ շփում է եղել Երևանի և Անկարայի միջև և ինչո՞ւ է թուրքական կողմը շահարկում այն

Արդեն մի քանի օր է թուրքական մամուլը, հղում անելով երկրի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությանը, գրում է, թե  նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը: 

«Հայաստանն ու Իսրայելը հայցել են Թուրքիայի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում», -ապրիլի 11-ին գրել էր թուրքական  Dailysabah պարբերականը՝ մեջբերելով Թուրքիայի նախագահ Իբրահիմ Քալընի հայտարարությունy: 

«Այստեղ մենք տարբերություն չենք դնում և չենք դնելու երկրների կամ տարածաշրջանների միջև՝ անկախ մեր քաղաքական հարաբերություններից»,- պարզաբանել է Էրդողանի խոսնակը, շարունակելով, որ մոտ 100 երկներից նման խնդրանք են ստացել և կփորձեն բավարարել դրանք։

«Եկեք մեղմենք, եկեք կիսենք ցավը: Սա գլոբալ խնդիր է: Գլոբալ խնդիրները կարող են լուծվել միայն գլոբալ համագործակցության միջոցով», — ավելացրել է նա:

Հայաստանի ԱԳՆ-ն այսօր պարզաբանել է, թե ինչն է Անկարան Հայաստանի կողմից որպես  աջակցության խնդրանք մատուցում։  «Ռադիոլուրի» հետ զրույցում, ինչպես նաև`  պաշտոնական հայտարարությամբ, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է․

«Հայաստանի կողմից շարունակական ջանքեր են ձեռնարկվում այսօր դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հատկապես այն երկրներից, որտեղ լայն տարածում է ստացել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն իսկ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ»:

Նաղդալյանի խոսքով՝  թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով:

«Հարկավոր է նշել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում»,- նշել է Նաղդալյանը, հավելելով, որ ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը։

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը, մեկնաբանելով Անկարայի քայլը, փաստում է, որ  խոսքն ընդամենը ՀՀ քաղաքացիների տեղափոխման հետ կապված սովորական համագործակցության մասին է, որը Թուրքիան փորձում է մատուցել որպես օգնության ձեռք մեկնելու խնդրանք։ 

«Դա նույնն է, որ ՀՀում գտնվող Թուրքիայի քաղաքացիները ցանկանան վերադառնալ Թուրքիա, Թուրքիան իր համագործակցությունն առաջարկի Հայաստանի պատկան մարմիններին, որպեսզի  իր քաղաքացիներին դուրս բերի, իսկ Հայաստանը այնուհետև հայտարարի, որ Թուրքան օգնություն  է ակնկալում Հայաստանից։ Ունենք այն, ինչ ունենք, և թուրքական դիվանագիտությունը ստի վրա հիմնաված միֆ է»,- ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե ինչ քաղաքական նպատակ է հետապնդում Անկարան՝ խեղաթյուրելով իրականությունը, թուրքագետը նշեց.

«Էրդողանը փորձում է ապացուցել իր հասարակությանը, որ իրենք  այնքան բավարարված են  բժշկական պարագաներով, կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ սարքավորումներով, որ նույնիսկ պատրաստ են Հայաստանին օգնել։Նույնաբովանդակ առաջարկ Էրդողանն  օրերս արել էր Ստամբուլում Հայոց պատրիարքի միջոցով։  Երկրորդ պատճառն այն է, որ Էրդողանը իր համար դաշտ է ձևավորում՝ աշխարհաքաղաքական դիրքավորման տեսանկյունից օգտագործելու և ի ցույց դնելու, որ չնայած Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել»։

Սա, ի դեպ, վերջին օրերի միակ սկանդալային միջադեպը չէ։ Անկարային խիստ վրդովվեցրել էր Չինաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրա արված գրությունը՝ «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, և ավելի երկար, քան Յանցզի գետը»։

Թուրքական իշխանությունները պատասխան են պահանջել Չինաստանից։ Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ դեսպանն ասել է, որ Հայաստան ուղարկված օգնությունը պատրաստվել է կառավարության կողմից և Երևան ուղարկվել մասնավոր ընկերության միջոցով։

ՀՀ ԱԳՆ խոսնակն այսօր, մեկնաբանելով Չինաստանից պարզաբանում պահանջելու, Անկարայի մղումը նշել է, որ երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը հատկապես ափսոսանքի է արժանի:

Back to top button