ԿարևորՀասարակություն

Փրկենք համազգեստի պատիվը

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի՝ հայոց բանակի համազգեստով  ֆեյսբուքյան ելույթը, ինչպես ընդունված է ասել, ցնցել է  համացանցը։ Տեսանյութի հրապարակումից հետո  կարծեք կրկին օրակարգային  է դարձել  զինվորական համազգեստի պատիվը  պաշտպանելու հարցը։  Որքանո՞վ է խնդիրը կարգավորված իրավական հարթության մեջ, բարոյականության դաշտում ի՞նչ ունենք անելու։

Համացանցը երեկ ողողված էր տեսնյութով ու լուսանկարներով, որտեղ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը պարում է հայոց բանակի համազգեստով։ Արձագանքը, մեղմ ասած,  խիստ բացասական էր։ Մինչ խնդրի բարոյական կողմին անդրադառնալը` նախ փորձեցինք պարզել՝ արդյո՞ք զինվորական համարզգեստը ինչ-որ կերպ պաշտպանված է օրենքով ու կանոնադրությամբ։ Ինչպես ՀՀ ՊՆ-ից, այնպես էլ Ռազմական ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան արձագանքեցին հակիրճ ու միայն բանավոր՝ գոյություն ունեցող կարգավորումները վերաբերում են միայն զինվորականներին։

Իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելիքյանը ևս հաստատեց նույնը, բայց մանրամասնեց․

«Որքան ինձ հայտնի է, կարգավորումը հետևյալն է․ զինվորականների համար նախատեսված են հատուկ կանոններ, և եթե զինվորականները խախտում են համազգեստը կրելու կանոնները, ապա ենթարկվում են պատասխանատվության։ Օրինակ՝ հաճախ է պատահում , որ համազգեստի մաս հանդիսացող գլխարկը չեն կրում,  պատշաճ տեսքի չի լինում համազգեստը և այլն։ Տվյալ պահին զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց մասով խնդիրը կարծեք կարգավորված է, լավ կամ վատ՝ չեմ կարող ասել»։

Ըստ Մելիքյանի՝ այստեղ խնդիրն  այլ է, և այն վերաբերում է այն անձանց, որոնք համազգեստ են կրում՝ չլինելով  զինծառայող, ինչպիսին օրինակ շրջանառվող նյութի հերոսն է։ Միջադեպին Ռուբեն Մելիքյանն անդրադարձել էր նաև ֆեյսբուքյան գրառմամբ՝ առաջարկելով  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ամրագրել ՀՀ Զինված ուժերի կամ Արցախի Պաշտպանության բանակի համազգեստը զինծառայող չհանդիսացող ու երբևէ չհանդիսացած անձի կողմից կրելու արգելք՝ համապատասխան վարչական տույժով։

Ըստ Մելիքյանի՝ քննարկելի է նաև քրեական օրենսգրքով՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանք ամրագրելու տարբերակը։

«Իմ պատկերացմամբ՝ զինվորական համազգեստը, որպես պետության յուրօրինակ խորհրդանիշ, կարող է լրացուցիչ պաշտպանության ենթարկվել  օրենքով»։

Առանց իրավունքի համազգեստ, եւ կոնկերտ, զինվորական համազգեստ կրելը պետք է ոչ միայն հակաբարոյական, այլև հակաիրավական լինի, կարծում է  Մելիքյանը։ Խնդրի բարոյական կողմը գնահատելու համար, ըստ նրա, բավական է միայն հետևել հանրության բացասական արձագանքներին, ընդ որում՝ ոչ միայն երեկվա հրապարակված նյութի վերաբերյալ, այլև բոլոր այն դեպքերում, երբ ոչ զինվորականները, այդ թվում նաև պաշտոնյաներ,  դիրքեր են բարձրանում զինվորական համազգեստով։ 

Հանրության խիստ բացասական արձագանքը հիմնավոր է համարում նաև հոգեբան Կարինե Նալչաջյանը, քանի որ, ինչպես նշում  է, հայոց բանակի համազգեստը խորդրդանիշ  է, որը պարտավոր ենք հարգել։

«Խորհրդանիշերը բանական մարդու կյանքում շատ կարևոր նշանակություն ունեն և զուգորդվում են կարևոր գաղափարների հետ։ Տվյալ դեպքում՝ զինվորական համազգեստը ևս խորհրդանիշ է, որը միանգամից մեզ տանում է դեպի բանակ, պաշտպանվածություն, անվտանգություն, նաև իհարկե՝ առնականություն»,- ասում է հոգեբանը։

Հրապարակված նյութը,  ըստ նրա, ոչ այլ ինչ է, եթե ոչ անարգանք այս ամենի հանդեպ, միաժամանակ արժեզրկման՝ մեզանում գոյություն ունեցող միտումների բաղկացուցիչ մաս՝ անկախ նրանից՝  երիտասարդը դիտավորյալ է փորձել վարկաբեկել համազգեստը, թե ոչ։ Նման դրսևորումների հոգեբանական հետևանքների մասին խոսելիս, Նալչաջյանը նշում է՝ առաջին դրսևորումն իհարկե զայրույթն է, սակայն դա այն դեպքում , երբ խոսքը վերաբերում  է ձևավորված, հասուն մարդուն։

«Բայց մենք գիտենք, որ այս ամենը նայում են նաև դեռահասները, որոնց համար սա կարող է նույնացման մոդել հանդիսանալ։ Սա բացասական է բոլոր իմաստներով, չի կարելի ձեռք տալ բանակին։ Սա ես համարում եմ  վարկաբեկիչ մի բան զինվորականի, զինվորական համազգեստի ու, ընդհանրապես, առնականության նկատմամբ»,- ասաց Նալչաջյանը։

Հրապարակված նյութն ու նման դրսևորումներն առհասարակ անարգում  են այն տղաների հիշատակը, որոնք նույն համազգեստով կռվել ու կյանք են զոհել հանուն հայրենիքի, կարծում է հոգեբանը։  Ի դեպ, մենք թեմայի շուրջ զրուցելու նախնական պայմանավորվածություն էինք ձեռք բերել  ԱԺ  պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Գևորգ Գորգիսյանի ու Արմեն Խաչատրյանի հետ, սակայն հետագա մեր բոլոր հեռախոսազանգերը որևէ արձագանքի չարժանացան։ Երևի պատճառը ԱԺ արտահերթ նիստն էր։

Back to top button