ԿարևորՀասարակություն

Սահմանափակումներն էֆեկտիվ են եղել․ Ավինյան

ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունը մինչեւ մայիսի 14-ը շարունակվելու է։ Կառավարության որոշումը ԱԺ հատուկ նիստում հավանության արժանացավ։ Կառավարությունն այսօրվա իր արտահեր նիստում է որոշում ըդունել 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը:

Արտակարգ դրության հարցն իր հատուկ նիստում քննարկեց խորհրդարանը՝ հավանություն տալով կառավարության որոշմանը։ Նոր որոշման հետ կապված տարբեր մեկնաբանություններ կային։ Դրանք քննարկվեցին նաեւ ԱԺ այսօրվա հատուկ նիստում։

Արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու կառավարության որոշման հարցով խորհրդարանում հիմնական զեկուցողը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր:  

«ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ դրության վերաբերյալ որոշումը երկարաձգել, քանի որ չեն վերացել  այն հիմնական պատճառները, որոնք որ հիմք են հանդիսացել արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարմանը»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը խոսեց մինչ այժմ ձեռնարկված միջոցառումների մաին, գնահատեց դրանց արդյունավետությունը՝ ներկայացնելով հիմնական եզրահանգումները։   

«Խիստ սահմանափակումների արդյունքում մենք ունեցել ենք մի պատկեր, որը մեզ ապացուցել է, որ սահմանափակումները էֆեկտիվ են եւ մեր հիմնական եզրակացություններն են եղել, որ վարակի տարածման ինտենսիվության գործակիցը մարտի 23-ի շրջանում կազմել է 1,2-1,3։ Մարտի 23-ից կիրառված սահմանափակումներից հետո, մարտի 31-ին՝ կազմել է 0,8 -09։ Սահմանափակումների արդյունքում նվազել է բնակչության տեղաշարժը։ Սահմանափակումների պահպանման հարցում բնակչության կողմից նկատելի են եղել բազմաթիվ խախտումներ, վերահսկողական կարողությունները ավելացվել են եւ շարունակաբար ավելացվելու են։ Հաշվի առնելով, որ սահմանափակումների իրական արդյունքները վարակի տարածման տեսանկյունից  հնարավոր է լինում գնահատել առնվազն մեկ շաբաթ տարբերությամբ՝ անհրաժեշտ է դրանց հետագա պահպանումը»։

Ավինյանին պատգամավորներն ավելի շատ հարակից հարցեր  ուղղեցին՝ տնտեսության հետ կապված մտահոգություններից բխող, քան բուն արտակարգ դրության երկարացման անհրաժեշտությանը վերաբերող։

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը գործընկերներին հորդորեց դրանք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստին պահել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, այնուամենայնիվ, նշեց, որ տնտեսական որոշ տեսակների աշխատանքը կրկին թույլատրվում է։

Ասաց, որ մեր երկրում մահճակալային պայմաններում կարող են հիմա սպասարկվել կորոնավիրուսով վարակված 1700 հիվանդ։ Եթե վարակման տեմպը արագանա՝ կլինի վերադարձ խիստ սահմանափակումների, իսկ եթե բարենպաստ ընթանա՝ սահմանափակումները կհանվեն, պարզաբանեց նա։

Մինչ խորհրդարանի հատուկ նիստում արտակարգ դրության երկարացման որոշման քննարկումը, այն կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում էր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ պարզաբանեց, թե ինչո՞ւ է անհրաժեշտ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելը.

«Շատ կարևոր է արձանագրել, որ զուտ համաճարակային թվերի առումով մենք այս պահին անկառավարելի իրավիճակ չունենք, բայց պետք է արձանագրենք մի շատ կարևոր ռիսկ, որի առաջ մենք գտնվում ենք: Պարետի որոշմամբ թույլատրվել է տնտեսական որոշ տեսակների գործունեությունը, ինչը բերում է ռիսկի, որ թվերը կսկսեն աճել, եթե մեր քաղաքացիները հնարավոր ամենախիստ ձևով չպահպանեն համաճարակային անվտանգության կանոնները»:

Արտակարգ դրության ռեժիմը պետք է պահել, որ պարետատունը իրավիճակներին օպերատիվ արձագանքելու հնարավորություն ստանա՝ շեշտեց վարչապետը։ Իրավաչափության առումով արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որեւէ խնդիր չկա։ 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց նաեւ, որ հանվում են է ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված սահմանափակումները՝ համաճարակի վերաբերյալ տեղեկություններ տարածելիս։

«Եթե հետագայում մոնիթորինգը ցույց կտա, որ, այսպես կոչված, «ֆեյքային» նորությունները լայն ծավալում կստանան, մենք կառավարության որոշմամբ կարող ենք վերադառնալ եւ կիրառել նույն սահմանափակումները»,- ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։   

Վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Եթե հանկարծ կտեսնենք դրսևորումներ, որ ռիսկեր են առաջանում, Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կիրականացնենք և վերջին գործող ռեժիմը կվերականգնենք»։

Նույն որոշմամբ ԴԱՀԿ ծառայությանն արգելվում է կայանատեղիներում կայանելու տեղական տուրքը չվճարելու համար կիրառված վարչական վարույթներով, ինչպես նաեւ ՃՈ-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով արգելանքի կիրառումն արտակարգ դրության ամբողջ ժամանակահատվածում։ 

«Ժամանակահատվածի ավարտից հետո արգելանքները, բնականաբար, սովորական կարգով  կիրառման ենթակա կլինեն»,- ասաց Արդարադատության նախարարը։

Արտակարգ դրության ժամանակահատվածում հնարավոր կլինի նաեւ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքի ժամանակավոր սահմանափակում, եթե դա բխում է արտակարգ դրության ռեժիմն իրականացնելու միջոցառումներից, օրինակ՝ հիվանդներին կամ ռիսկային խմբում գտնվող անձանց որեւէ տարածքում տեղակայելու անհրաժեշտությունից։ 

Back to top button