ԿարևորՀասարակություն

Ովքեր են գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծրագրի շահառուները

Հունվար-փետրվարը գազի կամ էլեկտրաէներգիայի խոշորագույն սպառման ամիսներն են։ Կառավարությունը կվճարի հենց ցուրտ ամսվա սպառած գազի կամ էլեկտրաէներգիայի վարձավճարի կեսը։

Նորայր Մանուկյանը Արտաշատի Այվազովսկի փողոցում է  բնակվում։ Նա հատկապես ձմռանը  գազ ու էլեկտաէներգիա քիչ է  սպառում։

«Փետրվարին հոսանքը 2 հազար դրամ եմ վճարել, գազը` 5 հազար դրամ։ Ամռանը մի քիչ շատանում է, տունը ցախով ենք տաքացնում։ Այսօր վճարել եմ մարտին սպառած հոսանքի գումարը 2500 դրամ, և գազը՝ 5 հազար դրամ»,- ասում է։

Շուրջ 220  հազար բնակիչ-բաժանորդ փետրվար ամսվա  սպառած գազի կամ էլեկտրաէներգիայի  50 տոկոսի չափով փոխհատուցում կստանա։  Շահառուներն այն քաղաքացիներն են, որոնց ձմռան վերջին ամսվա ընթացքում      բնական գազի սպառման գծով ծախսը չի  գերազանցել 10 000 ՀՀ դրամը, իսկ էլեկտրաէներգիայի սպառման գծով` 5 000 ՀՀ դրամը:

Նորայր Մանուկյանը «Ռադիոլուրից» տեղեկացավ, որ կառավարությունը որոշել է փոխհատուցել սպառած գազի ու էլեկտրաէենրգիայի 50 տոկոսը։ «Լավ է, վատ չէ։ Իհարկե, օգուտ է»,- ասում է։

Գումարը կփոխանցվի  ավտոմատ։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հստակեցրեց. «Միջոցառումը վերաբերում է շուրջ 220 հազարի։  Համարենք, որ  մեկ բաժանորդը մոտ 3 բնակիչ է, ապա կվերաբերի մոտ 660 հազար քաղաքացու»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի տեղեկացմամբ, փետրվարը պատահական չեն ընտրել․ ամենաշատ գազ ու էլեկտրաէներգիա հենց  հունվար- փետրվարին է սպառվում, ուստի  կոմունալը վճարած քաղաքացիների  համար գումարը որպես կանխավճար կլինի։ «Կդիմենք  ՀԾԿՀ- ին, մեկ երկու օրվա ընթացքում վճարումները կիրականացվեն»,- ասում է փոխվարչապետը։

Ակնհայտ է, որ ծրագրից հիմնականում կօգտվեն սոցիապալես անապահով ընտանիքները, չնայած նախագծում նման հստակեցում չկա։ Սակայն, վարչապետը հիշեցրեց, այս ընտանիքները կարող են սոցիալական աջակցության այլ ծրագրերից նույնպես  օգտվել։  

«Բնականաբար ովքեր վճարել են, կանխավճարի աջակցության փաթեթով ավելի շատ կզգան աջակցության ծավալը, քանի որ  հաջորդ վճարումն ավելի քիչ է  լինելու… Սա հավելյալ միջոցառում է, որը ուժեղացնում է մյուս միջոցառումները։ Այդ նույն քաղաքացին կարող է մյուս ծրագրերից նույնպես օգտվել»,- ասում է Փաշինյանը։

Վարչապետը նաեւ հստակեցնում է, թե ինչու են 50, այլ ոչ թե 100 տոկոսով են փոխհատուցում։ «Հայաստանում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա։ Մենք ուզում ենք այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի այդ կուլտուրային չվնասենք։ Այդ նպատակով էլ 50 տոկոսով ենք վճարում ծախսերը»։

Սա կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ  ծրագիրն է։ 

Back to top button