ԿարևորՀասարակություն

Նոր առաջարկներ` վատագույն սցենարը կանխելու համար. ԱԺ արտահերթ նիստը

Այսօր կառավարության առաջարկով և սահմանված օրակարգով գումարվել է Աժ արտահերթ նիստ՝ երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար: Երկուսն էլ կապված են կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի հետ։ Նախ՝ դեղերի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների համար 4 ամսով երկարաձգվեց նոր լիցենզավորման կարգը:

Այն պետք է ուժի մեջ մտներ ապրիլի 15-ից, այժմ՝ նոր ժամկետը օգոստոսի 15-ն է: Երկրորդ օրենքով գործադիրը և օրենսդիրը իրավական հիմքեր ստեղծեցին ոչ պրոֆիլային հիվանդանոցները համավարակի պայմաններում COVID-19-ի դեմ պայքարում ներգրավելու համար:  Ասել է, թե ավելացվում է մահճակալային ֆոնդը:

Հարցը խորհրդարանում ներկայացրել է առողջապահության փոխնախարարը: Նա հիշեցրել է, որ կորոնավիրուսային հիվանդության բուժումն ամբողջովին պետպատվերի շրջանակներում է իրականացվում: Թեև հիվանդների մեծ ծավալը Երևանում է, բայց մարզերի բուժհաստատությունները ևս ներգրավված են աշխատանքներում:

COVID-19-ի դեմ պայքարի համար պետությունը փորձում է ստեղծել լրացուցիչ մահճակալային ֆոնդ և վերապատրաստված նոր մասնագետների բազա: Վերապատրաստվող մասնագետների ցանկանում անգամ ընդգրկվելու են կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողները: Կառավարության անունից այս առաջարկներով Աժ էր գնացել առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Համազասպ Դանիելյան. «Սա արվում է ապագայում զուտ կարգավորում ունենալու համար, որ վատագույն սցենարի դեպքում պատրաստ լինե՞նք,  թե իրավիճակն այնպես է, որ արդեն նման կադրերի կարիք ունենք»:

Անահիտ Ավանեսյան. «Մենք փորձում ենք մեկ քայլ առաջ մտածել և պատրաստ լինել ավելի ու ավելի մեծ քանակությամբ պացիենտների սպասարկմանը: Եվ այո, մենք ուզում ենք ունենալ կարգավորումները, պատրաստել տվյալ բժշկական կազմակերպություններին, ունենալ բոլոր իրավական հիմքերը դրա համար և պատրաստ լինել բոլոր իրավիճակներում: Ցավոք սրտի, շատ բարդ է անել որևէ կանխատեսում: Մենք պատրաստվում ենք վատագույն սցենարների, մտքում ունենալով, որ չենք ունենա այդ սցենարները:  Բայց ամեն ինչ պետք է անենք լինելու պատրաստ և  բոլոր մեր ռեսուրսները մոբիլիզացնելու: Եթե ունենք կամ երբ ունենանք թվերի ավելացում, պատրաստ լինենք մեր քաղաքացիներին համապատասխան բժշկական օգնությունը տրամադրելու»:

Կառավարության համար անհրաժեշտ գործիքներին պատգամավորները, իհարկե, դեմ չեն: Բայց նախապես փորձեցին հասկանալ իրավիճակը: Պարետատան և առողջապահության նախարարի՝ բուժաշխատողներին ուղղված կոչին մեծ արձագանք է եղել՝ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր:  Կարելի է ասել մոտ 7 նոր բժշկական կենտրոնների ամբողջական համալրում է ապահովվել վերջին մեկ ամսում, բայց դա բավարար չէ բժշկական անձնակազմի գերբեռնված աշխատանքը թեթևացնելու և հերթափոխները ապահովելու համար:

Լրացուցիչ ռեզերվ ունենալու համար դեռ շարունակվում է հայտերի ընդունումը: Այս գործում օգտագործվում է նաև Սփյուռքի ներուժը, ասում է փոխնախարարը:

«Եվ մեր բուժաշխատողները, և վերապատրաստող մասնագետները անընդհատ կապի մեջ են մեր սփյուռքահայ մասնագետների հետ՝ և ԱՄՆ, և Եվրոպայի, և Ռուսաստանում ապրող և աշխատող մասնագետների հետ: Դրանք պարբերական բնույթ են կրում և շաբաթական մի քանի անգամ  մենք տեսակապեր ենք ունենում, քննարկում ենք բուժման նորագույն մեթոդները, համաճարակին դիմակայելու նորագույն փորձը և ինչպես մերոնք են սովորում, այնպես էլ՝ մերոնցից են սովորում և այս միասնական մասնագիտական ներուժի կենտրոնացմամբ, վստահ ենք, որ պետք է հաղթահարենք»:

Ուշագրավ է, որ աշխարհով մեկ տարածված միևնույն խնդիրը ստիպել է նաև առաջատար երկրներին դիմել նույնանման քայլերի: Օրինակ՝ Իտալիան և Գերմանիան հայտարարել են, որ պատրաստ են բժիշկներ ընդունել նախկին խորհրդային տարածքից: Սա, ի դեպ, այն երկրներն են, որտեղ նախկին ԽՍՀՄ երկրների ԲՈՒՀ-երն ավարտած բժիշկների ավարտական դիպլոմները գրեթե չէին ընդունվում:

Այս առաջարկի վտանգները փոխնախարարից ճշտեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Արման Բաբաջանյան . «Հիմա այլևս կարող են դիմել և բարձր աշխատավարձով նրանց հրավիրում են այդ երկրներ աշխատանքի: Մենք ինչ-որ իմաստով փորձո՞ւմ ենք նոր ռազմավարություն մշակել այդ ուղղությամբ, որպեսզի մեր մասնագետներին, կարողանանք պահել մեր երկրում և նրանց մոտիվացնեք Հայաստանում շարունակելու իրենց աշխատանքը»:

Անահիտ Ավանեսյան . «Ի պատիվ մեր բուժաշխատողների, մենք որևէ նման տենդենց կամ գործընթաց չենք նկատում, որ մեր մասնագետները փորձում են «դրսում» ավելի բարձր կամ ավելի պայմաններին արձագանքել և հեռանալ: Հակառակը՝ մենք տեսնում ենք, որ ողջ բուժհանրույթը համախմբված է: Ոչ միայն ներգրավվում է օգնության ու սպասարկման տրամադրմանը, այլև՝ գիտամեթոդական և այլ միջոցներով փորձում են աջակից լինել իրենց կոլեգաներին»:

Ներկայումս COVID-19-ով վարակված հիվանդների բուժումն իրականացվում է 9 բժշկական հաստատությունում: Մահճակալային ֆոնդն ավելացնելու համար կառավարությունն առաջարկում է օգտագործել նաև այլ ուղղվածությամբ բժշկական հաստատությունները: Այդ նպատակով լրացումներ կատարվեցին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման», ինչպես նաև  «Լիցենզավորման մասին» օրենքներում:

«Ունենք միայն COVID-ով հիվանդ պացիենտների սպասարկման համար արդեն ծավալված 1400 մահճակալ: Այստեղ հարց այն է, որ լրացուցիչ այլ բժշկական կազմակերպություններ ներգրավելու համար գուցե անհրաժեշտ լինի: Եթե տվյալ կազմակերպությունը չունի ինֆեկցիոն տեսակի լիցենզավորում, ապա  նա եւս կարողանա ներգրավվել և ապահովել պացիենտների բժշկական սպասարկումը»,- ասաց  Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Այս դեպքում, ի դեպ, նման բժշկական հաստատություններում՝  COVID-19-ից դուրս բոլոր պլանային միջամտությունները կասեցված են և դրանք կսպասարկվեն, երբ արտակարգ իրավիճակի ռեժիմից դուրս գանք, զգուշացնում է փոխնախարարը:

Back to top button