ԿարևորՔաղաքական

Հայաստանն աջակցություն չի խնդրել Թուրքիայից․ Աննա Նաղդալյան

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է թուրքական կողմի հայտարարությանը, թե նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից։

Ըստ Նաղդալյանի՝ թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխելու շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով:

 «Հայաստանի կողմից շարունակական ջանքեր են ձեռնարկվում այսօր դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հատկապես այն երկրներից, որտեղ լայն տարածում է ստացել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Արդեն իսկ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ»,-ասել է Նադալյանը:

«Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում:

Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը: Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Back to top button