ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսով պայմանավորված փոփոխություններ՝ 10 միլիոն ծառ տնկելու նախագծի ժամանակացույցում

Կորոնավիրուսով պայմանավորված որոշ փոփոխություններ են արվել 10 միլիոն ծառ տնկելու նախագծի ժամանակացույցում։ Ինչպես գիտեք, Հայաստանում մեկնարկել է նախադեպը չունեցող «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը, որի նպատակն է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին տնկել 10․000․000 ծառ՝ այդպիսով ապահովելով գալիք սերունդների առողջ և մաքուր միջավայրը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը, ինչպես նաև նկատի ունենալով հնարավոր ռիսկերը, որոշում ենք կայացրել սահմանված թիրախին հասնելու ժամկետը տեղափոխել 2021թ. վերջ։

Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կշտկվի և մենք, այնուամենայնիվ, 2020թ. ընթացքում Հայաստանում կտնկենք 1.000.000 տնկի, որը նույնպես աննախադեպ է վերջին տարիների համար, իսկ արդեն 2021թ․ ամբողջությամբ կիրականացնենք նախաձեռնությունը, տնկելով ևս 10.000.000 տնկի։

Հույս ունենք, որ շուտով կհաղթահարենք ներկայիս մարտահրավերը և նոր եռանդով կվերսկսենք համահայկական ծառատունկի համալիր աշխատանքները։ Մինչ այդ, նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացվեն համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության»։

Back to top button