ԿարևորՀասարակություն

Կառավարությունը կփոխհատուցի 220 հազար բաժանորդի գազի և էլեկտրաէներգիայի վճարի կեսը

Հունվար-փետրվարը գազի կամ էլեկտրաէներգիայի խոշորագույն սպառման ամիսներն են։ Կառավարությունը կվճարի հենց ցուրտ ամսվա սպառած գազի կամ էլեկտրաէներգիայի վարձավճարի կեսը։ Կփոխհատուցվեն այն քաղաքացիների  գազի ու էլեկտարէներգիայի վարձավճարները, որոնց փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման գծով՝ 10 հազար, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 դրամը: Միջոցառումը վերաբերում է շուրջ 220 հազար բնակիչ-բաժանորդի։ Ակնհայտ է, որ ծրագրից հիմնականում կօգտվեն սոցիալապես անապահով ընտանիքները։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը   հիշեցրել է՝  այս ընտանիքները կարող են սոցիալական աջակցության այլ ծրագրերից նույնպես  օգտվել։

Շուրջ   220   հազար բնակիչ-բաժանորդ փետրվար ամսվա  սպառած գազի կամ էլեկտրաէներգիայի 50 տոկոսի չափով փոխհատուցում կստանա։ Շահառուներն այն քաղաքացիներն են, որոնց ձմռան վերջին ամսվա ընթացքում      բնական գազի սպառման գծով ծախսը չի  գերազանցել 10 000 ՀՀ դրամը, իսկ էլեկտրաէներգիայի սպառման գծով` 5 000 ՀՀ դրամը:  Գումարը կփոխանցվի  ավտոմատ։  ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հստակեցրեց. «Միջոցառումը վերաբերում է շուրջ 220 հազարի։  Համարենք, որ  մեկ բաժանորդը մոտ 3 բնակիչ է, ապա կվերաբերի մոտ 660 հազար քաղաքացու»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի  տեղեկացմամբ, փետրվարը պատահական չեն  ընտրել․ ամենաշատ գազ ու էլեկտրաէներգիա հենց  հունվար- փետրվարին է  սպառվում, ուստի  կոմունալը վճարած քաղաքացիների  համար գումարը որպես կանխավճար կլինի։ «Կդիմենք  ՀԾԿՀ –ին, մեկ երկու օրվա ընթացքում վճարումները կիրականացվեն»։

Ակնհայտ է, որ ծրագրից հիմնականում կօգտվեն սոցիապալես անապահով ընտանիքները, չնայած նախագծում նման հստակեցում չկա։ Սակայն, վարչապետը հիշեցրեց, այս ընտանիքները կարող են սոցիալական աջակցության այլ ծրագրերից նույնպես  օգտվել.   

«Բնականաբար ովքեր վճարել են, կանխավճարի աջակցության փաթեթով ավելի շատ կզգան աջակցության ծավալը, քանի որ  հաջորդ վճարումն ավելի քիչ է  լինելու: Սա հավելյալ միջոցառում է, որը ուժեղացնում է մյուս միջոցառումենրը։ Այդ նույն քաղաքացին կարող է մյուս ծրագրերից նույնպես օգտվել»։

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը նաև  հստակեցրեց, թե ինչու են 50 տոկոսով փոխհատուցում, այլ ոչ թե 100 տոկոսով . «Հայաստանում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա, մենք ուզում ենք այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի այդ կուլտուրային չվնասենք։ Այդ նպատակով էլ 50 տոկոսով ենք վճարում ծախսերը»։

Սա կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ  ծրագիրն է։ 

Ինչ վերաբերում է աջակցության մյուս ծրագրերին, ապա Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց՝  կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրով  205 վարկ են հաստատել՝ 8 մլրդ 851 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Այս միջոցառման տնտեսվարող շահառուները գումարը վերցնում են կոմունալ  ծախսերի ու աշխատավարձերի վճարման, հումք ու սարքավորում ներկրելու համար։ Այստեղ կարևոր նախապայման է ժամկետանց վարկեր  ու վարկային պարտավորություններ  չունենալը։

«Վարկերը բաշխվում են ամբողջ հանրապետությունով։ Գործունեության ոլորտները նույնպես տարբեր են։ Մերժված հայտեր նույնպես կան, հիմնական պատճառը ժամկետանց վարկերն ու հարկային պարտավորություններ չկատարելն է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ ծրագիրը հաստատելիս կանխատեսումները հոռետեսական էին. «Կարծում էին, որ որևէ մեկը չի դիմի, քանի որ իրենց այդպիսի վարկեր պետք չեն, այլ  աջակցություն է  պետք։ Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ակտիվությունը բավականին լավ է»։

Աջակցության մյուս փաթեթը գյուղոլորտին է վերաբերում։ Նախկինում գործող աջակցության ծրագրերի  պայմաններն են բարելավվում։ Այստեղ  նոր է միկրովարկերի՝ մինչև մեկ մլն դրամ, 3-15 մլն դրամ վարկերի տրամադրումը՝ արտոնյալ ժամկետով։ Բավարարվել է 500- ից ավելի վարկ, որոնցից մոտ 400- ը միկրովարկերն են մեկուկես մլրդից ավելի դրամ արժեքով (536 վարկ, որից  417-ը՝ միկրովարկերն են՝ 1 մլրդ 606 մլն դրամ աժեքով), ասում է ԿԲ նախագահն ու նշում ՝ երկու  ծրագրերը միասին գումարային արտահայտությամբ  10 մլրդ  դրամից ավելի  են կազմում։ 

2019թ   24-500 մլն դրամ շրջանառություն ունեցող, վարկային ու հարկային ժամկետանց  պարտավորություններ չունեցող, մշակող արդյունաբերության, զբոսաշրջության ու սպասարկման որոշ ծառայություններում գործող կազմակերպություններին կառավարությունը  վարկ վերցնելիս երաշխիք է տրամադրում 6 ամիս արտոնյալ ժամանակով։ Սա աջակցության երրորդ ծրագիրն է։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը այս  ծրագրի մասնակցության որոշ թվեր ներկայացրեց. 

«Անցյալ շաբաթ այս կազմակերպություններից  457 դիմում ենք ստացել, զգալի քանակը՝ 257, չափորոշիչներին չի համապատասխանել, 70 հայտ՝ 536 մլն դրամով, բավարարվել է»։

2020 թ. Հունվար- փետրվարին 2-50 աշխատակից ունեցող կազմակերպությունները, որոնց աշխատավարձի ֆոնդն ու աշխատակիցները նույնն են մնացել, նույնպես աջակցություն է տրամադրվում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հստակեցրեց՝ ոչ բոլոր կազմակերպություններն են, որ եկամտային հարկի մասին տեղեկատվությունը ներկայացրել են՝ մոտ 30 տոկոսը. «Հաշվարկների հիման վրա   9725 շահառուներին ծանուցում է ուղարկվել, դիմում ներկայացրել է 5388 շահառու, 5207 շահառու փաստացի ստացել են 778,9 մլն դրամ»։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց արդեն գործող աջակցության ծրագրերով ավելի քան 1 մլրդ դրամ հատկացվել է 11 444  շահառուի։ Ցանկը շարունակում է ընդլայնվել։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 8-րդ և 9-րդ  ծրագրերով  շահառուներ կհամարվեն  ըստ  ներկայացված  դիմումների։  Դրանք լրացվելու են http://www.online.ssa.am/ կայքում։

«Այսօր արդեն դիմումների ընդունելությունը հնարավոր կլինի։ Ութերորդ ծրագրով աջակցություն են ստանալու տուժած ոլորտների՝ հյուրանոցային, զբոսաշրջային կազմակերպությունների, հագուստի ու առևտրի այլ  խանութների, վարսավիրանոցների գրանցված աշխատակիցները։ Այս  ծրագրի վճարումները հասանելի կլինեն արդեն վաղն առավոտյան։  Իններորդ ծրագրով, քանի որ բազաները մեծ են, 3-5 օրվա ընթացքում որոշումը կկայացվի»։

Հարցերի դեպքում նախարարը հորդորում է զանգահարել 011 300 114, կամ 114 թեժ գծի հեռախոսահամարներով։ Միայն անցյալ շաբաթ 40 հազարից ավելի զանգ են ստացել խորհրդատվություն տվող 100 աշխատակիցները։

Back to top button