ԿարևորՀասարակություն

Էլեկտրոնային նամակների հեղեղը բացահայտեց տխուր իրականությունը

ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարության ֆեյսբուքյան էջը կոչ-հորդորակ է տարածել հայատառ գրելու մասին.

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները վերափոխել են իրենց աշխատանքը՝ քաղաքացիներին և կազմակերպություններին առաջարկելով անհետաձգելի կարիքների, խնդիրների և հարցերի վերաբերյալ դիմումներ, հարցումներ, նամակներ գրել առցանց։

Էլեկտրոնային նամակների հեղեղը, ցավոք, բացահայտել է տխուր իրականությունը. ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ պատկան մարմիններին հայերեն էլեկտրոնային նամակներ են հղում, որոնք գրված են օտար տառերով: Սա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի նկատմամբ:

Լեզվի կոմիտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է անում պահպանել ՀՀ Սահմանադրության, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջները և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված հայերեն էլեկտրոնային նամակները գրել բացառապես հայատառ։

Լեզվի կոմիտեն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացված հայերեն օտարատառ էլեկտրոնային նամակներին ընթացք չտալ»:

Կարդացեք նաև
Close
Back to top button