ԿարևորՀասարակություն

Արցախում ծառայողների շրջանում վարակվածության որևէ դեպք չի գրանցվել․ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ

Ապրիլի 9-ից սկսվել է շարժական լաբորատորիայի աշխատանքը, որն այսօր աշխատում է ամբողջ ծավալով: Այս օրերին կատարվել է  շուրջ 165 նմուշ, եղել են ևˊ դրական, ևˊ բացասական պատասխաններ, բացասականներն ավելի շատ են եղել,  ապրիլի 13-ին, արժական լաբորատորիայի աշխատանքը, որն այսօր աշխատում է ամբողջ ծավալով:

Հատված Ռադիոլուրի 18․00-ի թողարկումից

«Ստեղծված է հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբ, որի կազմում ներգրավված են Հայաստանի ԶՈւ-ի համապատասխան մասնագետները, որոնք ռուս գործընկերների հետ կատարում են աշխատանքը: Մեր մասնագետները կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել Covid-19-ի հետ աշխատելու հմտություն և երեկ ինքնուրույն են իրականացրել այդ անալիզները»,- ասաց Սահակ Օհանյանը:

Արդեն խոսելով ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածների պատկերի մասին` նշեց, որ զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ չկան, արհեստական շնչառության սարքին միացվածներ` ևս։

Թե քանի ինքնամեկուսացված զինծառայողներ կա՝ Օհանյանը  նպատակահարմար չհամարեց թիվը  հրապարակել`հաշվի առնելով տեղեկատվության գաղտնիությունը, նույնը վերաբերում է նաև բուժվող զինծառայողների թվին։

«Ուղղակի կարող եմ հավաստիացնել՝ այդ թիվը շատ չնչին է: Կարող եմ նաև ուրախացնել՝ ունենք բուժումն ավարտած և հետագա զինծառայության դուրս գրված վեց զինծառայող»:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանն  հայտնեց, անկախ այն հանգամանքից` ժամկետային, թե պայմանագրային զինծառայողներն են,  ծնողները տեղեկացված են լինում տղաների` կորոնավիրուսով վարակված լինելու մասին։

«Ծնողների հետ կապ է հաստատվում, և նրանք տեղյակ են լինում ոչ միայն տղայի` վարակված լինելու, այլ նաև բուժման ընթացքի մասին»,– ասաց Օհանյանը` հավելելով, որ կորոնավիրուսով վարակված ժամկետային ծառայողներից 3-ն արդեն բուժվել ու ծառայության են անցել։ Վերջինս  հույս հայտնեց, որ մոտակա օրերին մյուսներն էլ դուրս կգրվեն։

Անդրադառնալով Արցախի զորամասերում տիրող իրավիճակին` Օհանյանը հայտնեց, որ այնտեղ  կորոնավիրուսով վարակվելու որևէ դեպք չկա։

Անդրադարձ կատարվեց նաև զորակոչին։ Արդյո՞ք  այն   ընթանալու է սահմանված   ժամկետում։ Օհանյանն ասաց,  որ  անհրաժեշտության դեպքում, օրենքով սահմանված կարգով, հնարավոր է երկարաձգվի.

«Դեռ վաղ է այդ մասին խոսել: Զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին: Բոլոր զինվորական կոմիսարիատներին հատկացվել են անհատական պաշտպանիչ միջոցներ: Մինչ զորակոչը՝ բոլոր զինկոմիսարիատներում կատարվելու են ախտահանման աշխատանքներ և յուրաքանչյուր օրվա աշխատանքների ավարտից հետո այդ աշխատանքները կրկնվելու են»,–ասաց Օհանյանը։

 Հարցին  թե որքանո՞վ են հայ ռազմաբժիշկները պատրաստ կորոնավիրուսի դեմ մասնագիտական պայքարին և որքանո՞վ են ընդգրկված այդ պայքարում, Օհանյանը նշեց, որ պատրաստ են 100 տոկոսով, ընդգրկված են` ըստ անհրաժեշտության:

«ԶՈւ բժշկական ծառայությունն իր տարիների փորձը ներդնում է կորոնավիրուսի դեմ պայքարում: ԶՈւ-ն գրեթե միշտ հակահամաճարակային գործառույթներ է իրականացնում: Գիտենք, որ մեծ կոլեկտիվներում վարակը շուտ տարածվում է և երբ տարիներ առաջ փաստի առաջ կանգնեցինք Հայաստանում H1N1 վիրուսի հայտնվելով, այդ ժամանակ կարող եմ վստահեցնել, որ ԶՈՒ բժշկական ծառայությունը մեծ ներուժ դրեց և լուրջ պայքարի մեջ էր, ու այդ պայքարը հաղթանակով ավարտվեց: Ես վստահեցնում եմ, որ մեր բժիշկներն ունեն այդ փորձը և հնարավորությունը՝ նման վարակների դեմ պայքարելու», – ընդգծեց Օհանյանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button