ԿարևորՀասարակություն

Սոցիալական աջակցության որ փաթեթներն են հասանելի

Ավելի քան 1 մլրդ դրամ գումարն արդեն հասանելի է սոցիալական աջակցության երեք փաթեթների շահառուներին։ Նրանց  ցանկն ամեն օր ընդլայնվում է, թարմացվում։  Կորոնավիրուսի  տնտեսական հետևանքները չեզոքացնող սոցիալական  աջակցության հայտերը լրացվում են օնլայն։

Տրամադրվող գումարները միանվագ են՝ 26 500 դրամից մինչև 100 հազար դրամ, դրանք տրամադրվում են անկանխիկ։ Եթե շահառուն երեք ամսվա ընթացքում հասանելիք աջակցությունը չի ստանում, ապա այն վերադարձվում է պետական բյուջե։

Online.ssa.am այս օրերին քաղաքացիներին  թերևս ամենաշատը հետաքրքրող էլեկտրոնային կայքերից է։ Հենց այստեղ են տեղադրված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական աջակցության ծրագրերը։  Սոցիալական ոլորտում կառավարությունը  տարբեր խմբերի շահառուների համար հինգ ծրագիր է նախատեսել։  Հինգից երեքի շահառուներն արդեն կարող են լրացնել համապատասխան հայտը, բացված պատուհաններում բացի տվյալ փաթեթի նկարագրությունից նաև առանձնացված է ծրագրի շահառուներ բաժինը։ Այստեղ քաղաքացին լրացնում է պահանջվող տվյալներն ու հասկանում՝ արդյո՞ք տվյալ ծրագրի շահառու է, թե՞ ոչ։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի՝ այս օրերին բազմաթիվ շահառուներ իրենց անունները չեն գտնում․ «Ամենօրյա ռեժիմով մենք տվյալները թարմացնում ենք, բազան մի քանի օրվա ընթացքում, ամենաուշը հաջորդ շաբաթասկզբին կամբողջանա ու փաթեթները հասանելի կլինեն շահառուներին»,-ասել է Փաշինյանը։

Մինչ այժմ հասանելի են առաջարկվող հինգ ծրագրերից երեքը։

Դրանցից մեկով՝ աջակցությունից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնց ընտանիքներում կա մինչև 14 տարեկան երեխա, որի երկու ծնողները եղել են գրանցված աշխատողներ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում։ Նույն աջակցությունը կարող է ստանալ ընտանիքը նաեւ, եթե երեխայի ծնողներից միայն մեկն է աշխատել։ Աջակցության այս փաթեթում կարևոր է գրանցված աշխատող լինելը։  

Աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Զարուհի Բաթոյան.  «Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան յուրաքանչյուր  երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով»:

Ծրագրի շահառու չեն կարող դառնալ  այն քաղաքացիները, որոնք աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում  ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը, կամ որոնք աշխատանքից ազատվելուց հետո անցել են այլ աշխատանքի։

Ընտանիքը կարող է գումարն ստանալ բանկային հաշվին փոխանցելուց հետո  երեք ամսվա ընթացքում։

Արդեն հասանելի ծրագրերից մյուսով շահառու կարող են դառնալ բոլոր այն քաղաքացիները, որոնք աշխատել են մասնավոր սեկտորում՝ առնվազն 2020 թ.-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն անընդմեջ, և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում:  Եթե հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում փոխել է  աշխատանքը, ապա աշխատանքային դադարը երեք օրից ավելի չպետք է լինի։ Այս ծրագրից չեն կարող օգտվել բանկերում, վարկային, ներդրումային, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններում, գրավատներում, ապահովագրական ընկերություններում, արտարժույթի փոխանակման կետերում, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերություններում աշխատողները:

Եվ արդեն գործող աջակցության վերջին ծրագրով այն հղի կանայք, որոնք 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում, միայնակ են, կամ որոնց ամուսինները եղել են գրանցված աշխատող կստանան միանվագ՝  100.000 դրամի չափով:

Սկսված սոցիալական ծրագրերով ավելի քան 1 մլրդ դրամն արդեն հասանելի է շահառուներին։

Արդեն գործող այս սոցիալական ծրագրերից բացի կառավարությունը նախատեսում է աջակցություն նաեւ կորոնավիրուսի տարածման պատճառով ամենաշատը տուժած ոլորտների աշխատակիցներին․

«Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ,վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն: Տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից»,- նշեց Զարուհի Բաթոյանը:

Աջակցություն է նախատեսված նաեւ տուժած ոլորտներում աշխատող անհատ ձեռնարկատերերի, օրավարձով կամ չգրանցված աշխատանք ունեցող  քաղաքացիների  ընտանիքների համար։ Այս ծրագրերից օգտվելու մանրամասները կներկայացնենք դրանք գործարկելուց հետո։

Back to top button