ԿարևորՏնտեսական

Հայաստանի տնտեսությունը արագ կվերականգնվի․ վրացի տնտեսագետ

Տարածաշրջանի երկրներում կորոնավիրուսի պատճառած վնասներն այս պահին առավել նկատելի է հատկապես Վրաստանում։ «Վրաստանի տնտեսությունում արդեն իսկ լուրջ անկում է գրանցվել»,- բարձրաձայնում են տնտեսագետները՝ փորձելով հասկանալ, թե ինչու տարածաշրջանի երկրների տարադրամների համեմատ ամենաթույլը գտնվեց հենց լարին։

Վրաստանի տնտեսության «շարժիչ ուժը» տարիներ շարունակ տուրիզմն է, երկիրն անհամեմատ մեծ հույսեր էր կապում այս ոլորտի հետ, վրացի միգրանտների կողմից փոխանցվող գումարները ևս հիմնականում ուղղվում էին ոլորտի զարգացմանը՝ հյուրանոցների կառուցմանը։

Այժմ տուրիզմն ամբողջովին կանգնած է։ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ Նիկա Շենգելիայի կանխատեսմամբ վիրուսի ավարտից հետո առնվազն երկու տարի այդպես էլ կմնա, որովհետև  մարդկանց ժամանակ է շրջագայություններ սկսելու։ Ուստի ըստ նրա, Վրաստանն արդեն պետք է անցում կատարի իրական տնտեսության զարգացմանը, ասում է՝ այնպես, ինչպես Հայաստանը․

«Հայկական դրամի արժեզրկումը տեղի ունեցավ մոտ ինը տոկոսով, որովհետև Հայաստանի տնտեսությունը միտված է արտահանմանը։ Հայաստանի խանութների ցուցափեղկերին 85 տոկոսը հայկական արտադրության ապրանքներ են, կամ արտադրված են ներկրված բաղադրիչներով»,-ասում է Շենգելիան՝ նշելով, որ Վրաստանում հակառակն է՝ 20 տոկոսը տեղական արտադրության ապրանքներ, մնացածը՝ ներկրված։

Վրաստանում լարին խիստ արագ արժեզրկվեց հարևանների տարադրամների համեմատ։ Մարտի սկզբին արդեն վրացական ազգային արժույթը դոլարի նկատմամաբ արժեզրկվել էր 20 տոկոսով։  

Տնտեսագետի խոսքով այս ամենը ցույց տվեց, որ Վրաստանում տնտեսության զարգացումը ճիշտ առաջնահերթություններով չէր ընթանում։ Այսօր իշխանությունները, սակայն, ըստ նրա կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներով են զբաղված։  

«Պետք է որ Վրաստանի իշխանությունները զուգահեռ նաև ծրագրեն, գործողություններ մշակեն՝ օգնելու արտադրական ձեռնարկություններին ու սննդամթերքի արտադրությանը։ Սակայն մենք դա դեռևս չենք տեսնում»։

Առաջիկա հինգ տարում աշխարհը կտեսնի մի այլ տնտեսություն։ Բացի այդ, ըստ նրա, ֆինանսական համակարգի ու տնտեսության վերսկսումը միևնույնն է պիտի տեղի ունենան։ Սակայն սրանից հետո, հավանաբար երկրները կմիավորվեն արժութային գոտիներում, կփորձեն դասեր քաղել սխալներից, բայց այնպես, ինչպես մինչ օրս էր, չի լինի։

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն` կորոնավիրուսի համաճարակը հանգեցնում է խոշորագույն համաշխարհային տնտեսական ճգնաժամի, որն աննախադեպ կլինի 1929-1933 թվականների Մեծ ճգնաժամից ի վեր:

«Ճգնաժամը սովորաբար բաղկացած է չորս փուլից՝ անկում, լճացում, վերականգնում և զարգացում: Իրականում ճգնաժամը սկսվել էր դեռ 2007-2009 թվականներին: Եւ մինչ օրս վերականգնումը տեղի չէր ունեցել։ Փաստորեն մենք նոր ճգնաժամում ենք, որից դուրս գալը դժվար է լինելու նույնիսկ ամենազարգացած երկրների համար»։

Վրացի տնտեսագետը սակայն կարծում է, որ Վրաստանի համեմատ Հայաստանի տնտեսությունը հնարավոր է կարողանա արագ վերականգնվել, քանի որ ավելի շատ միտված է արտադրության վրա։  

Back to top button