ԿարևորՀասարակություն

Կարանտինային նորույթ․ կանացի պայուսակներ՝ կավից

Գյումրեցի խեցեգործ վարպետ Վազգեն Գևորգյանի արհեստանոցի դռները փակվեցին արտակարգ դրության պատճառով, բայց տանը կահավորվեց մեկ այլ արհեստանոց ու արհեստի գործերը սկսեց վերածել արվեստի։ Այժմ վարպետն իր կավաշեն կահկարասին գունազարդում է հայկական գորգերի զարդանախշերով ու պատմական խորհրդանշական պատկերներով։  Կավից նույնիսկ կանացի պայուսակներ է պատրաստել , որոնք նորույթ են կավագործության մեջ։ Վազգենն ամեն ինչում փնտրում է ինքն իր հանդեպ հաղթանակ տանելու հնարավորություն։

Կավին ձև, բնույթ ու շունչ տալու վարպետությունը Հայկական լեռնաշխարհում արդեն 9000 տարվա պատմություն ունի։  Հայկական զարդանախշ խեցեղենը հրաշալի պահպանվել է թե հողում, թե ջրում և հնագետների շնորհիվ դարձել թանգարանային ցուցանմուշ ու հնամյա մշակույթը վերականգնելու հնարավորություն։   

Մեր օրերում էլ են կավից խեցեղեն ու թոնիրներ պատրաստում։

«Ովքեր թոնիրներ են պատրաստել, կենցաղային իրեր էլ են պատրաստել, բայց քանի որ ձեռքերը վարժված է եղել մեծ առարկաներին,  փոքր առարկաներն իրենց մոտ մի քիչ կոպիտ են ստացվել, բայց դա էլ իր գեղեցկությունն ունի»,- նշում է կավագործը։ 

Վազգեն Գևորգյանը՝ Գյումրիում հայտնի ու սիրված կավագործը,  մի քիչ սրտնեղում է,  երբ կավագործությունը միայն արհեստ են անվանում, ասում է՝ կավին շունչ տալը նաև արվեստ է, պատմություն ու պատմության վերամոդելավորում։   Վազգենը մասնագիտությամբ գեղանկարիչ է, կավագործությամբ վեջին 10 տարում է զբաղվում և ամեն դժվարության մեջ հնարավորություն փնտրում։  Արհեստանոցն արտակարգ դրության պատճառով փակել է և ավելի լուսավոր ու շքեղ արհեստանոց տան մի սենյակում ստեղծել։

«Անկեղծ ասած՝ ավելի շատ սկսեցի նկարել, խեցեգործությանը զուգընթաց փորձում եմ նաև գեղեցիկ, դեկորատիվ զարդանախշեր անել։ Ավելի ազատ ստեղծագործական մթնոլորտ ստեղծվեց»,-ասում է Վազգենը։

Պատվիրատու գործընկերների համար է մտահոգվում, որ այս ընթացքում չեն աշխատում, բայց իր գործերում արհեստին գերազանցում է արվեստը։ Այժմ հայկական գորգերի զարդանախշերով իր պատրաստած խեցեղենն է գունազարդում։ 

 «Սա էլ է պատվեր, բայց քանի որ ժամկետները սուղ չեն,  փորձում եմ ստեղծագործաբար մոտենալ և հանգիստ անել, ցանկացած հանգիստ աշխատանք, կարծում եմ, ավելի լավ կստացվի»,- հավելում է զրուցակիցս։

Հայկական գորգերի զարդանախշերով խեցեղենը զարդարելը Վազգենի վերջին շրջանի նորույթն է։ Դրանից առաջ ստեղծած հարյուրավոր աշխատանքների զարդանախշերում գերակշռում են հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներն ու սեպագրերը, որոնցով խեցեղենի վրա մաղթանքներ են գրված։

«Սա այծ է, այն,  ինչ ունեցել ենք ժայռապատկերների վրա, պարզապես մի քիչ էլաստիկություն տվեցինք գեղեցկության համար, իսկ կճուճի հակառակ կողմում սեպագրեր են»,- ասում է Վազգենը։

Նրա գործերում շատ են նաև այն կճուճները, որոնց բռնակների փոխարեն խոյի գլուխ է քանդակված։ Կավից կստանա ինչ սիրտդ ուզի, օրինակ՝ դաշույն կամ կավե հատակով ու կտորե սեղմակով փողի քսակ, իսկ կանացի կավաշեն պայուսակները նորույթ են, ուզում ես անպայման կրել և լինել առաջինը։ Ամենանուրբ գործերը՝  կես մատնաչափից էլ փոքր կճուճները, արոմաթերապիայի սիրահարներին կգրավեն։

«Եթերայուղը մեջը կլցնեն, հետո թելով կկապեն, կախելով իրենց պարանոցից՝ մարդիկ կզգան եթերայուղերի օգտակար ներգործությունը»։

Դե իսկ արդեն ավանդական սեղանը զարդարող սպասքի մասին խոսելն ավելորդ է, կավե ափսեներ, բաժակներ, գինու սափորներ ու հնամենի կենցաղը արդիականացնող այլ կահկարասի։

«Յուրահատուկ հյուրեր ընդունելիս կամ առանձին ճաշատեսակներ պատրաստելիս մենք էլ ենք մեծ սիրով օգտագործում կավե ամանեղեն»։

Օրինակ՝ էլ ինչ Չանախ, եթե կավե ամանում չի պատրաստվել։  

«Գիտնականների կարծիքն է, որ կավը 100 աստիճան տաքանալիս սկսում է դրական լիցքեր հաղորդել սննդին, մենք էլ փորձում ենք  համոզվել։ Նույն սուրճը կավե սրճեփով և մետաղական սրճեփով եփելիս, համերը տարբեր են»։ 

Մենք էլ փորձեցինք կավե սրճեփով տանտիկնոջ ձեռքի սուրճն ու Վազգենի նման ավելի լավատեսորեն նայեցինք կյանքին։  

«Եթե համայն մոլորակի մասշտաբով վերցնենք, մարդկությունը մի տեսակ մոլորվել էր, չգիտեին ուր էին շտապում, ինչու»։

Վազգենն ամեն ինչում նոր հնարավորություններ է տեսնում։ Ասում է՝ այս ընթացքը մեծ հնարավորություն է մեզ՝ հայերիս համար ևս․ մի պահ կանգ առնելու, հետ հայացք գցելու մեր մեծ ժառանգությանն ու ավելի հզոր ներկա ուրվագծելու։

«Հսկայական, ոսկու սարի նման ժառանգություն է մեզ թողնված։ Ոսկին կգա, կգնա, բայց ժառանգած հզոր մշակույթը իրական սնունդ է, հոգու հարստության, նոր էներգիայի աղբյուր։ Հարկավոր է տեսնել, ուսումնասիրել, թե մեզ ինչ են ժառանգել, և մենք էլ մեր լուման ունենանք, մեր նոր խոսքը բերենք։ Պետք է ինչ–որ բան անպայման ավելացնենք»,-ասում է Վազգենը։

Back to top button