ԿարևորՀասարակություն

Զատկի առցանց ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»

Զատկի տոնն այս տարի չի վերածվի համընդհանուր տոնախմբության, բայց դա չի խանգարի, որ, թեկուզև առցանց, միմյանց փոխանցենք ավետիսը`«Քրիստոս հարյավ ի մեռելոց» ու լսենք արձագանքը` «օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Հայ եկեղեցու սպասավոր տեր Շահե քահանա Հայրապետյանը արտակարգ դրությամբ պամանավորված ժամանակավոր արգելքները համարում է հիմնավոր։

Սուրբ Զատիկն այս տարի կնշվի ապրիլի 12-ին: Այն քրիստոնյաների ամենասիրելի տոնն է, քանի որ խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ հարությունը, որը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, զուր է մեր քարոզչությունը, զուր է ձեր հավատը»,- գրում է Պողոս առաքյալը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում մեղքերից և վերադարձ առ աստված: Տոնի հոգևոր խորհուրդը Հայ եկեղեցու սպասավոր տեր Շահե քահանա Հայրապետյանն է մեկնաբանում։

«Քրիստոսի հարությամբ Աստված մարդուն ցույց տվեց, որ մահն այլևս չի իշխում նրա վրա։ Եվ կյանքը, հարությունը, երկնքի արքայությունը վերադարձվում է մեզ»։

Քրիստոսի հարության տոնին նախորդող շաբաթն ու շաբաթվա յուրաքանչյուր օրն անգամ կոչվում է ավագ, քանի որ հենց այդ օրերի ընթացքում Քրիստոսն իրականացրեց իր վերջին ու գլխավոր տնօրինությունները: Շաբաթ երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով սկսվում է Սուրբ հարության տոնը, իսկ կիրակի օրը՝ Զատկի պատարագն է։

Այս տարի առաջին անգամ Հայաստանում Զատկի արարողությունները կանցկացվեն դռնփակ։ Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Քրիստոսի հարության տոնը հավատացյալների ֆիզիկական բացակայության պայմաններում։ Սակայն եկեղեցական արարողությանը հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ ինչպես և նախորդ տարիներին։

«Պայմաններն իհարկե թելադրված են, ամբողջ աշխարհի վիճակն է այսպես։ Ամսի 12-ին պատարագը տեղի կունենա փակ դռների հետևում։ Մարդկային կուտակումներից խուսափելու համար պատարագը կանցկացնեն միայն կրոնավորները, բայց հետո դռները կբացվեն»։

Հայ առաքելական եկեղեցին ընդունեց այս որոշումը երկրում արտակարգ դրություն հայտարարելու հետ մեկտեղ։ Կորոնավիրուսի տարածումը կանգնեցնելու նպատակով Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը:

Զատկի օրն առաջին անգամ դատարկ կլինեն նաև Էջմիածնի՝ Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի բոլոր հինգ եկեղեցիները։ Տոնական պատարագը Մայր աթոռում կանցկացվի դռնփակ։ Սակայն և Էջմիածնում, և ամենուր Հայասատանում մարդիկ կնշեն տոնը՝ այս անգամ միայն տանը․ հեռուստացույցի կամ համակարգչի էկրանի դիմաց՝ աղոթքով, նաև ավանդական փլավով, ներկված ձվով ու գինիով։ Զատկի տոնը նշող բոլոր քրիստոնեաներին տեր Շահեն հորդորում է․

«Լինել ուրախ, լինել աղոթող, լինել Քրիստոսի խորհրդի հետ։ Ավետարանը լինի մեր սեղանին, որպեսզի հոգևոր կերպով զորանանք»։

Կարո՞ղ է այս իրավիճակում  Սուրբ հարության տոնը դառնալ բեկումնային․ տեր Շահե քահանայի խոսքով՝ հավատացյալի համար ամեն օրը կարող է դառնալ բեկումնային, որովհետև ամեն օր Քրիստոսը ծնվում է մեր մեջ և մենք հարություն ենք առնում Քրիստոսով։

Back to top button