Մտքի ուժը

Ինչպե՞ս բարձրացնել իմունիտետը․ խորհուրդներ գիտնականից․ «Մտքի ուժը»

Կորոնավիրուսը փոխել է մարդկության կենսագործունեությունը, ապրելու ռիթմը։ Աշխարհը կարանտինի մեջ է, մարդիկ դարձել են նստակյաց, աշխատանքը՝ հեռավար։

Կարանտինային այս օրերին նաև սննդակարգի, հիգիենայի կանոնների վերաբերյալ հորդորների պակաս չկա․ մասնագետ ու ոչ մասնագետ, բոլորը խորհուրդներ են տալիս։

ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթային ռիսկերի գնահատման տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տնօրեն Դավիթ Պիպոյանը հորդորում է վիտամիններով հարուստ սնունդ ընդունել։

Թթու կաթնամթերքը, յոգուրտային արտադրանքը, հայկական մածունը՝ քամած կամ՝ ոչ, աղեստամքոսային տրակտի միկրոֆլորայի վրա դրական ազդեցություն են թողնում։

Գիտնականը իմունիտետը բարձրացնելու համար հորդորում է ուտել միրգ, բանջարեղեն։ Այս օրերին կարևոր է շատ հեղուկ ընդունել՝ օրական մեկուկեսից մինչև երկու լիտր։

Խորհուրդ է տրվում շատ թեյեր օգտագործել, մասնավորապես՝ խոտաբույսերով։
Շատ կարևոր է նաև լոբազգիների ու հատիկընդեղենի կիրառումը։

Այս մթերքները ևս պարունակում են կարևոր վիտամիններ։ Հնդկաձավար, հաճար, ձավար. այս օրերին գիտնականը հենց այս մթերքներն է խորհուրդ տալիս ուտել։

Մեղրի օգտագործումը նույնպես կարևոր է։ Գիտնական Պիպոյանը գործընկերների հորդորներն է մեջբերում՝ աշխարհի բոլոր սննդագետներն ու սննդաբանները միաբերան պնդում են՝ գոյություն չունի մեկ սննդամթերք, որը կարող է օրգանիզմի դիմադրողականությունն ապահովել այնպես, որ չվարակվի կորոնավիրուսային վարակով։

Օրգանիզմի իմունիտետը բարձրացնելու համար պետք է վիտամիներով հարուստ սնունդ օգտագործել։

Back to top button