ԿարևորՀասարակություն

Մարաղա՝ լռեցված ցեղասպանություն

1992-ի ապրիլի 10-ին տեղի ունեցավ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում հայկական կողմի համար թերևս ամենաողբերգականը. ադրբեջանական զինուժը գրավեց Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղն  ու կոտորածի ենթարկեց մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների: Շուրջ 5000 բնակիչ ունեցող գյուղը այսօր էլ գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ այն մարաղացիները, ովքեր չհեռացան Հայաստան, Ռուսաստան կամ այլ երկիր, վերաբնակվեցին Աղդամի շրջանի Կըզըլ Քենգերլի գյուղում՝ այն վերանվանելով Նոր Մարաղա:

21-րդ դարում ենք ապրում, բայց հայտնի արտահայտությունը շարունակում է արդիական մնալ՝ այստեղով թուրքն է անցել:  1992-ի  այս օրը թուրք-ադրբեջանցին Մարաղայով էր անցել:  «Դա նման էր Գողգոթային»․ Մարաղայի ողբերգությունը այսպես է բնորոշել բարոնուհի Քերոլայն Քոքսը։ Ապրիլի 10-ին Մարաղա գյուղը ենթարկվեց հարձակման ադրբեջանական կանոնավոր բանակի ռազմական զորամասերի կողմից։ Գյուղը հիմնովին ավերվեց, սպանվեցին տասնյակ  բնակիչներ։

Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան ուղեկցվել է մարդկային տրամաբանությունից դուրս դաժանություններով, բայց անգամ  դրանց ֆոնին Մարաղայի ողբերգությունն առանձնանում է։ Ահա թե ինչ են պատմում ողբերգության ականատեսները՝ դժոխքից հրաշքով փրկված մարաղացիները։ Արայիկ Գրիգորյան՝ ականատես․«Առավոտյան ժամը վեցին սկսվեց հրետակոծությունը։ Գյուղի մի մասը սկսեց փակվել բլինդաժներում, մյուս մասը քաոսի մեջ սկսեց հեռանալ գյուղից։ Արդեն պարզ էր, որ թշնամին մոտենում  է»։

Մարաղայի վրա  երեք հազարից ավելի արկ է պայթել, պատմում են ականատեսները։ Բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել լքել գյուղը, մորթվել են, այրվել կամ գերի տարվել։ Ադրբեջանական հրոսակները թալանել են բոլոր տները, այն ամենն, ինչ չեն կարողացել թալանել, այրել են՝ հաճախ բնակիչների հետ միասին։

«Նույնիսկ սղոցով են մարդ սպանել, կենդանի մարդուն կապել են մեքենայի հետևից քաշքշել, վառել են։ Այդ ամենի հետևանքները մենք հետո՝ երեկոյան ենք տեսել։ Դիակները՝ մարմիններն առանձին էին, գլուխներն առանձին, երեխաներին վառել են, մորթել»։

Մարաղայի 5օօօ բնակչից գյուղում մնացել էր 118-ը, ովքեր այս կամ այն պատճառով չէին կարողացել լքել գյուղը։ Նրանց նկատմամբ էլ  իրականացվել է դաժան հաշվեհարդարը։ «Ընդդեմ իրավական կամայականնությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի ներկայացրած տվյալներով՝  նշված 118 բնակչից 59-ը գերեվարվել են, գրեթե նույն թվով մարդիկ սպանվել։

«Մարդու իրավունքների ցեղասպանագիտության կենտոն» ՀԿ հիմնադիր-նախագահ, մասնագիտությամբ ցեղասպանագետ  Լիլիթ Մարտիրոսյանը «Ռադիլուրի» հետ զրույցում  նշեց, որ իր գործունեության առանցքում  հիմնականում, այսպես ասած, լռեցված ցեղասպանություններն են, որոնց շարքից  է նաև Մարաղայի ողբերգությունը։ Մարաղան դարձել է Լիլիթի նաև գիտական հետազոտության թեման։ Ուսումնասիրություններն ու անմիջական զրույցները ականատեսների հետ նրան հիմք են տալիս պնդելու, որ գործ ունենք ցեղասպանության դասական օրինակի հետ, ցեղասպանություն, որը համարժեք գնահատականի չի արժանացել ոչ միայն միջազգային հարթակներում, այլև հենց մեր երկրում։ Կազմակերպության անդամներն այսօր փորձում են լրացնել բացը։

«Մենք փորձում ենք  օրենսդրական բացերը լրացնել ԱԺ-ին ներկայացվող  օրինագծի առաջարկով։ Դիմել ենք պատգամավոր Տարոն Սիմոնյանին, որպեսզի ապրիլի տասին՝ Մարաղայի տարելիցին որևէ ձևով անդրադառնան։ Չեմ կարծում, որ Հայաստանում շատերը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել Մարաղայում։ Ցեղասպանագիտական առումով Մարաղայի ուղղությամբ մեր երկրում որևէ քայլ  չի արվում։ Պետք է գիտաժողովներ կազմակերպել, երիտասարդները պետք է ուսումնասիրեն այս թեման, որպեսզի կարողանան այն ներկայացնել նաև դրսում»։

«Նշված քայլերից հետո միայն կարելի է խոսել Մարաղայի ցեղասպանությունը միջազգային իրավական հարթակներում ներում ներկայացնելու մասին, կարծում է երիտասարդ ցեղասպանագետը։

Մարաղան այսօր էլ շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ նախկին մարաղացիները փորձում են իրենց վերածնունդը գտնել Նոր Մարաղայում, որտեղից շատ հստակ երևում են կորցրած ծննդավայրի ավերակները։

Back to top button