ԿարևորՀասարակություն

Հեռավար ուսուցման առանձնահատկությունները՝ գյուղում

Հեռավար ուսուցման նպատակով ուսուցիչներն ու աշակերտները բացի  առաջարկված Zoom  ծրագրից օգտագործում են կապի բոլոր հաղորդակցման միջոցները: Գյուղում ապրող երեխաներն էլ նախընտրում են դասերն անցկացնել երեկոյան ժամերին, քանի որ ցերեկը դաշտերում են լինում: Դասերից էլ հարգելի պատճառներով են բացակայում՝ չունեն  հեռախոս, համակարգիչ կամ ինտերնետ կապ:

Նոր տիպի կորոնավիրուսի հետ ներմուծվեց նոր բառակապակցություն՝ հեռավար դաս: Դպրոցի համար նոր տերմինն ու դրան փոխկապակցված անսովոր իրավիճակը կարճ ժամանակամիջոցում յուրացվեց, սկզբում կապի հնարավոր բոլոր միջոցներով, ավելի ուշ՝  Zoom ծրագրով: Հիմա աշակերտների և ուսուցիչների համար տունը դարձել է դպրոց,  ննջասենյակը, հյուրասենյակը, խոհանոցն ու պատշգամբը՝ Zoom դասարան, մի տարբերությամբ՝ դպրոցում կանոնավոր դասացուցակ է ու դասաժամ, հեռավարում՝ հարմարեցված:  Դասը սկսվում է  ներկա- բացակայով, հետո տնային աշխատանքների ստուգումն է:

Zoom  դասարանում աղմուկը լռեցնելու նպատակով առաջարկվում է աշակերտներին անջատել միկրոֆոնները և լսել ուսուցչին կամ դաս պատասխանող աշակերտին: Դաս չսովորած աշակերտն էլ շատ հանգիստ փախնում է դասից, բայց այս անգամ ոչ թե պատուհանից կամ ետնամուտքից, այլ ձեռքի մի շարժումով փակելով ծրագիրը:  Դասից ուշացողներ էլ կան, միանում են ավարտից 10-15 րոպե առաջ: 40 րոպե հետո զանգի փոխարեն ծրագիրը փակվում է՝ անավարտ խոսքը մնալով ուսուցչի բերանին: Հանձնարարությունը տրվում է վայբերում կամ մյուս հասանելի հաղորդակներում բացված խմբում:

Zoom  դասարանում հաճախ ձայները չեն լսվում, դասի մի մասն անցնում է այն կարգավորելու վրա կամ էլ դաս չի արվում: Ուսուցիչը ձայնային հաղորդագրություն է ուղարկում՝ դարձյալ դիմելով կապի մյուս միջոցներին. «Մի հեռացեք համակարգչի մոտից, անջատեք, 5 րոպե հետո միացեք, փորձենք, լավ»:

Հեռավար դաս է անցկացվում նաև տեխնոլոգիա առարկայից, գործնական պարապմունքները նկարահանվում են և ուղարկվում ուսուցչին:  Արմավիրի թիվ 2 դպրոցի տեխնոլոգիայի  նրբակազմ ուսուցչուհի Օլյա Չվչյանը երբեմն ձեռքն է առնում մուրճն ու սղոցը, բրիչն ու աքցանը, գտել է գործնական աշխատանքի հեռավար տարբերակը. «5-րդ դասարանում խարափորագրություն ենք անցնում, ես ցույց եմ տալիս ինչպես անել, տեսանկարահանում եմ և ուղարկում, բացատրում եմ ձայնային հաղորդագրության միջոցով և պահանջում տեսագրել, ինձ ուղարկել»:

Ընդհանրապես հեռավար դասերին հարգելի պատճառներով բացակաները քիչ չեն,  հեռախոս, համակարգիչ և ինտերնետ չունեն: Բաղրամյանի տարածքի Վանանդ գյուղի դպրոցականները դժվարություններ ունենում են: Դպրոցի տնօրեն Հայկ Խաչիկյան.

«Փորձում ենք բոլոր հարթակներից օգտվել, և՛ նախարարության կողմից առաջարկված heravar.am, և՛ Zoom ծրագրից, բայց ուսուցիչներ կան, որ վայբերով, մեսենջերով, վոթսափով, ամեն դեպքում փորձում ենք նոր նյութի հաղորդումը կամ առաջադրանքը հասցնենք աշակերտներին: Համայնքում ինտերնետ կապ կա, մինչև հեռավար կրթության անցնելը լավ էր, հիմա որոշակի արգելքներ կան, երևի համընդհանուր անցել են, դրա համար է ընդհատվում»:

Տնօրենը հեռավար դասընթացի բարդությունները  մեղմ ներկայացրեց,  ասելով՝ ոչինչ չանելուց շատ ավելի լավ է:  Գյուղերում բարձր դասարանցիների համար հեռավար դասերը դարձել են երեկոյան: Գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են, երեխաները ծնողներին են օգնում: Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյան.

«Դասերս դրել եմ իրիկվա կողմ, որովհետև բարձր դասարանցիներս դաշտերում են աշխատում, բայց դե դասերից էլ հետ չեն մնում, ժամը 6-ին դաս ենք անում մինչև 7-ը: Մյուս դասարանների համար էլ ժամ-պատարագ չկա, որը Zoom-ին չի կարողանում միանալ՝ վայբեր:  Ես բոլոր դասարաններին միացված եմ, որ տեսնեմ ինչ է կատարվում, գիշերվա ժամը 12-ին կարող է ծնողը մտածի, որ պետք է ուղարկի, ուսուցիչներին ասում եմ չնեղվեք, ծնող է, կարող է կապ չի ունեցել, չի կարողացել միանալ Zoom-ին, վայբերին, մեսսենջերին, մի խոսքով՝ ոնց հարմար է գտնում ծնողը…»:

Դասերը կարող են հետաձգվել նաև տանը 1 հեռախոս ունենալու պատճառով. «Ինտերնետ կապ չունեն, պապան գնում է դաշտ, իրիկունն է գալիս, որ պիտի իրիկունն աշխատի էդ երեխան, հասցնի: Ամեն ձևով հարմարվում ենք»:

Երեխաների մի մասը օրական 100 դրամ լիզքավորվող  ինտերնետից է օգտվում, եթե Zoom-ով են դասն անում այն  շուտ է վերջանում , դասերը կիսատ են մնում. «Մեր դպրոցից 7 աշակերտի էինք ներկայացրել նախարարության կողմից տրվող համակարգիչներ ստանալու համար, բայց ասեցին պետք է տան սոցիալապես ծանր անապահովներին, ովքեր ունեն 4 և ավելի երեխա: Թիվը կրճատել ենք  3, իսկ երբ կլինի՝ չեմ կարող ասել»:

Հեռավար կրթությունը դժվարություններ է ստեղծել  առաջին դասարանցիների ու դասվարի համար: Տառերն ավարտեցին հեռավար ուսուցմամբ:  Դպոցի է վերածվել նաև Հովհաննես Ստեափանյանի առանձնատունը՝ կինը ուսուցչուհի է, 3 երեխաները՝ դպրոցական: Յուրաքանչյուրն իր սենյակում  հեռախոսով է դասն անում, իսկ Հովհաննեսը պատշգամբում համակարգչով, հետին պլանում ցուցադրելով ծաղկած այգին, ասում է՝ երեխաներին տրամադրող տեսարան է ապահովում: Պատահել է, որ այգում աշխատելիս էլ հասարակագիտության դաս է վարել, մեկ այլ ուսուցչի խոսքով՝ բիոդաս:

Back to top button