ԿարևորՀասարակություն

Երկարացնել արտակարգ դրությունը. առաջարկում է առողջապահության նախարարությունը

Առողջապահության նախարարն այսօր Աժ-ում էր անցյալ տարվա ծրագրով կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացնելու համար, բայց պատգամավորները չկարողացան շրջանցել կորոնավիրուսի թեման: Առավոտյան նույն հարցով նա կառավարությունում էր, իսկ օրվա վերջում հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Աժ-ում նախարարի այս հայտարարությունը ոչ թե խուճապի, այլ՝ զգոնության առիթ պետք է դառնա, քանի որ ձեռնարկվում են ոլոր անհրաժեշտ միջոցառումները, բայց զուգահեռ անհրաժեշտ է նաև յուրաքանչյուր քաղաքացու բարձր գիտակցությունը:

Առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է երկարացնել երկրում հաստատված արտակարգ դրությունը: Թեեև կորոնավիրուսի հաստատված 16 կամ 11 դեպքը ավելի քիչ է՝ համավարակի ամենասկզբում ամեն օր գրանցվող մի քանի տասնյակ դեպքերից, բայց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի շտապում հայտարարել, որ իրավիճակը կայունանում է և անկում է գրանցվում:

Ընդհակառակը.

«Մենք չենք կարող համարել, որ տարածումը կանգնում է և  100 տոկոս մարում է, որովհետև առաջ, եթե մենք ունենում էինք 50 դեպք, բայց մեկ աղբյուրից, օրինակ՝ մի մեծ արտադրամասի ևս 50 աշխատող: Մենք հիմա ունենում ենք 16, 20 , 30 դեպք, բայց տասը տարբեր աղբյուրներից կամ 20 աղբյուրից: Հետևաբար, վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել և անել նույն գործողությունը, ինչը արել ենք մինչև հիմա»,- ասաց Թորոսյանը

Առողջապահության նախարարն այսօր պատգամավորների հետ խոսեց հնարավորինս բաց:  Նա չբացառեց, որ առողջապահական համակարգի, ինչպես նաև կառավարման ոլորտի համար բարդ շրջանը դեռ առջևում է Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է պարզապես չկորցնել զգոնությունը եւ ունենալ կառավարելի թվով հիվանդներ: 

«Թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և  արդեն առողջացած դուրս թողնել: Այս գործողությունը պետք է անենք այնքան ժամանակ, քանի դեռ ուժ ունենք, երբ լինենք ուժասպառ՝ ազգովի, երկրով մեկ, այդ ժամանակ  որոշ գործողություններ արանքից կհանենք՝ մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք: Մեկուսացումը էլ չենք անի, որովհետև անիմաստ կլինի, որովհետև տարածումը շատ, շատ շատ մեծ կլինի: Այս համատեքստում է պետք նայել այս բոլոր սահմանափակող միջոցառումների հանելը, խստացնելը, փոխելը»,- ասաց նախարարը:

Այսօր Հայաստանում կորոնավիրուսից գրանցվել է ևս մեկ մահ: 81-ամյա քաղաքացին դարձել է կորոնավիրուսի 12-րդ զոհը: Նախարարությունը դեպքը չի հասցրել ներառել առավոտյան ամփոփագրում: Այն կարտացոլվի արդեն վաղվա թվերում, նշեց նախարարը:  Մինչև խորհրդարան գնալը նախարարն այսօր եղել է նաև կառավարությունում: Այնտեղ էլ են փորձել հասկանալ, թե ինչ միջոցառումներ են հարկավոր ստեղծված իրավիճակում: Անգամ դիտարկել են Շվեդիայի փորձը, որտեղ կառավարությունը կանխարգելիչ միջոցառումներ չկիրառեց՝ համարելով, որ իրավիճակը սարսափելի չէ և հանրությունը պետք է իմունիտետ ձեռք բերի:

«10 միլիոն բնակչություն ունի, մոտ 800 մահ արդեն: Եթե հաշվենք մեր 2.5 միլիոնի վրա՝ ստացվում է, որ 200 մահ պետք է ունենայինք կորոնավիրուսից, որը, բարեբախտաբար, չունենք: Ունենք շատ ավելի քիչ: Ու այդ ամենը մեր վերջին 2 և ավելի ամսվա միջոցառումների շնորհիվ է, որը շատ դաժան է թե տնտեսության, թե մարդկանց հոգեբանության, թե բուժանձնակազմի ծանրաբեռնվածության վրա»,- նշեց նախարար Թորոսյանը:

Ամեն դեպքում՝ այսօր պետությունն իրեն վստահ է զգում մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական օդափոխության սարքերի առումով: 80 հատ սարք ունեինք, նորերը ձեռք են բերվել Չինաստանից: Պետությունը ձեռք է բերել նաև 60 հազար բարձր որակի թեստեր:

«Թեստավորումը միշտ արվում է ըստ ցուցումների, որպեսզի մենք հաստատենք կամ հերքենք հիվանդությունը իրական կասկածի դեպքում։ Մենք այսօրվանից ընդլայնել ենք այդ ցանկերը: Օրինակ՝ ընդգրկել ենք բոլոր կասկածելի անձանց հետ շփված բուժաշխատողներին, որը շատ կարևոր է, որովհետև, եթե մենք բաց ենք թողնում բուժաշխատողներին՝ կորցնում ենք հետագայում այդ մարդկանց կողմից հսկողություն և խնամք կատարած մարդկանց։ Ընդգրկել ենք թոքաբորբ ախտորոշում ունեցող բոլոր անձանց, այսօրվանից ընդգրկել ենք ԱՀԿ ցուցումներով հղիներին, սուր շնչառական վարակներով և հաստատված դեպքերով ծննդաբերած հղի կանանց երեխաներին»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը զգուշացնում է՝ դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ, անգամ եթե արտակարգ դրությունն ավարտվի: Դա է պատճառը, որ Արսեն Թորոսյանը վերանայել է իր սկզբնական մոտեցումը: Համավարակի առաջին օրերին նա ասում էր, որ դիմակ և ձեռնոց անընդհատ կրելը պարտադիր չէ: Այժմ անգամ միջազգային կառույցների ցուցումներն են փոխվել:

«Հիմա արդեն թե՛ ամերիկյան CDC-ն, թե՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ են տալիս կտորից դիմակներ կրել, ամեն օր պատշաճ լվանալով՝ տաք ջրով և հեղուկներով, որպեսզի մեջը միկրոբներ չմնան: Ցանկալի է կրել ինչքան հարավոր է շատ և տարբեր տեղեր, բայց թե ինչքան ինքը ձեզ կպաշտպանի՝ դա կախված է արդեն ձեզանից, որովհետև նույն ձեռքերը ավելի հաճախ լվալը, քան դիմակ կրելը առօրյայում, չի վերաբերում բժշկական անձնակազմին»,-ասաց Թորոսյանը: 

Անգամ դիմակով պաշտպանված լինելու դեպքում նախարարը խորհորդ է տալիս խուսափել մարդաշատ վայրերից, իսկ ընդհանրապես՝ չմոռանալ հաճախ լվանալ ձեռքերը և ձեռքերով քիչ դիպչել բերանին, քթին և աչքերին: Ապագայի համար նա խորհուրդ է տալիս նաև չմոռանալ «սոցիալական հեռավորություն» հասկացության մասին և այդ վարքագիծը վերածել սովորության:

Back to top button