ԿարևորՀասարակություն

Ավագ հինգշաբթի․ Ոտնլվայի արարողություն․ ուղիղ

Ավագ Հինգշաբթին Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է:

Օրվա խորհրդի մասին

Ս. Հաղորդության հաստատում

Նա՝ մինչ սեղան նստելը, վերցրեց կոնք, լցրեց մեջը ջուր և լվաց Իր աշակերտների ոտքերը՝ ասելով՝ «Եթե ձեզ չլվանամ, Ինձ հետ մաս չունեք» (Հովհ. 13: 8), ինչպես այլ տեղ էլ ասաց. «Եթե մեկը Ջրից և Հոգուց չծնվի, չի կարող Աստծու Արքայությունը մտնել» (Հովհ. 3: 5): Ապա սեղան նստեց, և ընթրիքի ընթացքում վերցրեց հացը, օրհնեց և տվեց Իր աշակերտներին՝ ուտելու, և ասաց. «Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը» (Մատթ. 26: 26): Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մատթ. 26: 27):

Ոտլվա, յուղօրհնեք

Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից առաջ, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:

Հսկման կարգ` Խավարում

Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը (սկիզբը` ժ.19.00-ին): Այն վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: Խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: Ընթրիքից հետո մատնվեց հրեաների ձեռքը, չարչարվեց և խաչի վրա մեռավ մեր փրկության համար: Մենք կարող ենք Տիրոջ շնորհած փրկությունը ստանալ, եթե մկրտվենք և հաղորդվենք Սուրբ Մարմնով ևԱրյամբ Տեր Հիսուս Քրիստոսի, Ով եկավ աշխարհը փրկելու:

Back to top button