ԿարևորՀասարակություն

Հեռավար կրթությունը՝ հեռավար քննարկման առարկա

Պատգամավորները, ուսուցիչները, ծնողները և կրթական ոլորտի պատասխանատուներն այսօր «հավաքվել» են այն նույն «վայրում», որտեղ վերջին մի քանի շաբաթներին ամեն օր այցելում են աշակերտները: Կարանտինի օրերին ZOOM-ով Հայաստանում ոչ միայն դասեր, այլև խորհրդարանական լսումներ են կազմակերպվում:

Ճգնաժամային իրավիճակում հեռավար ուսուցման փորձը, պարզվում է, հետագայում կարող է կիրառելի դառնալ, պարզապես անհրաժեշտ է ճիշտ հասկանալ և վերլուծել ծագած խնդիրները:

Էմմա Կիրակոսյանը աշակերտի ծնող է: Մասնագիտությամբ մաթեմատիկոս է, և հենց  մաթեմատիկական հաշվարկներով էլ  դիտարկում է հեռավար կրթության խնդիրները։ Դրանք՝ կրկին հեռավար եղանակով, այսօր ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարարին, պատգամավորներին և ուսուցիչներին:

«Ամեն անգամ ամեն աշակերտի ուղարկած նկարը մեծացնել, ստուգել, արված սխալները արտագրել ուրիշ թղթի վրա, նկարել հետ ուղարկել: Դա տևում է ամենաքիչը 15 րոպե: Եթե սա բազմապատկենքն 20-ով, կստանանք ուղիղ 5 ժամ: Ու սա այն դեպքում, երբ ուսուցիչն ունի 20 աշակերտ: Միայն բերածս տվյալը ապացուցում է, որ այն սպասելիքների նշաձողը, որ դրել եք, ուղղակի աբսուրդ է: Նշածս օրինակից երևում է, որ ուսուցիչը առավոտից մինչև 16.00 աշխատում է օնլայն, իսկ մնացած ժամանակը պետք է տրամադրի աշխատանքները ստուգելու համար: Հիշեցնում եմ, որ ուսուցիչը նույնպես մարդ է և ունի ընտանիք»,-նշեց Էմմա Կիրակոսյանը:

Հեռավար կրթությունը, համենայնդեպս այն մոտեցումը, որն այսօր կիրառվում է Հայաստանում,  չի հաշվարկել նաև մարմնի ֆիզիկական, կենսաբանական, բժշկական առանձահատկությունները, հատկապես երեխայի ուղեղի հնարավորությունները: Այստեղ նույնպես կա մաթեմատիկական հաշվարկ.

«Կրթության նախարարը իր ֆեյսբուքյան էջում դասաժամերն է ներկայացնում, նույն Հանրայինի  դասերը սկսում են 08.00-ին: Հետո ուսուցչի հետ պետք է դաս կատարի մինչև 5-ը՝ լավագույն դեպում, հետո էլ՝ մի աշխարհ տնային աշխատանք:  Մենք բոլոր մոռացել ենք, որ երեխաները ռոբոտներ չեն: Ասում եք՝ թող երեխաները աշխատեն իրենց երեխաներով: Իսկ եթե ծնողը մինչև 18.00-ն աշխատում է էլի օնլայն»:

Կրթական ոլորտի մասնագետները բացատրում են, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի կրթական համակարգում, իրականում չի համապատասխանում «հեռավար ուսուցում» գաղափարին: Պահի թելադրանքով օգտագործվել են բոլոր այն հնարավորությունները, որոնք իրատեսական էին: Դրանք հիմնականում «Skype» և «Zoom» հավելվածներն են:

Թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը հասկանում է, որ սա հեռավար կրթության ճիշտ ճանապարհը չէ, բայց ունենք այն,  ինչ ունենք:  

«Սա շատ բնական էր, որովհետև սրանք ամենապարզ գործիքներն էին, բայց դաս կազմակերպելու համար ամենաարդյունավետ գործիքներն են: Օգտագործում ենք սա, որովհետև գործնականում ուսուցիչները և աշակերտները մյուս գործիքները չգիտեն: Այն, որ երեխաները ՏՏ ավելի շատ գիտեն, քան մենք, կորոնավիրուսի հետ բացահայտվեց, որ  իլյուզիա է, որովհետև երեխաները գործնականում կարողանում են ինչ-որ մեսիջներից, խաղերից օգտվել, բայց սովորել , հաղորդակցվել և համագործակցել համացանցում, ընդհանրապես չեն կարողանում, այդ հմտությունները չունեն, և մեղավորը մենք ենք, որ իրենց այդ ամենը չենք սովորեցրել»,- ասաց Արտաշես Թորոսյանը:

Սա, իհարկե, ունի հիմնավորումներ՝ դպրոցներում տեխնիկական անհրաժեշտ միջոցների բացակայությունը: Նախարարության և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչները նշում են, որ երբևէ խնդիր չի դրվել հեռավար տոտալ ուսուցման անցնելու: Այդ պատճառով համակարգը պատրաստ չէր: Բայց անցյալ տարվանից գործարկվել են  հեռավար ուսուցման փորձնական դասեր: Փորձը կիրառվել է Հայաստանի երկու հեռավոր մարզում՝ ֆիզիկայի և քիմիայի ուսուցիչների սակավության խնդիրը լուծելու և դասապրոցեսից աշակերտներին հետ չթողնելու համար: Լսենք փոխնախարար Ժաննա Ալեքսանյանին և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանին:

Ժաննա Ալեքսանյան. «Մենք շուրջ կես միլիոն շահառուների միջոցով միանգամից պետք է անցում անեինք  ուսուցման հեռավար ձևին, որը, բնականաբար, իր մեջ պարունակում էր բազմաթիվ հարցեր՝ սկսած կազմակերպչականից, տեխնիկակականից մինչև բովանդակային և մեթոդական: Իհարկե, այս խնդիրը միայն մեր պետության խնդիրը չէ, մենք բազմիցս ասել ենք, որ ամբողջ աշխարհում 1 միլիարդից ավելի երեխա շուրջ 200 երկրում զրկված է կրթության առկա հնարավորությունից, և բոլոր երկրները հանդիպում են որոշակի դժվարությունների»:

Արտակ Պողոսյան. «Ցավոք, պետք է ասեմ, որ այս պահին ունենք հետևյալ խնդիրը, որ շատ հաճախ առցանց, համաժամանակյա հանդիպումները նույնացվում են հեռավար կրթության հետ, բայց հեռավար կրթությունը շատ ավելի լայն է և կազմակերպվում է այլ մեթոդներով:  Տեսեք, մեր ուսուցիչները հաճախ փորձում են այն դասացուցակով, որն  ունեցել են առկա ուսուցման պայմաններում, իրականացնել օնլայն դասերը: Դա հանգեցնում է տարբեր խնդիրների, ուսուցիչների, աշակերտների ծանրաբեռնվածության: Մենք խորհուրդ ենք տալիս համակցել համաժամանակյա օնլայն մեթոդը այլ մեթոդների հետ: Օրինակ՝ ուսուցիչը պետք է  կարողանա պլանավորել ոչ թե օրական դասը, այլ՝ շաբաթական պրոցեսը: Հեռավարի համար սա շատ կարևոր է»: 

Մեթոդական, տեխնիկական և բազմաթիվ այլ խնդիրների կողքին հեռավար կրթության մեջ  կա ևս մեկը, որի վրա ուշադրություն է հրավիրում ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը․ համավարակի առաջին իսկ օրվանից աշակերտներ-դպրոց կապը պահպանվեց ծնողական խմբերի, ինչպես ընդունված է ասել «չաթ»-երի միջոցով:

«Այս «չաթերում» տնային առաջադրանքներ, վիդեոնյութ ուղարկելու պահանջը կամ առաջարկը, կարծում եմ, խտրականացման նոր իրողությունների պատճառ կարող է դառնալ: Այս դեպքում մենք գործ ունենք անձնական տարածքներ ներխուժելու և այդ տարածքները տեսանելի դարձնելու երևույթների հետ: Կարծում եմ՝ այստեղ պետք է շատ զգույշ լինել»:

«Zoom»-ում այսօրվա ներկայացուցչական հավաքը հենց այնպես չէր կազմակերպվել: 3 ժամ տևած հանդիպման ընթացքում հնչեցին տարբեր առաջարկներ և լուծումներ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը բարձրաձայնեց հեռավար կրթության հնարավոր հեռանկարներից մեկը.   

«Կան համարձակ կարծիքներ, որ հեռավար ուսուցումը  գուցե ոչ միջնակարգ, բայց ավագ դպրոցում պետք է գա փոխարինելու գործող համակարգին, կան մարդիկ, որոնք  առավել պահպանողական հայացքներ ունեն, կարծում են, որ հեռավար կրթությունը պետք է սահմանափակենք միայն հեռավոր շրջաններում ուսուցիչների անձնակազմի, ուսուցիչների, աշակերտների սակավաթվության, ինչպես նաև հիվանդություններ ունեցող աշակերտների համար ուսուցումը ապահովելու համար: Այսինքն՝ մտքերը, գաղափարները տարբեր են: Բայց ակնհայտ է, որ մենք պետք է այսօր փորձենք գտնել  հարցի պատասխանը, թե ինչ դեր է ունենալու հեռավար կրթությունը համաճարակի հաղթահարումից հետո»:

Քննարկման ընթացքում, ի դեպ, կարծիք հնչեց, որ շատ ուշ ենք փորձում հասկանալ հեռավար կրթության խնդիրները, քանի որ անհրաժեշտ մեթոդաբանությունը պետք է վաղուց մշակված լիներ՝ հաշվի առնելով սահմանների փակ լինելը և պատերազմական իրողությունը:  

Back to top button