ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսի զանգվածային թեսթավորումներ կլինեն. արդյո՞ք հայկական թեսթերը կհասցնեն օգտակար լինել

Կորոնավրուսի զանգվածային թեսթավորում անցկացնելը կառավարությունը գերակա խնդիր է համարում։ Դրան այսօր կրկին անդրադարձ է կատարվել կառավարության նիստում։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է վաղվանից օրական թեսթավորումների քանակը 1000-ի հասցնելու մտադրությունը։ Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ վերջերս տեղական թեսթեր արտադրելու առաջարկ էր արել ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։

Առաջարկը քննարկվել եւ ընդունվել էր։ Կառավարությունն օրերս հայտարարեց  ինստիտուտին 550 հազար դոլարի չափով աջակցության մասին։ Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն այսօրվա օնլայն մամուլի ասուլիսում նկատել է, որ դա պրոգրես է՝ գիտություն-կառավարություն համագործակցության օրինակելի կամուրջ եւ հույս ունի, որ այն կշարունակվի նաեւ այլ գիտական ոլորտներում։ Նա ներկայացրել է, թե ինչպես են ընթանում կորոնավիրուսի ախտորոշման հայկական թեսթերի արտադրություն սկսելոի գործերը։

Ապրիլի 9-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 40 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 921-ի: Մահերի թիվը 10 է։ Ապրիլի 9-ին անցկացվել է 236 թեստ, որից կորոնավիրուս հաստատվել է 28 քաղաքացու մոտ։ Այս տվյալներն այսօր հրապարակվեցին կառավարության նիստում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց նաեւ որոշակի անճշտությունների մասին. կորոնավիրուսով վարակված 921 քաղաքացուց 12 -ի մոտ անճշտություն կա՝ ասաց, ապա պարզաբանեց.

«Թեմային վերաբերող ամբողջ տեղեկատվությունը ինտեգրել ենք եւ ստեղծել ենք թվային համակարգ, որտեղ օնլայն ռեժիմով գործնականում թարմացվում են տվյալները։ Եվ այս ճշգրտումների ընթացքում մենք հայտնաբերել ենք 12 անճշտություն։ Իհարկե, դեռ եւս մեկ անգամ կստուգվի այդ անճշտությունը, հետեւաբար, ընդհանուր թվի հաշվառման առումով մենք պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 921 դեպք։ Առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք։ Այսինքն, այսպիսի անճշտությունները տոկոսային հարաբերությամբ հնարավոր են, որովհետեւ դա կապված է լինում երբեմն պացիենտին մի հիվանդանոցից մյուսը տեղափոխելու հետ, դրական ախտորոշումից հետո ախտորոշման վայրից դուրս գալու եւ  դեռեւս որեւէ բուժհիմնարկում դե յուրե չգրանցվելու հետ։ Սա իհարկե մեծ բան չի փոխում մեր տվյալների մեջ, բայց մեր աշխատանքի թափանցիկության սկզբունքին հավատարին մնալով, մենք այսպիսի անճշտությունները, եթե լինեն, ժամանակ առ ժամանակ կուղղենք»,- ասաց Փաշինյանը։  

Շարունակում ենք պահպանել զգուշավոր լավատեսությունը, ասում է կառավարության ղեկավարը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում սպասվում է բուժված ու մեկուսացումից դուրս եկող քաղաքացիների որոշակի աճ։

Վաղը պարետատունը կքննարկի երկուշաբթի օրվա կարգավորումներն ու անելիքները։ Ինչպես և նախապես հայտարարվել էր՝ կառավարությունը նպատակ ունի վաղվանից արդեն ամեն օր կորոնավիրուսի բացահայտման հազար թեստ անցկացնել, սակայն, թեստավորում կանցնեն միայն նրանք, որոնց համար ցուցումներ կան՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առանց որեւէ չափանիշի հրավիրել եւ թեսթավորել՝ դա ուղակի կլինի ժամանակի եւ ռեսուրսի անիմաստ կորուստ։ Վաղվանից մենք ցուցումով, մասնավորապես, բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիներին, վիրուսային այլ հիվանդություններ ունեցողներին պարտադիր կթեսթավորենք եւ արդյունքներով, թերեւս, ավելի ամբողջական պատկերացում կկազմենք մեր ընթացիկ իրավիճակի մասին»,- նշեց վարչապետը։

Կորոնավիրուսի զանգվածային թեստավորում իրականացնելու կառավարության կողմից դրված գերակա խնդրի լուծման համար ձեռք մեկնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ առաջարկելով տեղական ախտորոշիչ թեսթեր արտադրել։ Կառավարությունն առաջարկը հավանության արժանացրեց, որոշեց միջոցներ հատկացնել։

ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն այսօր մանրամասնեց, թե ի՞նչ փուլում են գտնվում աշխատանքները.

«Ներկայումս մենք քննարկում ենք արտադրության հետ կապված նախապատրաստական եւ ֆինանսակազմակերպական-տեխնիկական հարցերը։ Միաժամանակ՝ ինստիտուտում իրականացվում են արտադրության ենթակառուցվածի նախապատրաստական աշխատանքներ։ Ինստիտուտն ունի նմանատիպ աշխատանքների բավականաչափ մեծ փորձ եւ գիտական ու տեխնիկական ներուժ։ Մենք այն կներդնենք  այս նախագծի մեջ, ինչը կապահովի նախագծի հաջող իրականացումը»,- ասաց Առաքելյանը։

Որակական առումով տեղական ախտորոշիչ թեսթերը չեն զիջելու գոյություն ունեցողներին՝ վստահեցրեց Արսեն Առաքելյանը։ Հեռանկարում արդյո՞ք նախատեսվում է դրանք նաեւ արտահանել, թե ոչ՝ բացառված չէ, սակայն, առայժմ վաղ է այդ մասին խոսելը, քանի որ ինստիտուտն առաջնային խնդիրներ ունի լուծելու՝ նախ ներքին պահանջարկը պետք է բավարարվի. 

«Առաջինը՝ փորձել ստանալ  ավելի մատչելի ախտորոշիչ թեստեր, 2 կազմակերպել թեստերի դեֆիցիտի պայմաններում բավարար քանակով անխափան մատակարարում, 3 շահել ժամանակ, որն այս գործում այս պահին շատ կարեւոր գործոն է»,- ասաց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը։

Անհրաժեշտ սարքավորումները կան, բայց այժմ մտածում են որոշ սարքավորումներ ձեռք բերելու մասին, որոնք կարող են արտադրական գործընթացը պարզապես արագացնել։ Այդ սարքերը կարող են նաեւ ձեռբ բերվել, երբ արտադրությունն անգամ արդեն մեկնարկած կլինի։  Բուն արտադրությունը կսկսվի, երբ պահանջվող նյութերը ձեռք կբերվեն։  

«Արտադրությունը հիմնված է լինելու արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա, որի համար անհրաժեշտ հումքը/նյութերը հնարավոր է ձեռք բերել։ Իրականում այդ նյութերի պակաս աշխարհում չի նկատվում, սակայն, նկատվում է  հենց արդեն պատրաստի ախտորոշիչ թեսթերի դեֆիցիտ, եւ յուրաքանչյուր երկիր այս պահին փորձում է լուծել իր ներքին պահանջարկի հարցը»,- ասաց Առաքելյանը։

Անհրաժեշտ նյութերը գնելու ուղղությամբ էլ հիմա բանակցություններ են ընթանում տարբեր երկրների արտադրողների հետ՝ ամենահուսալի եւ մատչելի տարբերակի վրա կանգ առնելու համար՝ հավելեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը։ Նա վստահեցրեց, որ առաջիկայում արդեն այդ ամենի մասին առավել հստակ թվերով կխոսի՝ ներկայացնելով արտադրության առաջին արդյունքները։

Back to top button