ԿարևորՏնտեսական

Կառավարությունը հաստատել է ևս մեկ հակաճգնաժամային միջոցառում

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը, որը ներկայացրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա իր խոսքում նշել է, որ այս միջոցառումը թիրախավորում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին:

Շահառու են հանդիսանում 2020 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անձինք, որոնք`

1. 2019 թվականին ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

2. 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր (ինքնազբաղվածներ)

3. 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։ 2020-ի հունվարի 1-ից դիմել են որ ընդգրկվեն միկրոձեռնարկատերերի ցանկում:

Ինչպես ՊԵԿ նախագահն է նշել, աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020-ի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Բացի այդ, միանվագ աջակցություն են ստանում նվազագույն աշխատավարձի չափով այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ եւ չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր, ինչպես նաեւ այն անձինք, որոնք 2020-ի ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ ունեն ներկայացրած ՀԴՄ-ի ստացման հայտ, սակայն ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ շտեմարանում չունեն ակտիվացված նոր սերնդի ՀԴՄ:

«Օժանդակության հիմքում դրվում է մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների իրացման շրջանառության հասույթը»,-նշել է Դավիթ Անանյանը: Նա հստակեցրել է, որ այդպիսի շրջանառություն է համարվում ՀՀ ՊԵԿ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում շահառու հանդիսացող անձի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված հասույթների և ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային հասույթների հանրագումարը։

Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, որոնք ունեն 2 և ավելի աշխատակից, քանի որ նրանք կարող են լինել հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շահառու: Բացի այդ, աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, որոնց կողմից 2020-ի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է վեց միլիոն դրամը:

Back to top button