ԿարևորՀասարակություն

Covid-19 Armenia հավելվածի միջոցով կարմիր գոտում հայտնված անձանցից 12-ը թեստավորվել է

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանն այսօր կառավարության մամուլի կենտրոնում ներկայացրել  է  կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված թվային գործիքները, որոնց նպատակը վիրուսի տարածումը կանխելն է,  հիվանդի հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելը:

Հայաստանում երեկվանից գործում է հեռախոսների միջոցով մարդկանց տեղորոշելու համակարգը։ «Համակարգի միջոցով ինքնամեկուսացվածներ դեռ չկան»,– Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ասել է փոխվարչապետ  Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը:

Նա պարզաբանել է, թե ինչ կանոններ են գործում ինքնամեկուսացման ցուցում ստացած անձանց համար։

Մեկուսացման վայրը լքելու դեպքում՝ ավտոմատ համակարգը հաղորդագրությունը  փոխանցում է  ՀՀ ոստիկանություն։  Հիվանդի հետ ունեցած շփումների շրջանակը  պարզելու համար  օգտագործվում են բջջային օպերատորների տրամադրած տվյալները։  Հավաքագրվում են  հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկություններ։

«Ինքնամեկուսացված անձինք պատասխանում են առողջական վիճակի վերաբերյալ հարցերին, ապա ինքնալուսանկարվում են, որ հասկանանք, թե որ մեկուսացված անձն է և որտեղ է։ Այդ ընթացքում հավաքագրվում է տեղեկատվություն գտնվելու վայրի մասին, որով հավաստիանում ենք, որ չեն լքել իրենց մեկուսացման վայրը: Եթե քաղաքացին լքում է տարածքը, ապա հաղորդագրությունը փոխանցվում է ոստիկանություն,  ոստիկանությունն էլ համապատասխան ստորաբաժանում  է ուղարկում մեկուսացման հասցե  պարզելու՝ խնդիրը տեխնիկակա՞ն է, թե՞ անձն իսկապես լքել է տարածքը», — ասաց Տիգրան Ավինյանի խորհրդականը։

Եթե պարզվում է, որ քաղաքացին լքել է ինքնամեկուսացման վայրը, ապա ենթարկվում է վարչական տույժի։ Եթե խախտումը  մի քանի անգամ  է կրկնվում,  տեղափոխվում է  մեկուսացման վայր:  Առողջական վիճակի մասին ինֆորմացիան նույնպես  հավաքվում է և կասկածների դեպքում փոխանցվում առողջապահության նախարարության աշխատակիցներին։ Եթե կասկածները հաստատվում են, թեստավորման ցուցում է տրվում։

Բագրատ Բադալյանը հայտնեց նաև, որ հայ ծրագրավորողների ստեղծած  COVID 2019 Armenia հավելվածի միջոցով, որը շուրջ 40 հազար բեռնում ունի, արդեն 240 հազար թեստ է իրականացվել։ Թերևս նույն անձի կողմից՝ մի քանի անգամ։

«Շուրջ 1500 մարդ հայտնվել է «կարմիր գոտում»։ Հարցազրույցի միջոցով 31 դեպք արձանագրվել է, 12 անձի  թեստավորել են, 4-ի դեպքում պատասխանը դրական է եղել»,- նշեց Բագրատ Բադալյանը։ 

Ակնկալվում է, որ այսօր արդեն պարետատունը  կունենա  համակարգի միջոցով  հայտնաբերված և ինքնամեկուսացված անձանց ցանկը։ Օրենքի համաձայն և կառավարության որոշմամբ՝ հեռախոսազանգերի ֆիքսման միջոցով  հավաքված տվյալները  ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում։ 

Կառավարությունը դիմելու է ԱԺ խմբակցություններին՝ մասնակցելու այդ գործընթացին։ Տվյալները  ոչնչացվելու են  նաև ֆիզիկապես՝ սերվերների ֆիզիկական ոչնչացման եղանակով։

Back to top button