ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանի պայմանը և իշխանության ակնկալիքը ապրիլյան քննիչ հանձնաժողովից

Շուրջ 9 ամիս խորհրդարանում գործող  ապրիլյան պատերազմի  հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն հասցրել է հրավիրել  առանցքային բազմաթիվ նախկին և ներկա պաշտոնյաների:  Հանձնաժողով  գալու  առաջարկը դեռ չի ընդունվել նախկին պաշտոնյաներից միայն մեկի  կողմից․ ԶՈւ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն առայժմ չի ցանկանում պատասխանել պատգամավորների հարցերին:

Մինչդեռ քննիչ հանձնաժողովի անդամներին հարցերին արդեն պատասխանել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, իսկ օրերս հայտնի է դարձել, որ հանդիպելու հրավերն ընդունել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախկին նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը համաձայնել է  ապրիլի 16-ին մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին, իսկ  ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի հրավերն առայժմ առկախված է: Խորհրդարանական քննիչ հանձնաժողովում, սակայն, դեռ հույս ունեն, որ նախկին պաշտոնյան չի խուսափի հանձնաժողով ներկայանալուց և անհրաժեշտ հարցերը պարզաբանելուց:

«Յուրի Խաչատուրովի մերժումը շատ անակնկալ էր մեր հանձնաժողովի և ինձ համար: Ես Յուրի Խաչատուրովի հիշում եմ 1990-ականներից, երբ նա եկավ Հայաստան և մեր բանակաշինության ակունքներում էր կանգնած: Չէի կարծում, որ այդպես կվարվի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելու փոխարեն Խաչատուրովը մեծ պատրաստակամությամբ պարզաբանումներ է տվել  հեռուստաընկերություններից մեկի  պատրաստած և  վերջերս ցուցադրված «Հաղթական ապրիլ» ֆիլմում, որտեղ նախկին պաշտոնյաները փորձում  են ներկայացնել, թե իրականում ինչ է եղել 4 տարի առաջ: Արդյո՞ք խորհրդարանական քննիչ հանձնաժողովի աշխատանքն ամբողջական պատկեր կստանան այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը ներկայանա, իսկ Յուրի Խաչատուրովը՝ ոչ:

Հանձնաժողովի նախագահի Անդրանիկ Քոչարյանը 1in.am-ին տված հարցազրույցում պարզաբանել է.

«Ես պարզապես ձեզ մեկ փաստացի տվյալ ասեմ: Այսօրվա դրությամբ ապրիլյան հանձնաժողովի տրամադրության տակ գտնվում է 100 ժամից ավելի վիդեոնկարահանումներ, որոնք առնչվում են ապրիլյան դեպքերին, հանձնաժողովը հազարավոր էջեր նյութեր է ուսումնասիրել, և եթե պարոն Խաչատուրովը խոսում է այդ թեմայով մակերեսային, մեզ մոտ շատ ավելի մանրամասն ուսումնասիրություններ կան: Ընդհուպ մենք ուսումնասիրել ենք նաև այն ուսումնասիրությունը, որը արվել է Պն հանձնարարությամբ՝ Սեյրան Օհանյանի,  Գլխավոր շտաբի կողմից: Բնականաբար, այդ ամենը ուսումնասիրելուց հետո մեզ մոտ մնացել են հարցեր, և ոչ թե պետք է ֆիլմով  մեզ նկարագրեն իրողությունները, այլ՝ փաստերով: Դրան էր միտված մեր հրավերը երկու կարևորագույն պաշտոնյաներին՝  ԳՇ պետ Յուրի Խաչատուրովին  և այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին: Տեսեք՝ այդ ֆիլմում Սերժ Սարգսյանն ասում է, որ խաբել է՝ ոչ թե 800 է, այլ 400 է, X քաղաքի, թե Y քանակի դիրքեր են հանձնված, բայց ես ասում եմ X ու  Y, որովհետև ես գիտեմ ճիշտ թվերը: Այդ թվերի մասին իրենք երբեք չեն ասում: Ես ասում եմ այն հարցերը, որոնք ընդհանուր հարցերի փոքր նշույլներն են»,- ասել է Քոչարյանը:

Այս պահին միանշանակ է այն, որ Սերժ Սարգսյանը չի մերժել հանձնաժողովի հրավերը: Գնալու պայման ունի՝ նիստը պետք է ձայնագրվի: Հանդիպման օրը՝ ապրիլի 16,  ժամը 14.00,  նախնական է: Սերժ Սարգսյանը կմասնակցի նիստին այն դեպքում, «եթե Հայաստանում վերացված լինի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը»: Սա հատված է երրորդ նախագահի գրասենյակի պատասխանից՝ ուղղված քննիչ հանձնաժողովին:

Այնտեղ, ի դեպ, պատրաստ են ապահովել անվտանգության բոլոր պայմանները: Վստահեցնում են, որ թեև  քննիչ հանձնաժողովը նիստեր է գումարում  աշխատանքային այն տարածքում, որտեղ մուտքը խիստ սահմանափակ է, բայց հարկ եղած դեպքում նաև դեմ չեն լինի նախապես դիմել պարետին՝ կորոնավիուսի թեստեր հանձնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս նշել է, որ Սերժ Սարգսյանի ու Յուրի Խաչատուրովի՝ հանձնաժողով ներկայանալը կլինի աշխատանքների կուլմինացիան։ Մեկ տարի առաջ ապրիլյան պատերազմի մասին նա ասել էր.

«Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական նյութերի բացակայության կամ պակասության մասին: Մեր հանրությունը և մենք բոլորս ունենք շատ հարցեր ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ և դա նշանակում է, որ մենք պետք է շատ հանգիստ, հանդարտ գտնենք այդ հարցերի պատասխանները»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Մի կողմից՝ «հանրությունից ոչինչ չթաքցնելու» երրորդ նախագահի և մյուս կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «բոլոր հարցերի պատասխանները գտնելու»  մասին հայտարարություններին զուգահեռ օրերս տարածվեց  նաև երրորդ հայտարարությունը՝ առաջին նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանի կողմից: Արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի պատճառով պատերազմական վիճակի թելադրանքով՝ հասարակության մեջ հանդուրժողականություն սերմանելու անհրաժեշտ քայլերի շարքում  նա չորրորդ կետով կոչ է արել «սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»։

Խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ներկայացմամբ՝ Սերժ Սարգսյանի պարզաբանումները լսելուց հետո հանձնաժողովի աշխատանքները չեն ավարտվելու: Քննիչ հանձնաժողովը դեռ անելիք ունի:

Հանձնաժողովի գործունեության վերջնաժամկետն այս տարվա հունիսն է: 2019-ի մայիսի 31-ի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի գործունեությունը երկարաձգվել է 6 ամիս ժամկետով՝ առաջին 6 ամսվա աշխատանքից հետո: Ստեղծումից ի վեր հանձնաժողովում  ուսումնասիրվել է մոտ 25 000 էջ փաստաթուղթ։ Գործունեության արդյունքը լինելու  է հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:

Back to top button