ԿարևորՀասարակություն

Պաշտպանիչ դիմավահաններ «Արմաթից»` բուժանձնակազմին

«Արմաթ» ինժեներական լաբորատորիան մտքի ուժի գործադրմամբ պաշտպանիչ դիմավահաններ է մոդելավորել ու պատրաստել բուժաշխատողների համար:   Արմավիրի մարզից  «Արմաթի» 5 խմբավար միավորելով ուժերը՝  4 օրում պատրաստել են  150 դիմավահան: Այն ստացել են եռաչափ տպիչի միջոցով՝ օրգանական նյութերից ստացված պլաստմասսայի և անօրգանական պլաստիկատի կիրառմամբ: Դիմավահանները հանձնել են Արմավիրի մարզպետարանին:

Հեռավար դասընթացի անցնելու կապակցությամբ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հաստոցները տեղափոխվել են խմբավարների տներ: Օլյա Չվչյանն «Արմաթի»  խմբավարներից է, աշխատում է Արմավիրի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 դպրոցում, միաժամանակ դասավանդում  տեխնոլոգիա:

Արտակարգ դրության պայմաններում նրա  աշխատանքը կրկնապատկվել ու եռապատկվել է: Բացի դասերից հանձնառություն ունի օգնել բուժաշխատողներին: Գործը գլուխ է բերել Գորիսի  «Օգմենթար» ընկերության գործընկերների միջոցով, որոնք արտադրում են եռաչափ տպիչներ և մոդելավորել  դիմավահաններ.

«Ընկերությունը դիմավահանի մոդելը պատրաստեց  և տեղադրեց իր կայքում: Մենք վերցրեցինք և փորձեցինք ինքնուրույն կառուցել 3D տպիչով: Բոլոր մարզերում, որտեղ կան «Արմաթ» ինժեներական լաբորատորիաններ, բոլորը միահամուռ ուժերով սկսեցին աշխատել: Մեզ է միացել նաև Արցախը»:

 Օլյան ասում է, որ Արմաթը մի մեծ համերաշխ ընտանիք է, մեկը-մյուսին հասնող ու օգնող, դրանից միայն աշխատանքն է շահում: Հետո մոտենում է եռաչափ տպիչին, բացատրում աշխատանքը, թվում է, թե խոսում է իր օգնական տպիչի հետ. «Քանի որ թվածրագրային կառավարվող հաստոց է, մենք նախապես ծրագրով պատրաստում ենք 3D մոդելը, հատուկ ծրագրով գեներացնում ենք կոդը, տալիս ենք սարքավորմանը և այն աշխատում է»:

Այնուհետև  միացնում է սարքը, տալիս անհրաժեշտ հրահանգավորումն ու սպասում դետալի կառուցմանը.

«Ունենք M, S, L չափերը, դնում ենք համապատասխան չափը, ընտրում անհրաժեշտ ջերմաստիճանը և ինքնաբերաբար սարքն աշխատում է: Միայն պետք է ուշադիր լինենք, որպեսզի խոչընդոտ չլինի և նորմալ կերպով մեր հաստոցը կատարի իր աշխատանքը»:

Մեկ դիմավահանի դետալի համար պահանջվում է 1 ժամ 45 րոպե, իսկ 1 օրում 10-12 դիմավահանի պատրաստման համար՝ մի ամբողջ օր: Աշխատում է մինչև կեսգիշեր: Օգտագործվող հումքն օրգանական  ծագում ունի, պատրաստված է եգիպտացորենից  կամ շաքարեղեգից, բնական այլ բաղադրիչներից, էկոլոգիապես մաքուր պլաստմասսա է ստացվում:  Այս նյութը 220-230 աստիճան ջերմության տակ հալվելով՝ շերտ-շերտ հավաքում է անհրաշեշտ դետալը, որին ամրացվում է թափանցիկ պլաստիկատ՝ դառնալով պաշտպանիչ դիմավահան:

Պլաստիկատը սովորական գրքի կազմ է: Պատրաստի դիմավահանը ամբողջությամբ  ախտահանվում է և  փաթեթավորում: Բացի պատրաստվող դետալներից մնացած բոլոր նյութերը խմբավարներն իրենց միջոցներով են գնել:

 Օլյա Չվչյանի տան միջանցքն արդեն մի քանի շաբաթ վերածվել է Արմաթ ինժեներական լաբորատորիայի, որտեղ  գրեթե ամբողջ օրը լսվում է եռաչափ տպիչի ձայնը, տնեցիները դժգոհում են,  Օլյան՝ գոհանում: Այսպես նա իր փոքրիկ լուման է ներդնում բուժանձնակազմին վարակից պաշտպանելու գործում:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close