Որտե՞ղ ու ովքե՞ր են վերանորոգում թոքերի արհեստական օդափոխման սարքերը


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս պահին աշխատում է թոքերի արհեստական օդափոխման սարքերի տեղական արտադրություն սկսելու նախագծի վրա։ Գործընթացը՝ մոդելավորումից մինչև սերտիֆիկացում, ժամանակատար է, բայց ըստ ոլորտը համակարգող նախարարի՝ հնարավոր են նաև արագ լուծումներ։
Սարքերի արտադրության համար, Հակոբ Արշակյանի կարծիքով, Հայաստանը ներուժ ունի, և պետք է օգտագործել այն հնարավորությունը, որ աշխարհում դրանց պահանջարկը տասնյակ անգամ գերազանցում է առկա արտադրական հզորությունները:
Քանի դեռ սարքավորումների արտադրությունը չի սկսվել, նախարարությունն ապահովում է անսարք սարքերի վերանորոգումը։ Հակոբ Արշակյանն ասել է, որ արդեն 10 վերականգնված սարք պատրաստ են տրամադրել առողջապահության նախարարությանը:
Արձագանքման համակարգ, տարբեր տեսակի տվիչներ ու սենսորներ, որոնք գնահատում են հիվանդի վիճակը։ Սրանք պարտադիր պահանջներ են, որոնք պետք է ունենան թոքերի արհեստական օդափոխման սարքերը։ Իրականում դրանք այնքան էլ պարզ համակարգեր չեն, որքան թվում են առաջին հայացքից։
Պարզաբանում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։
«Արձագանքման ու չափման համակարգեր պետք է ունենան այս սարքերը, որպեսզի ավելի չվատթարացնեն հիվանդի վիճակը ։ Այդ սարքերը միայն պոմպի դեր չեն կատարում, այլ ամբողջապես փոխարինում են շնչառական համակարգին։ Անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի կամ բժիշկներին տեղեկացնի այս կամ այն իրավիճակի մասին, անհրաժեշտության դեպքում ՝ անջատվի»,-ասում է նախարար Արշակյանը։
Նրա տեղեկացմամբ՝ այս պահին թոքերի արհեստական օդափոխման նմանատիպ 10 վերականգնված սարքեր կան, որոնք պատրաստ են տրամադրել առողջապահության նախարարությանը։
Հակոբ Արշակյանն ասում է ՝ այս օրերին մասնագետներից տարբեր առաջարկներ են ստանում: Դրանցից որոշները լուրջ սարքեր են, բայց մեծամասնությունը 3D պրինտերով տպված սարքեր են, որոնք մեծամասամբ չեն լուծում դրված խնդիրները։
«Ամեն օր զանգեր ու նամակներ են ստացվում որևէ հիվանդանոցում դուրս գրված և չշահագործվող անսարք սարքերի մասին, որոնք տրամադրում են ինժեներական ասոցիացիային՝ ինժեներական քաղաքին: Նրանք դա վերանորոգում և բերում են աշխատանքային վիճակի»,- նշում է Արշակյանը:
Թոքերի արհեստական օդափոխման սարքերի նախատիպի պատրաստման համար մի քանի ամիս կպահաջվի՝ ասում է Հակոբ Արշակյանը։ Մինչ այդ մասնագետները դրանք կվերանորոգեն Ինժեներական քաղաքում։


Ինժեներական ասոցիացիայի գործադիր տնօրեն Վարդան Ալեքսանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ ասոցիացիայի անդամ գրեթե բոլոր ընկերություններից մասնագետներ են ներգրավվել։ Պատմում է՝ դեռ փետրվարի վերջերին, երբ աշխարհում կորոնավիրուսը տարածվում էր, բոլոր երկրներն ունեին թոքերի արհեստական շնչառությունը ապահովող սարքերի կարիք։ Այդ փուլից սկսել են քննարկել հարցը ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հորդորով առաջարկներ են ներկայացրել։
«Առանց ժամանակ կորցնելու մեր պատրաստակամությունը հայտնեցինք վերանորոգելու հիվանդանոցներում առկա , արդեն չօգտագործվող սարքերը։ Նրանց մեծ մասը լավ վիճակում են, բայց ինչ–որ անսարքությունների կամ վերազինման պատճառով երկրորդական պլան են մղվել։ Դրան զուգահեռ սկսեցինք նաև վերանորոգել՝ մինչև պետական մարմինները համակարգված մոտեցում կցուցաբերեն»։
Ինժեներական ասոցիացիայի անդամները սարքավորումները վերանորոգում են անվճար։ Արտադրամասում հատուկ պայմաններ են ստեղծել։ Սարքերը ստանում են տարբեր բուժհաստատություններից, անսարքությունները տարբեր աստիճանի են։
«Լինում են ապարատային վնասվածքներ, ծրագրային կամ մեխանիկական խնդիրներ։ Ինժեներական տեսանկյունից սարքերը վերանորոգվելուց հետո բերվում են աշխատանքային նորմալ վիճակի»,- նշում է նախարարը։
Հայաստանում, զրուցակցիս խոսքով, կենսաբժշկական ճարտարագիտության պրոֆեսիոնալ մասնագետներ կան, որոնց փորձն ու գիտելիքներն այսօր կարող են շատ օգտակար լինել։