ԿարևորՀասարակություն

Հայ ինժեներները նոր շնչասարք են ստեղծել

Թագավարակի տարածման օրեցօր աճող տեմպերի պայմաններում ինչպե՞ս օգտակար լինել հասարակությանը. այս մասին մտածել են երիտասարդ ինժեներներն ու շնչառության նոր բուժսարք ստեղծել։ Իրենց know how-ի մասին էլեկտրոնային նամակով տեղեկացրել են վարչապետին, առողջապահության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարներին։

 «Սարքը թթվածնով հարուստ օդ է մղում դեպի թոքեր և հարկ եղած դեպքում նաև թոքերից արտամղում է այն։ Ավելի ծանր հիվանդները չեն կարողանում նույնիսկ արտաշնչել, այս սարքավորումը նաև այդ հարցը կլուծի»,-ասում է ինժեներ Արթուր Շահինյանը։  

Արհեստական շնչառության սարքը նախագծելիս նախ խորհրդակցնել են շտապ օգնության բժիշկների, ռեանիմատոլոգների և մի շարք այլ մասնագետների հետ, համացանցի օգնությամբ ուսումնասիրել են աշխարհում լայն տարածում ունեցող նմանատիպ սարքավորումների կառուցվածքը և ընկերներով գործի անցել։ Քանի որ շինանյութի տեխնիկայի խանութները փակ են, հավաքել են տարբեր տեղերից սարքավորումներ ու դետալներ, հիմնական մասերն էլ 3Դ տպիչով են ստեղծել՝ էկոլոգիապես մաքուր նյութերով։

Նորաստեղծ բուժսարքավորումն արդյոք համապատասխանում է  միջազգային չափորոշիչներին հարցին՝ Արթուր Շահինյանը պատասխանում է.  «Կոպիտ ասած՝ այո, այս պահի դրությամբ 100 տոկոսով չենք կարող երաշխավորել, բայց 90 տոկոսով համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։  Այն կարող է առաջին պահին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել»։

Արթուր Շահինյանը նորաստեղծ և քիչ ծախսատար շնչասարքի մասին էլեկտրոնային նամակով տեղեկացրել է վարչապետին, առողջապահության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարներին. «Նամակի մեջ  գրել էինք, որ կարող ենք համագործակցել էլեկտրոնիկայի հետ կապված ցանկացած հարցով, օգնություն ցուցաբերել, բուժսարքավորումներ վերանորոգել»։

Մինչև նամակի պատասխանը ստանալը, Արթուրն ու ընկերները ժամանակ չեն կորցնի կաշխատեն նորաստեղծ շնչասարքի կատարելագործման վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button