ԿարևորՀասարակություն

Կարանտինային «զինադադարն» ու գյուղատնտեսությունը

Վերջին օրերի ցուրտը շատերիս մտահոգել է՝ արդյո՞ք կա ցրտահարության վտանգ։ Գյուղոլորտի մասնագետի կանխատեսումները հուսադրող են։ Ցրտահարություն չի լինի, բայց գյուղատնտեռսության վրա իր բացասական հետքը կթողնի կարանտինային «զինադադարը»։ 

«Ցրտահարության վտանգ չկա, այս օրերի ցուրտ  եղանակը բերքի վրա էական ազդեցություն ունենալ  չի կարող»,-  վերջին օրերի եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված անհանգստությունը  շտապում է փարատել Ագրոգյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը․

«Արարատյան հարթավայրում՝ միանշանակ ոչ։ Լեռնային ու նախալեռնային գոտում էլ  վար ու ցանքսը չի սկսվել։ Նոր-նոր փոքր հողակտորներն էին սկսել մշակել , այնպես որ  գյուղատնտեսությանն այս առումով վտանգ չի սպառնում։ Կարծում եմ՝ օրերն էլ տաքանալու են»։

Բերբերյանին այսօր ուրիշ խնդիր  է անհանգստացնում․ մեղուներն են այս տարի նվազել, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ  բերքի փոշոտման վրա։

«Մի կողմից անձրևները, մյուս կողմից՝ մեղվաքանակի անկումը բերելու են նրան, որ մրգի բերքը պակասելու է, քանի որ ծառերը չփոշոտվեցին։ Այսօր դա ավելի լուրջ խնդիր է, քան ցրտահարությունը»։

Նախորդ ձմեռը ձյունաշատ չէր, արդյո՞ք երաշտը չի սպառնում գյուղատնտեսությանը։ Հրաչ Բերբերյանն այս առումով էլ  մտահոգվելու առիթ չի տեսնում՝ գարնանային տեղումները, բարեբախտաբար, բացը լրացնում են․

«Հիմա բավականին շատ են տեղումները, չորս օր առաջ Շիրակի մարզում մոտ 25 սմ ձյուն եկավ, այնտեղ տեղումների մասով վիճակը շտկվում է։  Երեկ էլ Վարդենիսում մոտ 30 սմ ձյուն է եկել։ Այնպես որ՝ խնդիր չունենք, տարին հաջող է սկսվել»,- ասում է Բերբերյանը։

Գյուղատնտեսությունն ու կարանտինը, կամ գյուղատնտեսությունը կարանտինի պայմաններում․ Ագրոգյուղացիական միավորման նախագահի լավատեսությունը փոքր-ինչ նահանջում է։ Շատ կցանկանար ասել, որ այս հարցում էլ անհանգստանալու կարիք չկա, բայց չի կարող։ Կարանտինային «զինադադարը» գյուղատնտեսության վրա իր հետքը թողնում է․

«Շիրակի մարզի ֆերմերները չէին կարողանում  Երևան գալ, որ թունաքիմիկատներ, պարարտանյութ  ձեռք բերեն, գյուղացին սերմացու չունի ձեռքի տակ, չի էլ կարողանում  ձեռք բերել»,- նշում է Ագրոգյուղացիական միավորման նախագահը։

Բոլոր խնդիրները հաշվի առնելով, այդուամենայնիվ, ինչպիսի գյուղատնտեսական տարի կունենանք․ ըստ Բերբերյանի՝ հացազգիների անկում կունենանք, պակասել են ցորենի ցանքատարածությունները։ Կարտոֆիլի բերքն ապահովելու համար, ըստ նրա, պետք է անել առավելագույնը։ Ռուսաստանը դադարեցրել է հացահատիկի արտահանումը, որքանո՞վ դա կանդրադառնա Հայաստանի վրա։

Հարցին  Բերբերյանն արձագանքում է․ «Այնքանով, որ հայերը  գուցե խելքի գան ու սկսեն մտածել  իրենց գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ»։

Գյուղատնտեսությունը զարգացնելուն միտված ծրագրերի շրջանակում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:

Առաջին ծրագրի շրջանակում այս տարի նախատեսվում է գյուղատնտեսական կոոպերատիվները համալրել  190 միավոր գյուղտեխնիկայով և կառուցել 41 կմ ջրագիծ: Այս ծրագրով ակնկալվում են նաև խնայողություններ, որոնք կուղղվեն այլ նախագծերի իրականացմանը: Երկրորդ ծրագրով գյուղոլորտում նախագծեր իրականացնող ընկերություններին տրամադրվում են դրամաշնորհներ, տարբեր համայնքներում կառուցվում անասնապահական սպասարկման նոր կենտրոններ:

Back to top button