ԿարևորՀասարակություն

Վարկային կազմակերպությունները կզրկվեն «անվճար պանիր» առաջարկելուց

Կորոնավիրուսով պայմանավորված շատ են կանխատեսումները, որ առաջիկայում հնարավոր է ֆինանսական խնդիրների առջև կանգնեն ոչ միայն քաղաքացիները, այլև՝ հենց բանկային համակարգն ու վարկային կազմակերպությունները: Փորձելով կանխել այդ հեռանկարը՝  պատգամավորներն օրենսդրական  տարբեր առաջարկներ են անում:

Դրանցից մեկն այսօր հավանության է արժանացել  ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում և ընդգրկվել  է առաջիկա լիագումար  նիստերի օրակարգ։  Կան նախաձեռնություններ էլ, որոնք դեռ չեն քննարկվել, բայց արդեն շրջանառության մեջ են:

Որևէ թերթի կրպակից կամ խանութում առանձնացված «սեղանիկից» փոքր և արագ վարկ ստանալու հնարավորությունը մոտ ապագայում վերանալու է: Խստացումները վերաբերում են 3 ամիս ժամկետով մինչև 300 հազար դրամի սահմաններում սպառողական վարկերին: Ենթադրվում է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից:  

 «Մենք հիմա նոր իրողությունների ենք բախվում,  մի քանի ամիս անց  մեր ֆինանսական կազմակերպություններն ու բանկերը հնարավոր է հսկայական պրոբլեմներ ունենան սպառողական վարկերի հետ կապված: Այս կարգավորմամբ մենք օգնում ենք, որ ոչ միայն մարդիկ ավելի պատասխանատու մոտենան, այլև՝ բանկերը, որովհետև մենք հիմա դեռ չենք պատկերացնում չվճարումների ինչ մակարդակի հետ կբախվեն բանկերը և ինչպես են այդ ամբողջի հետ աշխատելու»,- ասաց «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Պատգամավորը գործընկերոջ՝ Արտակ Մանուկյանի հետ հեղինակել է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում  լրացումներ առաջարկող նախագիծը։ Առաջարկները, ըստ հեղինակների, համաձայնեցվել են  ԿԲ-ի հետ: Արտակ Մանուկյանը նշում է, որ անգամ արագ և փոքր վարկ ստանալու համար քաղաքացին այսուհետ պետք է ապացուցի եկամուտի հնարավորությունը:

«Ակնհայտ է, որ մենք մեծ հաշվով ստեղծել ենք թակարդ․ մարդուն, որը եկամուտ չունի կամ վատ պատմություն ունի, վարկավորում ենք շատ ավելի բարձր պայմաններով։ Հետագայում դա դառնում է սոցիալական չարիք, որովհետև  նրանց մի մասը, հասկանում ենք, չունի բավարար եկամուտներ և պետք է այլ քայլերի դիմի, որպեսզի այս խնդիրները կարգավորի»,- նշեց պատգամավորը:

Մեկ այլ կարգավորմամբ պատգամավորները պահանջում են, որ վարկային կազմակերպությունները քաղաքացիներին չգցեն մոլորության մեջ՝ խոստացվող ցածր տոկոսադրույքներով և ներկայացնեն այն տոկոսները, որը քաղաքացին իրականում պետք է վճարի: Պատգամավորները ելնում են այն իրողությունից, որ «անվճար պանիր գոյություն չունի» և հայտնի է, թե նա որտեղ է լինում:   

3 ամիս առաջ այս նախագիծը ունեցել է մեծ փաթեթի տեսք՝ պետք է կարգավորեր նաև վարկավորող ՓՄՁ-ների գործունեությունը և դրանց գովազդը, բայց կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում շահառու կողմերի հետ քննարկումը ամբողջական չի եղել: Դա է պատճառը, որ պատգամավորները փաթեթից առանձնացրել են մեկ կարգավորումը՝ մնացածը թողնելով այսպես ասենք կորոնավիրուսից հետո ժամանակաշրջանի համար: Փաթեթի շուրջ համաձայնության եկած ԿԲ-ն այս դեպքում վերապահումներ ունի:

«Մենք ունինք համաձայնություն, որ պետք է փաթեթային լինի այդ լուծումը, այսինքն՝ բազմակողմանի: Եթե մնում է գովազդը կամ այսպես կոչված՝ տևական ժամանակ է քննարկում ենք «դախլեքի հետևից» վարկեր տալը տարբեր ձևաչափերով, այս միջոցառումը կարող է շատ արդյունավետ չլինել: Ըստ էության մենք հիմա խոսում ենք շատ վարկեր տալուց, բանկերն ուղղակի դադարելու են վարկեր տալուց: Մենք այդ խնդրի առաջ կարող ենք կանգնել խթաններ պետք է  ստեղծենք  հակառակի համար, որ վարկեր տրամադրվեն՝ ներառյալ սպառողական: Ցածր եկամտի պայմաններում՝ հետճգնաժամային,  մարդիկ, ըստ էության, կարող են  որոշակի խնդիրներ լուծել, և մարդկանց  այդ  խումբը կարող է բողոքել։ Իսկ ՓՄՁ-ն, որը բերում եք որպես պատճառաբանություն, այո, այսօր կա, ինչ–որ վարկեր է տրամադրում և շատ լուրջ խնդիրներ է ստեղծում վարկավորման մշակույթի և ընդհանրապես՝ քարտերի, էլեկտրոնային վարկավորման ցիվիլ զարգացման համար»,- ասաց  ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Չնայած ԿԲ վերապահումներին  նախագիծը ներառվեց ԱԺ-ի առաջիկա լիագումար նիստերի օրակարգ:

Արտակարգ դրությամբ ստեղծված իրավիճակով պայմանավորված մեկ այլ նախաձեռնություն էլ շրջանառության մեջ  է դրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով ընդդիմադիր պատգամավորները առաջարկում են. այն բոլոր պարտավորությունները, որոնք այս օրերին չեն կատարվել, պետք է համարվեն անհաղթահարելի ուժի հիմքով չկատարված և հավելյալ պարտավորություններ չառաջացնեն:

Նախագծի ընդունումը ստեղծված  իրավիճակում շատ քաղաքացիների  հնարավորություն կտա խուսափել  տույժ–տուգանքներից  և դուրս գալ դժվար շրջանից, կարծում են պատգամավորները:

Back to top button