ԿարևորՀասարակություն

ՍԱՏՄ–ն կվերահսկի նաև սննդի առցանց առևտուրը

Սննդի անվտանգության տեսչական մարմինը կստուգի նաև  սննդամթերքի առցանց վաճառքով զբաղվող կազմակերպությունների աշխատանքը։  Կառույցի ղեկավար  Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ ապրիլի 6-ին այդ նպատակով  աշխատանքային խումբ է ձևավորվել։ 

«Մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող ընկերությունների՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն կազմակերպելու նպատակով։  Այսինքն, այսուհետև  ակտիվորեն վերահսկելու ենք սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող բոլոր ընկերությունների աշխատանքը»,- նշել է Ավետիսյանը։

Նրա խոսքով՝  տեսչական մարմնի աշխատակիցները արտակարգ դրության երեք շաբաթների  ընթացքում ստուգումներ են կատարել Երևանի 500 և մարզերի 3600 սննդամթերքի իրացման կազմակերպություններում ու արտադրություններում։

«Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետ– ֆուդ կորտեր կատարած այցելության ժամանակ տեսչական մարմնի աշխատակիցներն  արձանագրել են, որ  հանրային սննդի մատուցման գործունեությունը դադարեցված չէ։

«Մասնագետների ցուցումների համաձայն՝ հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է և ապրիլի 7-ից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում»։

Տեղեկությունը, թե «Դարոինք» ընկերության աշխատակիցներից մեկը վարակված է կորոնավիրուսով, տեսչական մարմնի ղեկավարը հաստատել է՝ մանրամասնելով, որ վարակվածը սննդի արտադրական  մասի աշխատակից չէ։

«Լուրը ստանալուց հետո անմիջապես հանդիպել ենք ընկերության ներկայացուցիչների հետ, վարակվածը մենեջեր է, վարակի տարածումը տվյալ արտադրամասում գրեթե անհնար է»,- ասել է ՍԱՏՄ պետը։

Սննդի անվտանգության տեսչական մարմինն այս ընթացքում աշխատում է տուգանքներ չկիրառել։  Հիմնական տուգանքը գործունեությունը կասեցնելն է՝ ասել է ՍԱՏՄ պետը և նշել, որ այս ընթացքում մեկ նման դեպք է գրանցվել։

«Մեր լավագույն գործիքներից մեկը հանրային իրազեկումն է  ու հավատացեք՝ բոլոր տնտեսվարողները ավելի շատ վախենում են, որ կասենք՝ այս կամ այն տնտեսվարողը խնդիր ունի, քան տուգանենք մաքսիմալ՝ 300 հազար դրամի չափով»,- ասել է Գեորգի Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակվածներ չկան:

Back to top button