ԿարևորՀասարակություն

«Ճանապարհ դեպի տուն» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում

Համացանցում արդեն հասանելի է աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System Of A Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի և դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանի մասին պատմող «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմը:

Ֆիլմի մասին Արսինե Խանջյանն իր ֆեյսբուքի էջում գրում է.

«2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանում տեղի էին ունենում խորհրդարանական ընտրություններ։ Արձագանքելով մեր հայրենակիցների ահազանգերին, ովքեր մտավախություն ունեին, որ ընտրությունները կեղծիքներով կընթանան՝ մենք Սփյուռքում ձևավորվեցինք Արդարություն Հայաստանում նախաձեռնությունը, և ընտրությունների նախօրեին ժամանեցինք Հայաստան՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

Դեռ 2016 թվականին, երբ ես Խորենացի փողոցում ականատես եղա խաղաղ ցուցարարների հանդեպ գործադրվող բռնություններին ու բերման ենթարկվեցի ոստիկանության կողմից, ինձ համար պարզ դարձավ, որ մեր պարտքն է՝ կանգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին ու ավելի բարձր հնչեցնել նրա բողոքի ձայնը։

Դիտորդական առաքելությունը մեզ համար մեծ փորձություն էր․ նման քաղաքացիական քայլով մենք հայրենիքում երբեք հանդես չէինք եկել։ Բայց դա նաև եզակի հնարավորություն էր՝ մասնակցելու մեր երկրում ընթացող փոփոխություններին։

Ինձ համար շատ կարևոր էր՝ զրուցել գյուղում ու քաղաքում ապրող հայի հետ, լսել նրա մտահոգությունները, հասկանալ նրա խնդիրները։ Մենք ճամփորդեցինք Հայաստանի մարզեր, հանդիպեցինք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և արձանագրեցինք մեր տեսած իրողությունները։ Ցավոք, այդ օրերին մեր հիասթափությունը մեծ էր, վերլուծություն անելու ուժ չկար, և մենք շարունակեցինք մեր ճամփորդությունը Արցախում, որտեղ մտքի ու հոգու խաղաղություն գտանք՝ արցախցի արվեստագետների ու սահմանապահ զինվորների կողքին։

Այդ օրերի մասին է պատմում Սեդա Գրիգորյանի «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմը, որը հրավիրում եմ դիտել՝ այս հղումով։ Այն պատկերում է մեր ճանապարհորդությունը դեպի հայրենիք՝ ստանձնելու պատասխանատվության մեր բաժինը ու օգնելու հայաստանաբանակ մեր հայրենակիցներին՝ ապրել արդար և ազատ երկրում։

Ֆիլմը մասնակցել է մի շարք կինոփառատոնների, Տորոնտոյի “Նուռ” կինոփառատոնում արժանացել Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ մրցանակին՝ ուշադրություն հրավիրելով այն օրերին Հայաստանում առկա մարդու իրավունքների խնդրի վրա։

Հաճելի դիտում»:

Back to top button