ԿարևորՀասարակություն

Ծաղիկներս ու՞մ վաճառեմ

«Ծաղիկներս ու՞մ նվիրեմ»-ն այս տարի դարձել է ծաղիկներս  ու՞մ վաճառեմ։ Երբևէ ապրիլի 7- ին  ծաղկավաճառները կամ ծաղկի բիզնեսով զբաղվողները նման խնդրի առաջ չէին կանգնել։ Սովորաբար այս օրերին լրագրողական նյութերն այն մասին էին, որ ծաղկի շուկայում գները դարձյալ աստղաբաշխական են դարձել, որ ծաղկի գները համարժեք են «սրտի վիրահատության» գներին։ Այս տարի այս խոսքերի անհրաժեշտությունն այլևս չկա։ Ծաղիկները մնացել են  ջերմատներում  կամ էլ ծաղկավաճառների  խանութների ցուցափեղկերին շարված։

Արմավիրի մարզի Ծիածան համայքի բնակիչ  Ռոբերտ Նիկողոսյանը «Ռադիոլուրին»  պատմեց ,որ ամբողջ  ձմեռ ծաղիկները պահելու համար մեծ գումարներ է ծախսել, շուրջ  1,5-1․7 մլն դրամ՝ գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծախսերի  համար։  Հիմա մեծ խնդրի առաջ ու ծաղիկները չեն  կարողանում այն իրացնել։

Անցած տարի աստրոմերիա  ծաղիկի մեկ կապը  վաճառում էին  1200-1400 դրամով, իսկ այս տարի,  ինչպես զրուցակիցս  է ասում ,  «խնդրում է ծաղկավաճառներին, բայց 100-200 դրամով էլ գնող չկա»։

«Որը ծախում ենք, որը բերում-լցնում ենք Քասախ գետի բերանը»:

Ծաղիկները իրացնելու խնդրի առաջ  է կանգնել  նաև Արմավիրի մարզի  Արշալուսի համայքի բնակիչ Անդրանիկ Թեմուրյանը։  Հիմնականում  մեխակ է աճեցնում։  Ասում է,  որ 4 աշխատող ունի ու նրանք՝ անկախ ծաղկի վաճառվել –չվաճառվելուց, պետք է վարձատրվեն՝  օրական 5-7 հազար դրամ։ 

«Ինչ կորոնավիրուսը դուրս ա եկել, շուկաները փակ են  ու ծաղիկները չենք կարողանում վաճառել։ Օրը 1000-1500 հատ մեխակ ենք քաղում։ Ու սպասում ենք մի շաբաթ, ու տեսնում ենք որ էլի չի վաճառվում, ստիպված տալիս ենք մեր հարևաների կովերին, լավ ուտում են։ Անգամ կոկոն վիճակով ենք քաղում թափում, մարդիկ 10 դրամով անգամ չեն ուզում»։

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝  այսօր ծաղկավաճառներ նաև փողոցում չկան։ Իսկ ծաղկի խանութում էլ պատվերը հիմնականում կատարում են օնլայն։ Էջմիածնաբնակ  ծաղկավաճառ  տիկին Ալան իր հեռախոսահամարը  փակցրել է  ծաղկի սրահի դռան վրա, բայց  հարցնող ու զանգող ասում է չկա։

Անդրանիկ  Թեմուրյանը նշեց, որ կառավարության ծրագրերից որոշակի առումով տեղյակ են, սակայն դեռ չեն կողմնորոշվել՝ վարկային նոր միջոցներ վերցնեն, թե ոչ։

Էկոնոմիկայի նախարարությունը ոլորտի բոլոր ներկայացուցիչներին  է առաջարկում օգտվել մատչելի վարկերից, փոխհատուցում է միայն այն տնտեսություններին, որոնք ունեն ֆինանսական միջոցներ, սակայն, խրախուսման կարիք նույնպես ունեն։

էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, սակայն, չի  բացառում, որ աջակցության այլ գործիքներ նույնպես առաջարկեն։

Նախարարությւոնը նաև մինչև 1 մլն դրամ վարկեր է առաջարկում գյուղացիներին։ Դրանք ինն ամիս արտոնյալ ժամկետով են։

Back to top button