ԿարևորՀասարակություն

Ավետման տոնը` արտակարգ դրության պայմաններում

«Օրհնեալ  ես դու կանանց մեջ և  օրհնյալ է պտուղը  որովայնիդ»:

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին հենց այս  գեղեցիկ ավետիսով   նշում է Սուրբ  Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Տոնն այս տարի  եկեղեցին նշում է փոքր-ինչ արտառոց, այսինքն՝ արտակարգ դրության պայմաններում, բայց դա չի նսեմացնում տոնի հոգևոր խորհուրդն ու առ Աստված ուղղված մեր անկեղծ աղոթքների զորությունը։ Իսկ ո՞րն է տոնի հոգևոր խորհորդը:

Թեև փակ դռներով, բայց Հայ եկեղեցին այսօր նշում է Ավետման տոնը։ Հավատացյալները եկեղեցում չեն լինի,  բայց դա չի խանգարի, որպեսզի բոլորիս միասնական աղոթքը հասնի առ Աստված։ «Հայ եկեղեցին նման փորձություններ էլի է տեսել, հերթականը՝ կորոնավիրուսի համաճարակն էլ կհաղթահարենք»,-համոզված է Հայ եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Շահե քահանա Հայրապետյանը։

«Հայաստանում եղել են ժամանակաշրջաններ, երբ եղել են համաճարակներ, ժանտախտ, օտար բռնակալներ… Նաև մենք ունեցել ենք վանական համալիրներ, որտեղ ժողովուրդը երբեք ներկա չի եղել, բայց վանականները միշտ կատարել են տոնը և իրականացրել  բոլոր  արարողությունները։ Հիմա մենք կանգնած ենք նոր մարտահրավերի առաջ․ քաղաքի եկեղեցին, այն էլ  խաղաղ, անկախ Հայաստանի պայմաններում, փակ դռներով պիտի իրականացնի  պատարագը։ Սա ցույց է տալիս, որ Քրիստոս միշտ անմահ է, նա պիտի մարմնանա և պիտի բախշվի մեր մեջ։ Որովհետև եթե մեջտեղից վերանա եկեղեցին կամ Քրիստոս, ինչպես Պողոս առաքյալն է ասում, կգա Նեռը, այսինքն՝ սատանան կհաղթի աշխարհին»։

Տեր Շահե քահանայի բնորոշմամբ՝ Քրիստոս հավիտենական կատեգորիա է, նա այսերկրային չէ, չնայած մարմնացավ՝ հանուն մեր փրկության, հետևաբար փրկության խորհուրդը երբեք չի դադարում՝ իրավիճակով պայմանավորված։ Ամենայն Հայոց կաթողիկոսն այս օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Որովհետև հենց այս օրը հրեշտակը հայտնվեց Մարիամին՝ բերելով  ավետիսը:

Աշխարհը մոլեգնած կորոնավիրուսի վերաբերյալ այս օրերին երբեմն  հոգևոր մեկնաբանություններ են նաև տրվում, օրինակ՝  Աստված ու բնությունն են պատժում  մարդկությանը կուտակած բազում մեղքերի համար։ Հայ հոգևորականը ևս չի բացառում դա:

«Մենք անպայման դուրս կգանք այս իրավիճակից, եթե աղոթող ազգ լինենք, ինչպես աղոթող էին Նարեկացին, Մաշտոցը, մեր մյուս  սրբազան հայրերն ու մեր պապերը»,-ասում է տեր  Շահե քահանա Հայրապետյանն ու մեր զրույցն ավարտում բժշկության աղոթքով։

Back to top button