ԿարևորՄիջազգային

Անկարան կփորձի ակտիվանալ արցախյան ուղղությամբ․ ի՞նչ հետևանքներ կունենա ԵՄ պատժամիջոցներին միանալը

Առնվազն 5 երկիր միացել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մեխանիզմին՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Անկարայի կողմից  անօրինական երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու պատճառով, օրերս հայտնեց  ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։

«ԵՄ անդամակցության  թեկնածու երկրներ  Հյուսիսային Մակեդոնիան, Չերնոգորիան և Ալբանիան, ԵՄ տնտեսական գոտում գտնվող Իսլանդիան, ինչպես նաև Հայաստանը միացել են ԵՄ որոշմանը։ Նրանք կապահովեն, որ իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի ԵՄ որոշմանը։ Ողջունում ենք  դա», — նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

Անցյալ տարվա նոյեմբերին ԵՄ-ի կողմից հաստատված մեխանիզմը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել այն ֆիզիկական անձանց եւ ընկերությունների դեմ, որոնք պատասխանատու են ածխածնային պաշարների հետախուզման հետ կապված հորատման գործունեության համար, որը Կիպրոսի կողմից թույլ չի տրվել իր բացառիկ տնտեսական գոտում: Պատժամիջոցները կարող են տարածվել նաև ֆիզիկական անձանց եւ ընկերությունների վրա, որոնք Թուրքիայի այդ գործունեությանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերում:

Անկարայի դեմ առաջին նախազգուշական պատժամիջոցները ԵՄ-ն կիրառեց  անցյալ տարվա հուլիսի 15-ին՝ կրճատելով ֆինանսական աջակցությունը եւ կասեցնելով օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Իսկ այս տարվա փետրվարի վերջին Եվրամիությունը ընդլայնեց պատժամիջոցները Թուրքիայի դեմ՝ Կիպրոսի Հանրապետության տարածքում հորատման գործողությունների համար: Սահմանափակող միջոցներ ձեռնարկվեցին  Թուրքիայի պետական նավթային ձեռնարկության TPAO (Turkish Petroleum Corporation) փոխնախագահի և հետախուզական վարչության պետ Մեհմեթ Ֆերուխ Աքալինի, ինչպես նաև գերատեսչությունում նրա տեղակալի՝ Ալի Կոսկուն Նամօղլուի դեմ:

«ԵՄն որոշում է կայացրել  դադարեցնել  Անկարայի հետ բարձր մակարդակի բոլոր հանդիպումներն ու բանակցությունները, կրճտել 2020 թվականին նախատեսվող ֆինանսական աջակցության ծավալերը, վերանայել վարկային ֆինսնական բանկային աջակցության ծրագրերը»,- «Ռադիոլուրին » փոխանցում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը։

Նրա խոսքով՝  պատժամիջոցները, թեև չեն զսպի Անկարային, բայց որոշակի ազդեցություն կունենան՝ ստիպելով խնդրի շուրջ   բանակցությունների  ճանապարհով գնալ։

Պատասխանելով հարցին՝ Հայաստանի միանալը պատժամիջոցներին  ինչպե՞ս է անդրադառնում ԵՄ-Հայաստան  հարաբերություններ վրա, Կարեն Վերանյանը նշեց, որ  Հայաստանի քայլը  բխում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների և փոխգործացության ընդհանուր տրամաբանությունից, և  կարող է դառնալ երկկողմ քաղաքական օրակարգի քննարկման հարց։

«Թուրքիան այս գործողություններով վտանգում է տարածաշրջանայաին անվտանգությունը»,-նշեց փորձագետը։

Կարեն Վերանյանի խոսքով՝  Թուրքիայի հնարավոր արձագանքը  Երևանի քայլին բացասական է լինելու, պաշտոնական հայտարարություններում որոշակի կոշտացում կլինի։

«Միգուցե Թուրքիան փորձի ակտիվանալ  արցախյան ուղղությամբ՝ դրդելով Ադրբեջանին որոշակի արկածախնդրության։  Բայց այն հիմնական տրամաբանությունը որ կա Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի նկատմաբ կպահպավի: Թուրքիան կշարունակի իր քաղաքականությունը՝ ժամանակ առ ժամանակ ակտիվացնելով իր հակաքայլերը Հայաստանի նկատմամբ: Մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում»,- եզրափակեց Կարեն Վերանյանը։

Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում բնական գազի մեծ պաշարներ են գտնվե  2011 թվականին։ «Աֆրոդիտե» հանքավայրի պաշարները գնահատվում են մոտ 140 մլրդ խոր.մետր:  2019 թ սեպտեմբերին կղզու կառավարությունը պայմանագիր է կնքել ֆրանսիական Total և իտալական Eni ընկերության հետ, սակայն, հոկտեմբերի սկզբին Թուրքիան այդ տարածք իր սեփական հորատման նավն է  ուղարկել , որն ուղեկցում են թուրքական  ռազմանավեր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է հանքավայրերի նկատմամբ թուրք կիպրոսցիների իրավունքը պաշտպանելու՝ Անկարայի  մտադրության  մասին, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառմամբ:

Back to top button