ԿարևորՀասարակություն

Ոստիկանության համակարգում կորոնավիրուսով վարակված 6 ծառայող կա․ փոխոստիկանապետ

Ապրիլի 7-ից ՀՀ ոստիկանությունը կսկսի բջջային հավելվածի միջոցով վերահսկել ՀՀ մեկուսացած ու ինքնամեկուսացած քաղաքացիների շարժը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ փոխոստիկանապես Հայկ Մհրյանը:

Նա նշեց նաև, որ մինչ օրս էլ եղել են մեկուսացման ռեժիմը խախտելու փորձեր, բայց թե քանի մարդ է փորձել դուրս գալ մեկուսացման վայրերից, Մհրյանը չհստակեցրեց` նշելով, որ թվային տվյալներ կհրապարակվեն բջջային հավելվածով վերահսկողության առաջին արդյունքների ամփոփումից հետո։  

Հատված 18․00-ի եթերից

Ինչ վերաբերում է բնակավայրերում ու հատկապես ծայրամասերում կուտակումների մասին ահազանգերին, փոխոստիկանապետը վստահեցրեց, որ ոչ մի նման ահազանգ անպատասխան չի մնում և ոստիկանությունն այցելում է նշված հասցեներ` իրավիճակն ստուգելու ու շտկելու համար։

«Ցավոք բակերում, նման կուտակումներ մենք դիտարկում ենք, ամենօրյա այցեր ենք կատարում ու մեր ուժերի սահմաններում փորձում ենք մեր քաղաքացիներին հորդորել, որ չխախտեն մեկուսացման կանոնները»,– ասաց նա։

Իսկ վարչական իրավախախտումների մասով էլ տեղեկացրեց,որ  ՀՀ ոստիկանությունը   կազմել է վարչական իրավախախտման 6667 արձանագրություն, որոնցից 1735-ով արդեն   կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումներ։  Նշենք,որ  Հայաստանում նշանակված է 69 հատուկ անցակետ՝ բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակելու համար: Փոխոստիկանապետի խոսքով մինչ օրս արգելվել է 3007 տրանսպորտային միջոցի մուտքը մի վարչական տարածքից այլ վարչական տարածք:

ՃՈ կարգախմբերի կողմից 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցվել են երրորդ և ավելի ուղևոր հանդիասացող անձինք, իսկ ուղևորափոխադրող 69 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ՝ ուղևորափոխադրման կանոնները խախտելու համար»,- նշեց փոխոստիկանապետը:

Ինչ վերաբերում է Հայաստան–Արցախ ավտոճանապարհին կատարվող հսկողությանը, փոխոստիկանապետը հայտնեց, որ ապրիլի 6-ի դրությամբ արգելվել է ավելի քան 500 ավտոմեքենաների մուտքն Արցախ։

ՀՀ  փոխոստիկանապետ  հայտնեց, որ ոստիկանության համակարգում ներկա պահին կորոնավիրուսով վարակված 6 ծառայող կա, ևս 16–ը մեկուսացված են։

«Ոստիկանները պրոֆիլակտիկ չեն թեստավորվում։ Թեստավորվում են միայն այն ոստիկանները, որոնք կարող են խնդիր ունենալ»,– ասաց Մհրյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, ոստիկանությունը շարունակում է խստորեն հսկել տեղաշարժի սահմանափակման ռեժիմը։

Օրինակ` ապրիլի 6-ի դրությամբ ոստիկաններն ուղեկցել են ԻԻՀ–ից Հայաստան մուտք գործած 515 բեռնատար ավտոմեքենաների։

«Ուղեկցման ընթացքում սահմանափակվել է երթուղուց դուրս տրանսպորտային միջոցների ու վարորդների տեղաշարժը` կանխելով բնակչության համար հնարավոր վտանգը» ,– ասաց Մհրյանը։

Նրա խոսքով` ոչ միայն սահմանային անցակետում, այլև ՀՀ մարզերի ճանապարհներին տեղակայված հսկիչ կետերում վարորդների առողջական վիճակը պարբերաբար ստուգվում է, կատարվում են պարտադիր ջերմաչափումներ։

Մեկ փաստ ևս՝  Մհերյանի խոսքով, ուժեղացված հսկողության ու գործող սահմանափակումների պայմաններում հանցագործությունների թիվը հանրապետությունում, էապես նվազել է։

Back to top button