ԿարևորՔաղաքական

Ի՞նչ զարգացումներ են սպասվում արցախյան ընտրություններից հետո

Ի՞նչ զարգացումներ սպասել Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ։  Որքանո՞վ է հավանական  ընտրությունների հետաձգումը։

«Հոդված 3» ակումբում քննարկման ժամանակ նկատի է առնվել, որ Արայիկ Հարությունյանը կրկնակի ձայն  հավաքեց, բայց անհրաժեշտ ձայներ չհավաքեց առաջին փուլում՝ չնայած ներդրած այսպես ասած «ջանքերին»։

Մյուս կողմից՝ Մասիս Մայիլյանը առանց ֆինանսական միջոցների ներդրման կարողացավ երկրորդ փուլին մասնակցելու անհրաժեշտ քվեներ ստանալ։

Արցախում կայացած ընտրություններից հետո  Ստեփանակերտում հանրահավաք է. առաջին փուլում առավելագույն ձայներ հավաքած թեկնածուներից մեկը՝  Մասիս Մայիլյանը կոչ է անում արցախցիներին բոյկոտել ու չմասնակցել երկրորդ փուլի ընտրություններին։

Վրաստանում գործող «Ալիք Մեդիա» լրատվական կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը հետեւել է ընտրություններին ու փաստում է՝ ակտիվությունը մեծ էր։

Այսօրվա իրավիճակի մասին խոսելով նշում է՝ այսպես ասած բարեգործություններ են եղել թեկնածուներից մեկի կողմից․ դա և վիրուսով պայմանավորված իրավիճակը հաշվի առնելով՝ Մասիս Մայիլյանը  բոյկոտում է ապրիլի 14-ին նախատեսված ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը։ Ցուցարարները պնդում են, որ նման պայմաններով երկրորդ փուլի անցկացումը լեգիտիմ չէ.

«Բավականաին մեծ ակտիվություն էր Արցախում՝ նախագահի 14 թեկնածու։ Կան շատ տեսագրություններ , որ թեկնածուներից մեկը, այսպես ասենք,  բարեգործություններ է արել, խոսքը նախկին վարչապետի մասին է։ Որքանով է դա ազդել ընտրությունների վրա,  չեմ կարող ասել։ Բայց թեկնածուներից ոմանք ու նաեւ հանրահավաքի մասնակիցները  բողոքում են կայացած ընտրություններից, ինչը աննախադեպ երեւույթ է Արցախում։ Այդ երկրի պատմության ընթացքում ընտրություններից հետո իրադարձությունների նման զարգացում չի եղել վերջին տասը տարվա ընթացքում»,- ասում է Խառատյանը։

Այս պահին պարզ չէ, թե ինչ զարգացումներ կլինիեն։ Արցախում, ըստ Խառատյանի,  այժմ քաղաքական ճգնաժամ է։

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւս իրավիճակը համարում է   աննախադեպ։  Սա  քաղաքական մրցակցություն է։  Մեկի մասին ասում են, որ բարեգործությունների միջոցով է փորձել գրավել ընտրազանգվածին։ Մյուսը քաղաքականապես է փորձել գրավել զանգվածին։ Բայց Արայիկ Հարությունյանը իշխանությունում չի եղել որոշ ժամանակ, մինչդեռ Մասիս Մայիլյանը արտգործնախարար էր՝ ասում է։

«Պարոն  Հարությունյանը ընտրություններից առաջ մարտի 29, 30-ին պայքարում էր ամեն մի ձայնի համար՝ հույս ունենալով առաջին փուլով ավարտել ընտրությունները, բայց գործընթացը մեկ փուլով չավարտվեց։ Ինչ զարգացումներ կլինեն, չեմ կարող ասել։  Եթե Մայիլյանը երկրորդ փուլին չմասնակցի ու Արայիկ Հարությունյանը գա իշխանության, կունենա այնքան թույլ լեգիտիմություն, որ հետագայում հնարավոր են ցանկացած տիպի զարգացումներ։ ՀՀ-ում հենց  նման իրավիճակ էր»,-նշում է Իսկանդարյանը։

Եթե Մասին Մայիլյանը հաղթի ու գա իշխանության, ապա խորհրդարանը իրենը չի լինի ու լարվածություն կստեղծվի, ինչը տեսել ենք հետխորհրդային շրջանում։ Այս ձեւը, քաղաքագետի կարծիքով, շատ վատ է աշխատում։

Արսեն Խառատյանը Արցախում արմատական  փոփոխություններ  է կանխատեսում, գուցե բանակցային գործընթացն ամբողջությամբ վերանայվի,  նոր տերմիններ ներառվեն՝ ասում է։  

Իսկանդարյանի կարծիքով՝ ամեն ինչ ավելի բարդ է,  քան թվում է։ Այսօրվա մրցակցությունը նման չէ նախորդ տարիներին առկա մրցակցությանը։ Նա չի կարծում, թե կորոնավիրուսը  կտրուկ փոխեց իրավիճակը։ Այն կատալիզատորի դեր կատարեց, ջրի երես հանեց խնդիրները։

Back to top button