ԿարևորՀասարակություն

Որոշ ապրանքներ կներմուծվեն զրոյական մաքսատուրքով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ապրիլի 3-ին ընդունել է որոշում, որով կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և մի շարք այլ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են: Որոշումն տարածվում է ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա, կգործի մինչև հունիսի 30-ը ներառյալ և կհրապարակվի շուտով:

Այս մասին այսօր հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ նշելով, որ եթե հետագայում որոշ ապրանքատեսակների ծավալի մասով լինեն դժվարություններ, 3-րդ երկրներից ավելի նվազ, իջեցված գներով ներմուծում իրականացվի:

Բացի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մարտի 16-ին որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու մասին: Ապրիլի 3-ին խորհրդի նիստում այդ որոշման մեջ փոփոխություն է կատարվել և ցանկն ընդլայնվել է: Ցանկում են բժշկական նշանակության ապրանքներ, դեղորայքի արտադրությունում կիրառվող նյութեր:

Տնտեսավարողը այդ ապրանքատեսակները ներմուծելու դեպքում դիմում-հայտ է ներկայացնում Առողջապահության նախարարություն: Դրական եզրակացություն ստանալու պարագայում դրանք ներմուծվում են զրոյական մաքսատուրքերով:  Այս հնարավորության ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, սկիզբ է առնում մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Կա նաև ԵԱՏՄ կոլեգիայի կողմից ընդունված որոշում, որով արգելվում էր ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքատեսակների մասին է խոսքը:

«Այս սահմանափակումը 3 ամիս ժամանակով է, գործում է ԵԱՏՄ տարածքից դուրս, ԵԱՏՄ-ի տարածքում արգելքը չի տարածվում։ Մյուսը հումանիտար նշանակության բեռների փոխադրման մասին է: Հումանիտար ձևով կարող ենք արտահանել երրորդ երկիր և օգնել գործընկերներին»,- ասել է էկոնոմիկայի փոխնախարարը:

Back to top button