

Ապրանք արտահանելիս հաշվի առնել թե՛ գործող եղանակային պայմանները, թե՛ այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տարբեր երկրների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք լրացուցիչ դժվարություններ են առաջացնում տնտեսավարողների համար․ խնդրանք հորդորը էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանինն է՝ ուղղված բեռնափոխադրող ընկերություններին։ Սիմոնյանը հայտարարել է, որ ապրանքների արտահանման արգելք չկա։
Հնդկաձավար, ոսպ, կոճապղպեղ, միրգ ու բանջարեղեն. վերջին օրերին հայաստանյան շուկայում այս ապրանքատեսակների գների աճն ակնհայտ է։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը վստահեցնում է՝ շուկան վերահսկվում է, ՀԴՄ չտրամադրող առևտրի կետերին էլ վարչապետի հայտարարությունն է հիշեցնում՝ պետք չէ առիթից օգտվել ու ՀԴՄ կտրոն չտրամադրել։
«Միանշանակ նման վարքագիծը ընդունելի չէ, ինչպես նախկինում էր գործում օրենսդրությունը, այնպես էլ այժմ է գործում։ Կարծում եմ, որ այժմ նման վարքագծի պարագայում օրենսդրությունն ավելի խիստ կգործի»,- ասաց Սիմոնյանը։

Խոսելով արդեն արտաքին տնտեսական գործունեության սահմանափակումների մասին՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալը հայտնեց՝ այս տարվա ապրիլի 1-ից մինչև հունիսի 30–ը ԵԱՏՀ կոլեգիայի որոշմամբ, արգելվել է առաջին անհրաժեշտության ապրանքների արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներից։
Երկրներն իրար հետ կարող են առևտուր իրականացնել, բացառությունների մեջ մարդասիրական օգնության նպատակով երրորդ երկրներ արտահանվող ապրանքներն են։ Մեկ այլ որոշմամբ էլ դարձյալ երեք ամսով մաքսատուրքերի արտոնություններ են սահմանվել։
«Կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի ու մի շարք այլ ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ տարածք երեք ամիս ժամանակով կիրականացվի զրոյական մաքսատուրքով։ Կան ապրանքատեսակներ, որ մաքսատուրքը 10,12 տոկոս էր, դրանք կզրոյացվեն որոշակի ժամանակով»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը։
Նրա տեղեկացմամբ՝ բժշկական բոլոր սարքավորումներն ու դեղորայքի արտադրության մեջ կիրառվող հումքը Հայաստան մուտք են գործում առանց մաքսատուրքերի։ Այս արտոնությունը կգործի մինչև սեպտեմբերի 30-ը։


Իրանից Հայաստան մտնող բեռնատարների բեռները հնարավորության դեպքում փոխաբեռնվում են այլ ավտոմեքենաներ ու ՀՀ տարածքով տեղափոխվում են հայաստանյան ավտոմեքենաներով։
Իսկ այն դեպքերում, երբ ավտոմեքենայի փոփոխություն անհնար է իրականացնել, բեռնատարներն ուղեկցվում են ոստիկանության ու առողջապահության նախարարության մեքենաներով։
«Կարգը հետևյալն է․ ապրանքների բեռնափոխադրում է տեղի ունենում Մեղրի անցումային կետում կամ Ագարակ մաքսային տերմինալում։ Եթե անհնար է իրականացնել , ապա գործում է երրորդը միջոցը՝ ապրանքի տեղափոխումը ուղեկցմամբ»,- նշեց Վարոս Սիմոնյանը։
Փոխնախարարը բեռնափոխադրողներին խնդրում է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարում տարբեր երկրներում առկա սահմանափակումներին, ինչպես նաև Վերին Լարսի եղանակային պայմաններին: Սիմոնյանի պարզաբանմամբ՝ Վերին Լարսում մարտ ամսին որոշակի դժվարություններ կային` կապված առատ ձյան հետ, անցակետը փակ էր:


«Պետք է խնդրենք մեր բոլոր բեռնափոխադրողներին և ընկերություններին, որ որոշակի գործողություններ կազմակերպելուց առաջ հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, թե՛ այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տարբեր երկրների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք լրացուցիչ դժվարություններ են առաջացնում տնտեսավարողների համար»,- ընդգծեց Էկոնոմիկայի փոխնախարարը։
Այս պահին Վրաստանից դեպի Վերին Լարսի անցակետ բեռները տեղափոխվում են մի քանի ժամը մեկ՝ մոտ 30 մեքենա ուղեկցողների միջոցով է անցակետ հասնում։ Ըստ փոխնախարարի՝ արտահանման արգելք որպես այդպիսին չկա, այժմ կառավարությունում քննարկում են այլընտրանքային շուկաներ գտնելու, ինչպես նաև արտահանողներին խրախուսելու հարցը։