ԿարևորՀասարակություն

Ո՞ր կետից է շարունակվելու սահմանադրական հանրաքվեն

Երեկ  Հայաստանում  պետք է անցկացվեր սահմանադրական հանրաքվե, եթե չլիներ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվեց կորոնավիրուսի հետեւանքով հայտարարված արտակարգ դրության պատճառով, ինչի մասին նախ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի հատուկ նիստում: Ի՞նչ է լինելու  արտակարգ դրության ավարտից հետո, ո՞ր կետից է շարունակվելու  գործընթացը:

Հանրաքվեի հետաձգման մասին Ազգային ժողովի հատուկ նիստում նախ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին։ Վարչապետը նշեց, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվեն չի կարող տեղի ունենալ՝ վկայակոչելով օրենսդրությունը։

«ՀՀ օրենսդրության համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող։ Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 օր, և ոչ ուշ, քան 65 օր հետո եւ, ըստ էության, հանրաքվեի պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր: Ավելի մանրամասն կարգավորումներին  էս պահին, կարծում եմ, պետք չէ անդրադառնալ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվել է մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը։ Եթե մինչեւ ապրիլի 14-ը հնարավոր լինի հաղթահարել կորոնավիրուսը և կյանքը վերադառնա բնականոն հուն, ապա դա կնշանակի, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում:

«Ոչ» նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Գայանե Պապոյանը, սակայն,  «Ռադիոլուրի»  հետ հեռախոսազրույցում նկատեց, որ արտակարգ դրության վերացումից հետո «Ոչ»-ի կողմի իրավական կարգավիճակի հետ կապված օրենսդրական բացեր կան:

 «Այդ մասով մենք ունենք օրենսդրական բացեր: Օրինակ՝ չի կարգավորվում նախաձեռնող խումբը պետք է նորի՞ց գրանցվի, թե՞ շարունակելու է այն կետից, որտեղ որ դադար ենք տվել: Չնայած  Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ,  որ շարունակվելու է այնտեղից,  որտեղ որ կանգ է առնվել: Թե որքանո՞վ է դա վերաբերում նաեւ «Ոչ» նախաձեռնող խմբին, այս պահին մենք չենք ուզում մտնել դրա մեջ,  քանի որ, կրկնում եմ, օրենսդրական բացեր կան, եւ իրականում օրենսդրական փոփոխությունների կարիք կա այդ մասով»,- ասում է Պապոյանը:   

Նա նկատում է, որ «Այո» քարոզչական շտաբում էլ այդ առումով հստակություն չկա, կարծում է՝ պայմանավորված նույն  օրենսդրական բացով:     

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ 6 անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը հեղինակած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով՝իշխանությունները բացառապես առաջնորդվում են Սահմանադրությամբ․ բոլոր գործողությունները բխել եւ բխելու են Մայր օրենքից: Այս դեպքում էլ հարցը կարգավորվելու է Սահմանադրությամբ՝ ասում է նա:   

 «Ըստ էության՝ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, եւ ապրիլի 14-ին արտակարգ դրությունը վերջանա, ստացվում է, որ այդտեղից հաշված այդ ժամկետների մեջ հանրաքվեն պետք է տեղի ունենա:  Այսօր ունենք այս իրավիճակը․ թե ինչ կլինի, ասենք,  վաղը,  ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ տվյալ դեպքում առաջնայինը հանրության առողջության պահպանումն է»,- ասում է Հովակիմյանը:

Հետագա գործողությունները պայմանավորված են լինելու այդ գերագույն նպատակի սպասարկմամբ՝ ասում է Վահագն Հովակիմյանը, ապա հստակեցնում․

«Այսինքն, եթե մինչեւ ապրիլի 14-ը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կհանգուցալուծվի՝ շատ լավ,  եթե ոչ, եթե պրոցեսը շարունակվի, արդեն պիտի իշխանությունները, այսպես ասենք, նոր իրավիճակով պայմանավորված որոշումներ կայացնեն»:

Կարեւորագույն խնդիրը հանրության առողջության պահպանությունն է՝ եւս մեկ անգամ շեշտում է «Իմ քայլ»-ական պատգամավորը: Նա այս պահին չի ցանկանում դիտարկել սցենար, թե ի՞նչ կլինի, եթե ապրիլի 14-ին արտակարգ դրությունը երկարացվի: Ասում է՝ բոլոր գործընթացները մինչև այս ընթացել են օրենսդրության տառին համապատասխան եւ նույն կերպ կդիտարկվեն մնացած սցենարները, երբ ապրիլի 14-ին կլրանա հայտարարված արտակարգ դրության ժամկետը:

«Ոչ»-ի նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Գայանե Պապոյանը նկատում է, որ օրենսդրական կարգավորման բաց կա նաեւ այն դեպքում, եթե ապրիլի 14-ին արտակարգ դրության ժամկետը լրանալուց հետո այն կրկին երկարացվում է:

 «Նաև այդ օրենսդրական բացը ունենք: Եթե մեկ անգամ էլ հետաձգվի, եթե կրկին արտակարգ դրություն հայտարարվի, արդյո՞ք կա ուղի հանրաքվեն եւս հետաձգելու, թե՞ առհասարակ պիտի նոր հանրաքվե սկսվի հետագայում»,- նշում է փաստաբանը:      

Սրանք հարցեր են, որոնք լուրջ քննարկումների արդյունքում միայն կարող են պատասխան ստանալ՝ եզրափակեց փաստաբան Գայանե Պապոյանը:

Back to top button