ԿարևորՀասարակություն

Հայաստանում կորոնավիրուսի թեստերի արտադրություն կսկսվի

ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկվում է  տեղական թեստերի արտադրություն սկսելու հարցը։ Նրա խոսքով՝ կառավարությունը  որոշել է շուրջ 550 հազար դոլար ուղղել այդ նպատակին։

«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի թեստերի արտադրությունը կատարենք  տեղում», — ասել է  Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ նպատակը օրական կատարվող թեստերի քանակը 1000-ի հասցնելն է։

 «Այսօր  օրական թեստերը տատանվում են 200-ից 400-ի շրջակայքում, բայց մենք խնդիր ենք դրել այս շաբաթվանից օրը 1000 թեստ անել», — ասել է վարչապետը:

Անդրադառնալով կառավարության ընդունած հակաճգնաժամային ծրագրերին՝ Փաշինյանն ընդգծել է, որ դրանցից երեքը վերաբերում են նաև տուրիզմի ոլորտին։

Ըստ վարչապետի՝ կառավարությունը շուրջ 20 հյուրանոց է վարձել, որտեղ գտնվում են մեկուսացված քաղաքացիները։ Հյուրանոցներն այդ ծառայություններից ստանում են ավելի քիչ գումար, քան կստանային զբոսաշրջիկներ ընդունելու դեպքում՝ ասել է Փաշինյանը։

Վարչապետն  անդրադարձել է նաև գազի սակագնին վերաբերող հարցին՝ ընդգծելով, որ այս թեման մշտապես եղել է քաղաքական շահարկումների և մանիպուլյացիաների առարկա։ 

«Իրենք միշտ դա օգտագործել են քաղաքական նկատառումներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը։ Այսօր, երբ մենք նման իրավիճակների հետ բախվում ենք, նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանք է։ Մենք այսօր գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք»,- շեշտել է Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից դիմել է «Գազպրոմ» ընկերությանը։

«Մենք առաջարկել ենք, որ բանակցություններ սկսենք գազի գինը նվազեցնելու ուղղությամբ։ Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը՝ և՛ հումանիտար առումով, և՛ տնտեսական, ես ակնկալում եմ, որ մենք կկարողանանք այդ թեման քննարկել և գալ ընդհանուր հայտարարի»,- ասել է վարչապետն ու հավելել, որ առաջարկել է գազի համար այսուհետ վճարել ոչ թե դոլարով, այլ՝ ռուբլով։

Back to top button