ԿարևորՀասարակություն

Ծաղկազարդ․ Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ

Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11: 9-10):

Qahana.am-ը գրում է, որ «Օվսաննա» բառը թարգմանվում է որպես «փրկի՛ր մեզ»։ Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը, իսկ զգեստները Նրա առջև փռելը՝ մեղքերը Տիրոջ առաջ խոստովանելու նշանակությամբ է մեկնաբանվում Եկեղեցու հայրերի կողմից:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր և արժանացավ արքային վայել ընդունելության ու փառքի։ Նա ցույց տվեց նաև, որ ոչ երկրային, այլ երկնային թագավոր է, Փառքի թագավոր, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին։

Շատ անգամ էր հրեաների կողմից հետապնդվել՝ սպանվելու համար, սակայն միշտ խույս էր տվել, քանի որ դեռ ժամը չէր եկել։ Ահա այս անգամ, երբ եկավ ժամը, հրեական Զատկից հինգ օր առաջ Նա Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Այդ օրը Նա մեծ պատիվ ընդունեց հրեաներից՝ ցույց տալով, որ պատվի ու փառքի վախճանը նախատինքն է։ Նա այդ օրն ութ պատիվ ընդունեց հրեաներից, իսկ Ավագ ուրբաթ, դրա փոխարեն, ութ նախատինք կրեց:

Ծաղկազարդի նախորդ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ տոնական Սուրբ Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդին եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու անպտուղ ոստերը խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Դրանք մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Այս տարի տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:

Back to top button