ԿարևորՀասարակություն

Առաջնահերթություն է տրվել բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնց վերադարձը հայրենիք խիստ հրատապ և անհետաձգելի է

Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի (WZ4323) թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, որոնք վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա, չէին կարողացել մեկնել Հայաստան՝ չվերթների չեղարկման պատճառով, և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Նշյալ քաղաքացիների հետ մեկտեղ՝ առաջնահերթություն է տրվում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնց վերադարձը հայրենիք խիստ հրատապ և անհետաձգելի է, նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։

Նման քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է նաև հայ համայնքային կառույցների կողմից։

Այս օրերին ստեղծված բարդագույն իրավիճակում` հաշվի առնելով նաև նստավայր երկրում սահմանված խստագույն սահմանափակումները, այդ թվում՝ միջազգային օդափոխադրումների ամբողջական դադարեցման պահանջը, դեսպանությունը շարունակում է օգտագործել հնարավորագույն միջոցները ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով համացանցի տիրույթում ոչ ստույգ և իրականությանը չհամապատասխանող տեղակատվության տարածման հանգամանքը, կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությանը։

Եվս մեկ անգամ նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ դեսպանությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ՌԴ կառավարության կողմից ձեռք էր բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

Back to top button