ԿարևորՀասարակություն

Քրեակատարողական հիմնարկներն ընդդեմ COVID-19-ի

Քրեակատարողական հիմնարկները համաճարակների ու վարակների ամենառիսկային վայրերից  են, ուստի պետությունն այստեղ շտապ և հստակ քայեր պիտի իրականացնի։ Որոնք են այդ քայլերը՝ ըստ փորձագետների, ինչպես են ոլորտի պատասխանատուները արձագանքում համավարակի բերած մարտահրավերներին։

Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ կորոնավիրուսի համավարակը չշրջանցեց նաև քրեակատարողական ոլորտը։  Մասնավորապես, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։ Ավելի ուշ վարակը  հայտնաբերվել է նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։ Հաղորդագրության համաձայն՝ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և  կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ 28 հոգի, ևս մեկուսացվել են, կատարվել  է նմուշառում։ Ինչպես ավելի ուշ պարզվեց,  բոլորի դեպքում բացասական պատասխան է ստացվել։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին,  ինչպես ինքն է բնորոշում, այս չոր տեղեկատվությունը չի բավարարում, որովհետև․ «Հայտնի է, որ այդ վարակը տարածվում է նաև առարկաների միջոցով։ Առաջնային միջոցառումները պետք է իրականացվեն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում. պետք է թեստավորվեն և՛ աշխատողները, և՛ ազատազրկվածները։ Երկրորդ՝ ես կարծում եմ, որ նախնական կալանքի տակ գտնվող այն կալանավորները, որոնք առանձնապես ծանր վտանգ չեն ներկայացնում, կարելի է խափանման միջոցները փոխել»։

Համավարակի շրջանում քրեակատարողական հիմնարկների բեռնվածությունը թեթևացնելու համար իրավապաշտպանն առաջարկում է արձակուրդ տրամադրել թեթև ու միջին ծանրության հանցագործություններ իրականացրած անձանց։ Անհրաժեշտության դեպքում ընդունել համապատասխան օրենք։ Հայաստանում քրեակատարողական հիմնարկների բեռնվածության աստիճանը 43-44 տոկոս է, անդրադառնալով նման առաջարկներին  նշել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Միաժամանակ, խորհուրդ էր տվել  ուսումնասիրել Իտալիայի, Իրանի և  այն երկրների ՔԿՀ-ների բեռնվածության վերաբերյալ վիճակագրությունը, որոնք ազատ են արձակել իրենց կալանավորներին։

«Բեռնվածության աստիճանը 120,150, երբեմն 200 տոկոս է, իսկ Հայաստանում բեռնվածության աստիճանը 43-44 տոկոս է։ Մենք չունենք կրիտիկական իրավիճակ, որպեսզի դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների և համաներմամբ բեռնաթափենք մեր քրեակատարողական հիմնարկները»,- ասել էր Բադասյանը։

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության,ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ  Արշակ Գասպարյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին օրերից  հրապարակային խորհուրդներ ու հորդորներ է հասցեագրում արդարադատության նախարարությանն ու քրեակատարողական ծառայությանը՝ ՔԿՀ-ները հիվանդությունից զերծ պահելու համար։

«Ռադիոլուրի» հետ զրույցում նա ընդգծեց, որ  բանտերը միշտ, բոլոր ժամանակներում, համաճարակների ու վարակների ամենառիսկային վայրերից  են, ուստի պետությունն այստեղ շտապ և հստակ քայեր պիտի իրականացնի։ Որոնք են այդ  քայլերը՝ ըստ Արշակ Գասպարյանի․«Ի սկզբանե պետք է իրականացվեր իզոլացիա, քրեակատարողական հիմնարկների դռները պետք է փակվեր արտաքին աշխարհի առջև՝ միաժամանակ պահպանելով արտաքին աշխարհի հետ շփվելու ազատազրկվածի իրավունքը։ Մենք պետք է ունենանք կարանտինային մասնաշենքեր։ Պետք է ունենանք այնպիսի առողջապահական համակարգ, որը չպիտի տարբերվի քաղաքացիական հիվանդանոցներից»։

Արշակ Գասպարյանի համոզմամբ՝ պետք է գնել թեստեր և հնարավորինս բոլոր ազատազրկվածներին ու աշխատակիցներին թեստավորել։ Ծայրահեղ դեպքում, թեստավորել բոլոր նրանց, ովքեր մարտի 1-ից առ այսօր ունեցել են երկարատև տեսակցություններ, այդ տեսակցությունների տրամադրման օրերի հերթափոխային ծառայողներին, նրանց, ովքեր պատիժ են կրում բաց տիպի ուղղիչ հիմնարկում,և մարտի 1-ից մինչև արտակարգ դրություն հաստատելը գտնվել են հիմնարկի սահմաններից դուրս, վերը նշված ժամանակահատվածում ունեցել են կարճաժամկետ մեկնումներ։

Ինչ վերաբերում է աշխատակիցներին, ինչպես Գասպարյանն է ձևակերպում, ամեն Աստծո օր, բոլորը՝ հիմնարկի պետից մինչև տեսուչ, պետք է ամեն օր աշխատանքի անցնեն ՔԿՀ-ի տված եզրակացության հիման վրա, առնվազն այն մասին, որ չկան կորոնավիրուսին հատուկ ախտանիշներ։

Արշակ Գասպարյանը նաև պնդում է՝  բոլոր աշխատակիցներն ու ազատազրկվածները պիտի ապահովված լինեն անհրաժեշտ հիգիենիկ բոլոր հարմարություններով։ Ինչպես նրա, այնպես Ավետիք Իշխանյանի առաջարկների և, առհասարակ, համավարակի դեմ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող քայլերի շուրջ «Ռադիլուրը» փորձեց  զրուցել ոլորտի պատասխանատուների հետ։ Ինչպես արդարադատության նախարարաության, այնպես էլ վերջինի ենթակայությամբ գործող քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատուները նշեցին՝ քայլերի մասին արդեն իրազեկել են տարածած հաղորդագրության մեջ։ Իսկ հաղորդագրությամբ վստահեցնում են՝ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ բոլոր միջոցառումները։

Back to top button