ԿարևորՏնտեսական

Տնտեսական աջակցության բոլոր ծրագրերի հայտերի ընդունումը սկսվել է

Կորոնավիրուսի տնտեսական ու սոցիալական հետևանքները մեղմացնելու  նպատակով կառավարությունն ինը փաթեթ է հաստատել։ Տնտեսական ուղղվածություն ունեցող ծրագրերն արդեն սկսվել են, սոցիալական փաթեթների շահառուների համար կարգերն են հստակեցվում։ Դրանք հիմնականում կսկսվեն ապրիլի 10-ից։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու ծրագրերի տնտեսական բաղադրիչներն արդեն գործում են։ Դրանք հիմնականում վարկային միջոցներ են՝ անտոկոս և արտոնյալ ժամկետներով։ Աջակցության փաթեթներում ներառված են հատկապես այն ոլորտները, որոնք այս պահին ամենաշատն են տուժում արտակարգ դրության պատճառով։ Վարկային միջոցները տրամադրվում են անկանխիկ, ֆինանսական կազմակերպությունն ինքն է որոշում տվյալ սուբյեկտին վարկավորել, թե՝ ոչ։ Ներդրումների աջակցման կենտրոնի վեբ կայքում՝ isc.am-ում «Դիմում» կոճակը սեղմելով պետք է լրացնել առցանց դիմումը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը հիշեցնում է, որ կազմակերպությունները պետք է 2019թ  24 մլն -500 մլն դրամ շրջանառություն ունենան  և քայլ առ քայլ ներկայացնում է դիմելու կարգը:

«Յուրաքանչյուր հայտատու կարողանում է մտնել ու առցանց լրացնել իր դիմումը։ Բոլոր դիմումներն ընդունվում են առցանց։ Ձեզ համար բացվում է մի պատուհան, որտեղ դուք սկսում եք լրացնել  պատադիր տեղեկությունները, որպեսզի կարողանանք դիտարկել ձեր հայտադիմումը։ Հիմնականում պարզ փաստաթղթեր են պահանջվում»։

Հայտատուի վարկային պատմությանը  ծանոթանալը պարտադիր է։ Որպեսզի տեղեկատվություն ստանալն ավելի մատչելի լինի,  հայցադիմումին  կցված է նաև լիազորագիր, որը լրացնելով շահառուն հնարավորություն է տալիս ներդրումների աջակցման կենտրոնին իր փոխարեն ստանալ տեղեկատվությունը։ Լիազորագիրը պարտադիր պետք է նաև էլեկտրոնային ստորագրություն ունենա։  Տվյալները կստացվեն մեկ շաբաթվա ընթացքում։

Մոտ 120 հայտ արդեն ստացվել է այս  գործիքի միջոցով՝ աջակցություն ստանալու համար։

Կառավարությունը կաջակցի  2-50 աշխատակից ունեցող այն ընկերություններին, որոնք այս օրերին պահպանել են իրենց աշխատողներին ու վճարել աշխատավարձերը։ Այս ընկերությունները կարող են կառավարությունից միանվագ դրամաշնորհներ ստանալ, որոնց  չափը կհաշվարկվի հատուկ բանաձևով։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան. «Յուրաքանչյուր 5-րդ աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձը վճարելու է կառավարությունը»։

Գյուղատնտեսության ոլորտում աջակցության ծրագրերը նոր չեն։ Ուղղություններն են ընդլայնվել ու  ռեսուրսներն են ավելացել. «Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողները կարող են  դիմել ու մինչև 1 մլն դրամ միկրովարկեր ստանալ։  Կարծում ենք, որ սա էապես կավելացնի ծավալները։ Առանձնահատուկ ծրագրեր ունենք գյուղատնտեսական կոոպերատիվների համար։ Կարծում ենք, որ այդ հնարավորությունը բավականաչափ պարզաբանելու ճանապարհ պետք է անցնի»:

Գյուղոլորտի աջակցության վարկային ծրագրերի վերաբերյալ այս օրերին հարյուրից ավելի զանգեր է ստացել էկոնոմիկայի նախարարությունը։ Փոխնախարար Արման Խոջոյանն անձամբ 20-ից ավելի զանգերի է պատասխանել։  Ամենահաճախ տրվող հարցը՝ ում դիմել աջակցության   համար։

«Մեր կողմից առաջարկվող ծրագրերը վարկային միջոցներ են, նաև՝ փոխհատուցում։ Եթե քաղաքացին ցանկանում է վարկ ստանալ, դիմում է ֆինանսական կառույցին, որն էլ հավանական վարկառուների  ցուցակը ներկայացնում է նախարարություն»։

Էկոնոմիկայի նախարարությունը  հավանական թեկանծուների համար  դասընթացներ է կազմակերպում, այս պահին՝ հեռավար, հավաստագիր տրամադրում։ Հենց այս հավաստագրով շահառուն դիմում է ֆինանսական կառույցին, որն էլ կատարում է վարկունակության գնահատում։ Ըստ այդ գնահատման էլ կորոշվի վարկը տրամադրե՞լ, թե՞ ոչ։ Նախարարությունն աշխատում է 11 առևտրային բանկի ու 7 ֆինանսական կազմակերպությունների հետ։ Գյուղոլորտի աջակցության ֆինասնական գործիքներից ամենատարածվածը  մինչև 1 մլն և 3-15 մլն դրամ վարկավորումն է։ Այս վարկատեսակը կարելի է օգտագործել սերմացու, գյուղտեխնիկա կամ անհրաժեշտ այլ միջոցներ ձեռքբերելու համար։

Կան նաև  փոխհատուցման ծրագրեր, երբ  գյուղացին  գումար ունի, սակայն նաեւ խթանման կարիք ունի։ Այստեղ էլ պարտադիր է հնգօրյա դասընթացներին մասնակցելը։     

«Ջերմոցային տնտեսությունների, ինետնսիվ այգիների տնկման, ոռոգման համակարգերի արդիականացման, տոհմային տնտեսությունների, խելացի անանսաշենքերի կառուցման համար փոխհատուցման մեխանիզմ է գործում։ Օրինակ, խելացի անանսաշենքերի կառուցման համար մենք գնահատում ենք, որ առաջին մոդելը 11 մլն դրամ արժի, մենք փոխհատուցում ենք 5,5 մլն դրամը»։

Տնտեսական ուղղվածություն ունեցող աջակցության  բոլոր ծրագրերի հայտերի ընդունումը սկսված է։  Ի տարբերություն աջակցության  տնտեսական ծրագրերի, սոցիալական ծրագրերի մեծ  մասի իրականացումը  դեռ չի սկսվել, որոշ ծրագրերի ընթացակարգերը դեռ հաստատվելու կարիք ունեն։ Հաստատվելուց հետո մանրամասնորեն կներկայացնենք, թե որ քաղաքացիները եւ ինչպես կարող են օգտվել սոցիալական ծրագրերից։ Դրանք հիմնականում կսկսվեն ապրիլի 10- ից։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close