ԿարևորՄտքերի խաչմերուկ

Պետք է հիմա լուծենք այն խնդիրները, որոնց համար ժամանակ չենք ունեցել

Աջակցություն բիզնեսին և խոցելի խմբերին. կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված կառավարության քայլերը ճիշտ են թիրախավորված, խնդիրը դրանց արդյունավետությունն է՝ ասում է «Արժեքների հեղափոխություն» հաղորդաշարի հեղինակ Վահե Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով՝ կառավարությունը փորձում է թիրախավորված, հասցեական աջակցել,  բայց տասնյակին մոտ  ծրագրեր իրականացնելը և կառավարելը  ռեսուրսներ  են պահանջում։  9 փաթեթի փոխարեն կողմնակից եմ 1 ընդհանուր փաթեթի՝ ասում է Հովհաննիսյանը։

Անդրադառնալով տնտեսական միջոցառումներին ՝  կարևորում է գյուղատնտեսությանն ուղղված փաթեթը․ «Այս պահին առավել, քան  երբևէ կարիք ունենք ոլորտին զարկ տալու։ Այն խնդիրները,  որոնց երկար ժամանակ ձեռքներս չի հասել, որոնց համար ժամանակ չենք ունեցել,  պետք է հենց հիմա լուծենք»։

Բիզնեսին ուղղված աջակցությունը, Հովհաննիսյանի կարծիքով, փոքր ու միջին ձեռնարկություններին կօգնի դիմակայել, բայց կարող է նաև անարդարության զգացում առաջացնել։ «Այն ընկերությունները, որոնք թիրախային խմբում են, կարծում են,  որ աջակցությունը անհամաչափ քիչ է, այն ընկերությունները, որոնք  այդ խմբում չեն,  մոտեցումն անարդար են համարում», -ասում է նա։

Իրավիճակն, ըստ Հովհաննիսյանի, այլ բան է ցույց տալիս․ այն ոլորտները, որոնք ունեն համախմբվածություն, իրենց խնդիրները տեղ են հասցնում, նրանց ձայնը ավելի լսելի է։ Ուստի՝ ընկերությունները պետք է ուղիներ փնտրեն ասոցիացիաներ կազմելու համար, որ կարողանան ավելի լսելի լինել։

Back to top button