ԿարևորՀասարակություն

Կորոնահումորը՝ կորոնավիրուսի դեմ

Գիշեր, երկուսն անց տասնհինգ րոպե․ հաղորդագրության ձայնից վեր եմ թռչում ու այդ ընթացքում ինչ ասես մտածում եմ․ «Ո՞վ է, ի՞նչ է պատահել․․․»։ Մինչ կկարդամ հաղորդագրությունը՝ մեկ առ մեկ հիշում եմ բոլոր բարեկամներիս, հարազատաներիս, ընկերներիս ու մտածում ամենավատի մասին։  Եվ ահա հաղորդագրությունը բացված է․«Հիգիենայի ու մեկուսացման կանոններին հետևող երկրները գրանցում են հաջողություններ։ Մենք ևս գրանցում ենք այս հաջողությունները ՝  կանոններին հետևելով։  Պարետ Տիգրան   Ավինյան»։

Արտակարգ դրության պայմաններում Տիգրան Ավինյանը դարձել է այն անձը, ումից պարբերաբար՝ օրվա տարբեր ժամերին,  հաղորդագրություններ ենք ստանում․ նրան այդ իրավունքը տրվել է։ Պարետին չի խանդում ոչ ոք, անգամ ամենախանդոտ ամուսինները՝ թեկուզ նրանից  հաղորդագրությունները ստացվեն կեսգիշերից հետո։

Զարմանալի ազգ ենք․ արտակարգ դրությունն ու մարդկությանը պատուհասած վարակը հուսահատեցնում ու վախեցնում են բոլորին, բայց մենք այս ընթացում չենք դադարում  կատակել,անգամ  երգեր ու բանաստեղծություններ նվիրել կորոնավիրուսին։

Իրավիճակին հումորով վերաբերվելը սկսվեց   գնումներից։ Բազում անեկդոտներ  ծնվեցին  հնդկաձավարի, շաքարավազի, ալյուրի ու պահածոյացված մթերքների  վերաբերյալ։ Բայց առաջին հորիզոնականում զուգարանի թուղթն էր, առիթը՝  ՏՄՊՊՀ  ղեկավար Գեղամ Գևորգյանի հայտարարությունը։

«Մի քաղաքացի միանգամից 108 հատ զուգարանի թուղթ է գնել»։

Երբ  փակվեցին ուսումնական հաստատություններն  ու սովորողներն անցան 
հեռավար ուսուցման, էլի մեմերի պակաս չզգացվեց։ Շատերի ննջասենյակը   դարձավ լսարան կամ դասարան,  ու սկսվեց իրական քաոսը։ Ներկա -բացակայից մինչև անկյուն կանգնեցնել, բայց՝ հեռավար։

Օրինակ, եթե աշակերտն անկարգ է, ուսուցիչը նրան  «Zoom»-ից  է հանում։ Բացակայող աշակերտը ոչ թե հիվանդ է , այլ գաղտնաբառն է մոռացել։  Սակայն  ամենաշատը հավանություն արժանացավ  այս զգուշացումը․«Սիրելի  երեխաներ, իմ անունից  խնդրեք  հայրիկներին, որ դասի ժամանակ վարտիքով  չլինեն»։ Իսկ կապանցի փոքրիկի տեսաուղերձը, որը համացանցի հիթ դարձավ,  հումորային չէր, անկեղծ դժգոհություն՝ ուղղված  ԿԳՄՍ  նախարարին։

Օնլայն  դասերից անցանք տեղաշարժման թերթիկին։  Երբ  հրապարակվեց  ձևաթղթի առաջին օրինակը,  հումորները ծնվեցին մեկը մյուսի հետևից։ Օրինակ՝ շատերը պատկերացրեցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տնից դուրս գալիս  ինչպես կլրացներ ձևաթուղթը։

Ելքի ժամը՝ ասենք 8,
Ելքի հասցեն՝ տնից համապատասխան,
Այցելության վայր՝  Նորքի Սուրբ վարակիչ,
Նպատակը՝ բարություն,
Վերադարձ՝ ասենք թե 8 անց տասը։

Օգտատերերը միանգամից պատկերացրեցին, թե ով ինչպես կլրացներ։ Եթե ԱԱԾ նախկին պետ  Արթուր Վանեցյանը  ձևաթուղթ լրացներ,  բոլոր վանդակներում կգրեր` «Չեմ պատասխանի այդ հարցին»։  Գործարար Սամվել Ալեքսանյանն իր ազգանվան դիմաց կգրեր․ «Ալեքսանյանը չի,  իրա օգնական Արմանն ա»։

Գագիկ Սուրենյանը ձևաթուղթը լրացրեց  Հայաստան մուտք գործող ցիկլոնի համար։

Ելքի հասցեն՝  Միջերկրական ծով,
Այցելության վայրը ՝ Դրախտային երկիր Հայաստան
Նպատակը՝ կորոնավիրուսի մաքրում,
Վերադարձի ժամը՝  մինչև չմաքրեմ վիրուսը։  

Այս ընթացքում գյումրեցի երաժիշտ  Արմեն Հովհաննիսյանը գտավ կորոնվիրուսի ակունքը․ հարցազրույցներից մեկում ասաց, որ համավարակը  կնոջ ձեռքի  գործ է, քանի որ ո՛չ ֆուտբոլ կա, ո՛չ լևի գնալ։

Իսկ մինչ աշխարհի գիտնականներն են գլուխ կոտրում վիրուսի պատվաստանյութը գտնելու համար,  աստղաբան Լուսյա Հովհաննիսյանը հայտարարեց․

«Դեղերը չեն օգնելու։ Էս վիճակից մենք դուրս կգանք մեր ուրախությամբ ու մեր կատակներով, մեր տաշի-տմբլով։ Ամեն մարդ թող իր տանը երաժշտություն դնի,  ու զգան իրար»։

Հոգեբանները նույնպես համոզված են, որ ծիծաղը սթրեսից ձերբազատվելու ամենաարդյունավետ միջոցն է։  Այն օգնում է դիմակայել նաև արտակարգ դրության անհարմարություններին։ Հոգեբան Իրինա Ծատուրյան.

«Ուրախությունը և ծիծաղը մենք պետք է կարողանանք լավ օգտագործել, քանի որ տխրող մարդը չի կարող լավ պայքարի ու մենամարտի»։

Այսօր  լրահոսում  գերակշռում են բացասական լուրերը։  Փորձեցինք  լարված  տրամադրությունն այսպես ցրել, բայց նաև տալ վերջին շրջանի ամենաշատ  հնչող խորհուրդը  «Մնացեք տանը»  ու հիշեցնել` պարետն էլ է ասում,  որ կորոնավիրուսից հետո կյանք կա։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close