ԿարևորՀասարակություն

Կիև-Երևան հնարավոր չարտերային չվերթի մասին

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այս պահին գործում է միայն Մինսկ–Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը։ Ապրիլի 5-ի և 12-ի չվերթների տոմսերն արդեն սպառվել են։ Ընկերության կայքի տոմսերի ամրագրման համակարգը տոմսերի առկայություն է ցույց տալիս ապրիլի 17-ի, 19-ի, 24-ի և 26-ի համար։

Դեսպանությունը կրկին զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, նաև այն իմաստով, որ ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Սահմանակետից Մինսկ հասնելը կարող է իրականացվել այդ պահին սահմանի բելառուսական կողմում առկա տրանսպորտով, նաև Բելառուսում բնակվող ծանոթների, ազգականների, ընկերների օգնությամբ։
Միաժամանակ, նշվում է, որ իրավիճակը փոխվում է ամեն օր․ ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, նաև բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքը, մտնողներին ուղարկել 14-օրյա պարտադիր կարանտինի, նույնիսկ եթե  Բելավիա ավիաընկերության գնված տոմս ունեք։

Դեսպանությունը տեղեկացնում է նաև, որ այս օրերին աշխատում են Կիև-Երևան չարտերային չվերթ կազմակերպելու ուղղությամբ։ Առայժմ բավարար քանակությամբ մեկնողներ և Հայաստանից Ուկրաինա եկողներ չկան, որպեսզի հստակեցվի դրա ժամկետը և առհասարակ հնարավորությունը։ Մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին խնդրվում է հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով հաշվառվել դեսպանության հյուպատոսական բաժնում։

«Պետք է նշել, որ առայժմ մենք #ՉԵՆՔ #ԿԱՐՈՂ երաշխավորել, որ նույնիսկ բավարար քանակի ուղևորներ հավաքվելու դեպքում թռիչքը պարտադիր կկայանա, քանի որ կարանտինային ռեժիմը շատ արագ է փոփոխվում։

Ցանկանում ենք նաև զգուշացնել, որ հնարավոր թռիչքի տոմսի արժեքը սահմանելու է ավիաընկերությունը, որը մասնավոր իրավաբանական անձ է»,- նշված է հաղորդագրությունում։

Back to top button