ԿարևորՀասարակություն

Ինչպես է նշելու Վիրահայոց թեմը Ծաղկազարդը

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Վիրահայոց թեմն իր հոգևոր ծիսակատարությունները և արարողությունները կիրականացնի փոփոխված ձևաչափով։ Այս կիրակի ծաղկազարդի տոնի խորհուրդը Վիրահայոց եկեղեցիներում կկատարվի փակ։ Հավատացյալները կարող են հետևել բարձրախոսների միջոցով՝ եկեղեցու մերձակա տարածքում, կամ տանը՝ ուղիղ հեռարձակմամբ: Այս մասին հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդը:

Այս կիրակի Ծաղկազարդի առթիվ վիրահայոց եկեղեցիներում մատուցվող տոնական սուրբ պատարագին հավատացյալները կհետևեն եկեցիների բակերում։ Երկրում հայտարարված արտակարգ դրության և համընդհանուր կարանտինի պայմաններում փակ տարածքներում երեք հոգուց ավելի մարդու ներկայությունն արգելվում է։ Հայկական եկեղեցիներում մինչև երեք հոգևորականների մասնակցությամբ կանցկացվեն արարողությունները։   

 «Այս կիրակի Ծաղկազարդին հորդորում ենք ժողովրդին դրսում պահպանել սոցիալական հեռավորություն, լսել սարկավագներին, քանի որ սա բխում է բոլորիս անվտանգությունից»,- ասում է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը՝ նշելով, որ Ծաղկազարդին ձիթենու ճյուղեր օրհնելու կարգը ևս չի խախտվելու։

«Եկեղեցում օրհնվելու են ճյուղերը։ Մարդիկ կարող են իրենց ճյուղերով գալ ինչպես այս կիրակի, այնպես ցանկացած այլ օր և քահանան կօրհնի դրանք»։

Ապաշխարությունը կանցկացվի եկեղեցիների բակերում, հաղորդության համար երեքական հոգի կարող է մտնել եկեղեցի։ Բացի այդ, Վիրահայոց թեմի առաջնորդը նշում է, որ նրանք, ովքեր չեն կարող գալ եկեղեցի, բայց հոգևոր սննդի կարիք ունեն, դա կարող են ստանալ․ հայ հոգևորականները սկսում են բոլոր թաղամասերով շրջել։

Արտակարգ դրության շրջանում, եթե իշխանությունները նոր կարգ չսահմանեն, այսպես կգործի հայ եկեղեցին նաև առաջիկա շաբաթներին։   

«Այս կիրակի Ծաղկազարդի տոնի, ինչպե նաև Ավագ շաբաթվա բոլոր օրերի խորհուրդները եւ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը նվիրված արարողությունները Վիրահայոց թեմում կկատարվեն եկեղեցիներում, փակ վիճակում»։

Վրաստանում համընդհանուր կարանտինի շրջանակներում պարետային ժամ է սահմանված։ Այդ պատճառով Ճրագալույցի պատարագը վաղ կսկսվի՝ շուտ ավարտելու համար։

Վրաց ուղղափառ եկեղեցում ևս զատկական տոներն են մոտենում։ Ծաղկազարդը եկող շաբաթ է՝  ապրիլի 12-ին, Զատիկը ապրիլի 19-ին: Իշխանությունները մտահոգված են, որ այդ օրերին  մարդկանց հոսքը եկեղեցիներ կարող է հանգեցնել վիրուսի լայնամասշտաբ տարածմանը։ Ի դեպ համաճարակաբանները Վրաստանում կորոնավիորւսի պիկը կանխատեսում են ամսվա վերջին։

Երկրի վարչապետը հավատացյալներին հորդորել է տանը աղոթել։

Back to top button